
Վճարային քարտերով գործարքներն ավելացել են
2016 թվականին Հայաստանում վճարային քարտերով իրականացվել է 1 տրլն 381.8 մլրդ դրամի գործառնություն: Մասնավորապես, անկանխիկ վճարումների ծավալը 2015 թվականի համեմատ 29.6%-ով աճել և կազմել է 208.1 մլրդ դրամ: Այս մասին տեղեկանում ենք կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունից:
Նշված անկանխիկ գործառնությունների ծավալում ինտերնետ միջավայրում իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 84.6 մլրդ դրամ (այդ թվում` էլեկտրոնային առևտուր` 23.0 մլրդ դրամ, քարտից քարտ փոխանցումներ` 59.4 մլրդ դրամ):
Ընդ որում` քարտերով իրականացված անկանխիկ վճարումների (այդ թվում՝ ինտերնետ գործառնությունները) տեսակարար կշիռն ընդհանուր քարտային գործառնություններում 2015 թվականի համեմատ աճել է 3.3 տոկոսային կետով և կազմել 15.1%։
Նախորդ տարվա վերջի դրությամբ հաճախորդներին վճարային քարտեր են տրամադրել և սպասարկել ՀՀ տարածքում գործող 15 առևտրային բանկեր: Ընդ որում` բոլոր բանկերն էլ անդամակցում են «ԱրՔա» քարտերով վճարումների միասնական համակարգին: Շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակը կազմել է 1.5 մլն։
Շրջանառության մեջ գտնվող վճարային քարտերի քանակը
2007-2016 թթ.
Հիշեցնենք, որ 2016 թվականին ՀՀ բանկային համակարգում ակտիվների աճ է գրանցվել։
Մեկնաբանել