
Շինարարության ծավալը նվազել է շուրջ 14 %-ով
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017-ի հունվար-մարտին հանրապետությունում կատարաված շինարարության տվյալները։ Համաձայն այդ վիճակագրության՝ տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում կատարվել է ավելի քան 35 միլիարդ դրամի շինարարություն։
Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ՝ շինարարության ծավալը կրճատվել է շուրջ 14 %-ով։
Դեռևս ամենամեծ ծավալով շինարարությունը կատարվում է բնակչության միջոցներով, որը հունվար-մարտին կազմել է ընդհանուրի 22 %-ը։
Եթե կատարված շինարարությունը դիտարկենք ըստ ֆինանսավորման աղբյուրների, ապա շինարարական ծավալը, նախորդ տարվա հունվար-մարտի հետ համեմատած, աճել է համայնքային և օտարերկրյա ներդրողների միջոցներով կատարվածի դեպքում թեև համայնքային միջոցներով կատարվող շինարարությունը ընդհանուր ծավալում շատ քիչ տեղ է զբաղեցնում։
Ամենամեծ ծավալով նվազել է միջազգային վարկերով կատարված շինարարությունը. այն կրճատվել է ավելի քան 65 %-ով։
Եռամսյակային տվյալներով՝ ամենաշատ շինարարությունը կատարվել է մարտ ամսին, որին բաժին է հասել կատարված շինարարության կեսից ավելին։
Հանրապետությունում այդ ժամանակահատվածում կատարված շինարարության 50 %-ը կապված է եղել անշարժ գույքին, ապա երկրորդ հորիզոնականով՝ 12 %-ով կատարվել է տրանսպորտային շինարարությունը։
Նախորդ տարվա համեմատությամբ ամենամեծ ծավալով՝ 90 %-ով աճել է հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործմանն առնչվող շինարարությունը։ Իսկ ընդհանուր առմամբ աճել է կացության և հանրային սննդի, տեղեկատվության և կապի, անշարժ գույքի ոլորտների հետ կապված շինարարությունը։
Բնակելի շենքներ
2017-ի առաջին եռամսյակում շահագործման է հանձնվել 53 բնակելի շենք։ Այդ շենքներից 52-ը կառուցվել է բնակչության, իսկ մեկը՝ կազմակերպության միջոցներով։
Թեև կառուցված շենքների քանակը, նախորդ տարվա համեմատությամբ, աճել է 4 %-ով, սակայն դրանց մակերեսը փոքր է եղել ավելի քան 20 %-ով։
Ավելի շատ բնակելի շենք շահագործման է հանձնվել մարտ ամսին, որը կարելի է նաև պայմանավորել եղանակային բարենպաստ պայմաններով, որը թույլ է տվել ավարտին հասցնել շինարարական աշխատանքները։
Այդ շենքներից 50 %-ից ավելին շահագործման է հանձնվել Երևանում, որին հաջորդել է Արարատի մարզը, բայց այս անգամ արդեն կրկնակի քիչ քառակուսի մակերեսով։
Մեկնաբանել