ՀՀ և ԼՂՀ տնտեսական մրցակցության պաշտպանության մարմինները կընդլայնեն համագործակցությունը
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատվիրակությունը, նախագահ Արտակ Շաբոյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով մեկնել է ԼՂՀ, որտեղ այսօր հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ:
Համաձայն նախորդ տարի կնքված համագործակցության հուշագրի՝ կողմերը գործակցում են ՀՀ-ում և ԼՂՀ-ում մրցակցության միջավայրին բարելավմանն ուղղված քայլեր իրականացնելու: Հանդիպումների առանցքային թեման առնչվել է հուշագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքին, մինչ այս կատարված միջոցառումների արդյունքներին, նաև հստակեցվել են հետագա անելիքները:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել մինչ այսօր ԼՂՀ-ում ՀՀ ՏՄՊՊՀ-ի կատարած աշխատանքները' ընդգծելով, որ դրանք արդյունավետ են: Արտակ Շաբոյանը անդրադարձել է տարվա ընթացքում կատարված աշխատանքներին, որոնք նպաստել են ԼՂՀ Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների բարձրացմանը:
Ապա տեղի է ունեցել Ա. Շաբոյանի հանդիպումը ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ' Հ.Ղահրամանյանի և հանձնաժողովի աշխատակազմի հետ: Հ.Ղահրամանյանը ընդգծել է, որ երկու հանձնաժողովների համագործակցությունն իսկապես բավականին արդյունավետ է, և իր գոհունակությունն է հայտնել ՏՄՊՊՀ-ի կողմից իրենց կառույցին ցուցաբերվող աջակցության հաամար:
Ա. Շաբոյանը ԼՂՀ հանձնաժողովի աշխատակիցներին է ներկայացրել մրցակցության օրենսդրության մեջ կատարված հիմնական փոփոխությունները, տարվա ընթացքում ՏՄՊՊՀ-ի կատարած հիմնական բացահայտումները և մրցակցության ոլորտում առկա հիմնախնդիրները:
Փորձի փոխանակման նպատակով ՀՀ ՏՄՊՊՀ փորձագետները 2011 թ. բազմաթիվ այցեր են կատարել ԼՂՀ և տեղի մասնագետների հետ կատարել են մի շարք համատեղ աշխատանքներ' ուղղված ապրանքային շուկաների ուսումնասիրությանը, գերիշխող դիրքի բացահայտմանը:
ՏՄՊՊՀ աշխատակիցներն աջակցել են գների մոնիտորինգի իրականացման մեխանիզմի ներդրմանը, ԼՂՀ հանձնաժողովի գործընկերների հետ միասին ստուգայցեր կատարել Ստեփանակերտի տարածքում գտնվող առևտրի կետեր, բացահայտել անբարեխիղճ մրցակցության մի շարք դեպքեր և դրանց արդյունքում հարուցել են վարչական վարույթներ:
ՀՀ ՏՄՊՊՀ մասնագետների մասնակցությամբ իրականացվել են մի շարք աշխատանքներ' ուղղված օրենսդրական ակտերի մշակմանն ու մրցակցային քաղաքականության բարելավմանն ընդհանրապես:
ԼՂՀ հանձնաժողովի մասնագետները մշտապես ներգրավված են եղել ՀՀ ՏՄՊՊՀ-ի և միջազգային տարբեր կառույցների կազմակերպած սեմինար-քննարկումներին, գործողումներին:
ՀՀ ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանի տեղեկացմամբ՝ մրցակցության մարմինների համագործակցությունը նախատեսվում է շարունակել և ընդլայնել նաև հաջորդ տարիներին: Մասնավորապես 2012թ.-ին նախատեսվում է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովում ստեղծել միջազգային տեղեկատվական համակարգերին մուտք ունեցող լրջագույն տեղեկության բազա, հիմնել մրցակցության ոլորտի վերաբերյալ գրադարան և բարձրացնել ԼՂՀ հանձնաժողովի տեխնիկական վերազինման մակարդակը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել