Համայնքներում ինչպես են ծախսվում պետական դոտացիաները
Արա Մարտիրոսյան
Համայնքներին տրվող պետական դոտացիաները, թերեւս, այն ոչ սակավաթիվ խայծերից են, որոնք դրդում են համայնքապետի պաշտոնին հավակնելուն։ Հատկապես գյուղական համայնքներում հազվադեպ չեն պետբյուջեից, այսինքն մեր բոլորի գրպանից տրվող գումարների փոշիացումը կամ պարզապես այն համայնքապետերի անձնական նպատակներին ծառայեցնելը։
Սակայն նախ որոշակի պատկերացում տանք, թե ինչպես եւ ինչ նպատակով են տրվում այդ դոտացիաները։ Ինչպես տեղեկացանք ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից, առաջին անգամ համայնքների բյուջեներին ֆինանսական հատկացումներ սկսեցին արվել 1998 թ.-ից։ Այդ ժամանակ հատկացված գումարը 3,7 մլրդ դրամ էր։ 2003թ.-ին համայնքներին հատկացվեց արդեն 9,1 մլրդ դրամ։ Գյուղական համայնքներին դոտացիա տրամադրելիս հիմք են ընդունվում հողի եւ գույքի հարկի վճարումները, բնակչության թիվը։ Այն տրամադրվում է «անհատույց եւ անվերադարձ՝ համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով»։
Բնականաբար, գլխավոր հարցն այն է, թե ով եւ ինչպես է վերահսկում հատկացվող գումարների արդյունավետ եւ նպատակային օգտագործումը։ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է համայնքի ավագանին։ Վերջինս իրավունք ունի ստուգել ցանկացած բյուջետային գործողություն, դրա արդյունավետությունը եւ որակը, համայնքապետից հաշվետվություն պահանջել կատարված ծախսերի վերաբերյալ։ Ավելին, ավագանին կարող է համայնքապետի ներկայացմամբ սահմանել դոտացիոն գումարների օգտագործման ուղղությունները։ Սակայն ինչպես հաճախ է պատահում հայաստանյան իրականության մեջ, օրենքն ու իրականությունը տարբեր բեւեռներում են հայտնվում։
Պետբյուջեից կատարվող հատկացումների ոչ նպատակային օգտագործման՝ Կոտայքի մարզի մի քանի գյուղերից ստացած տեղեկությունները ստուգելու նպատակով եղանք Զառ եւ Գառնի գյուղերում: Զառ գյուղի (522 բնակիչ ունի) համայնքապետ Մաթեւոս Մաթեւոսյանը նշեց, որ գյուղի այս տարվա բյուջեն շուրջ 7մլն. դրամ է կազմել, որից 1,9 մլն է պետական դոտացիան։ Նրա հավաստմամբ, նախորդ տարի բյուջեն եղել էր 13 մլն դրամ, որից 900 հազարն է եղել դոտացիան։ «Այդ բյուջեի 56 տոկոսը ես կատարեցի։ Մինչ այդ 18 տոկոսի կատարումը երանելի ցուցանիշ է համարվել։ Հավանաբար նաեւ այդ պատճառով 2003թ.-ին դոտացիան ավելացրին։ Երկու տարի է, ինչ պետական հատկացումները կանոնավոր ստանում ենք։ Նախկինում այդպես չէր»,-ասաց համայնքապետը։ Նա այն կարծքին է, որ նախկին համայնքապետն (այժմ հանգուցյալ) ու ավագանին ուռճացված բյուջե էին կազմել, որի կատարումն անհնար էր։ Անգամ այս տարվա բյուջեն կատարվում է 60 տոկոսով։
Մեզ հետաքրքրող հիմնական՝ «ինչպես է ծախսվել պետական դոտացիան» հարցին պատասխանելով, մեր զրուցակիցը հետեւյալ պարզաբանումը տվեց։ Նախկին համայնքապետ 36 ամիս աշխատելով՝ վճարել է համայնքապետարանի աշխատակիցների 10 ամսվա աշխատավարձը։ Մնացած 26 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմել է մոտ 2 մլն 400 հազար դրամ։ Համայնքապետի հավաստմամբ, իր աշխատած ժամանակահատվածում 6 ամսվա աշխատավարձ է վճարվել։ Էլեկտրաէներգիայի մեծ պարտքեր կային, ինչի պատճառով անջատվել էին խմելու ջրի պոմպերը, գյուղապետարանի, մշակույթի տան էներգամատակարարումը։ Դրանք վճարվել են։ Սակայն Մաթեւոս Մաթեւոսյանն իր դժգոհությունն է հայտնում օրենսդրության անկատարությունից. «Ինչո՞ւ ես պետք է փակեմ նախորդ համայնքապետի ժամանակ եւ մեղքով առաջացած աշխատավարձի, էլեկտրաէներգիայի, հեռախոսակապի պարտքերը, նախորդ գյուղապետի չվճարած աշխատավարձերից կենսաթոշակային հիմնադրամին չփոխանցված գումարը՝ 114 հազար դրամ»։ Բանն այն է, որ այս տարվա հունիս-սեպտեմբեր ամիսներին ՀՀ տնտեսական դատարանում քննվում էր Կոտայքի մարզի 7 գյուղերի, այդ թվում նաեւ Զառի ու Գառնիի համայնքապետերի դեմ մարզի դատախազության հայցը պետությանը պատճառված վնասների փոխհատուցման մասին (Աղքատության ընտանեկան նպաստի նշանակումների ժամանակ կեղծ տեղեկանքներ տալու համար)։ Չնայած չարաշահումները նույնպես բաժին են ընկել նախորդ գյուղապետին, այնուամենայնիվ Զառի գյուղապետը 281 հազար դրամը դարձյալ պետք է փոխանցի համայնքի բյուջեից։
Ավագանին ի՞նչ մասնակցություն է ունեցել վերոնշյալ գումարների ծախսմանը։ Ավագանին, ինչպես արդեն նշվեց, հաստատում է բյուջեն եւ իրավունք ունի հաշվետվություններ պահանջել կատարված ծախսերի համար։ Զառ գյուղում գյուղապետի եւ ավագանու ընտրությունները միեւնույն օրը չեն տեղի ունենում, որովհետեւ նախկին համայնքապետերից մեկը հրաժարական էր տվել եւ ժամկետները խախտվել են։ «Ավագանու ներկա անդամները մի քանի ամիս առաջ են ընտրվել եւ այս բյուջեից տեղյակ չեն։ Այն հաստատվել է նախորդ ավագանու կողմից։ Նոր բյուջեն արդեն կհաստատի նոր ավագանին։ Ընդհանրապես ավագանիների օրենքը թերի է։ Ավագանու անդամներ պետք է ընտրվեն գիտակ մարդիկ։ Նույնիսկ եթե համայնքապետն ընտրվի մեծ ազգության, թայֆաների շնորհիվ, ապա ավագանիները պետք է կարողանան աշխատեցնել նրան»,-նշեց պրն. Մաթեւոսյանը։
Գառնի գյուղում պատկերն այլ էր։ Նախ այն անհամեմատ ավելի մեծ գյուղ է, որտեղ բնակվում է շուրջ 8 հզ. մարդ, ապա տեղի գյուղապետն այս պաշտոնում էր արդեն 7 տարի։ Հետեւաբար նախկին համայնքապետին ինչ-ինչ մեղադրանքներ ներկայացնելու հնարավորությունը բացակայում էր։ Համայնքապետ Աշոտ Վարդանյանի հետ զրույցի ժամանակ վերջիս հայտնեց, որ գյուղին տրվող դոտացիան 2003թ.-ին կազմել է 20 մլն դրամ, իսկ բյուջեն ընդհանուր առմամբ կազմել է 31 մլն դրամ։ Բյուջեի գույքահարկից եւ հողի հարկից գոյացող մասը հավաքվել է 30 տոկոսով։ Դրա պատճառը համայնքապետը համարեց ջրի անկանոն մատակարարումը եւ որպես հետեւանք հողի հարկի վճարումների ցածր ցուցանիշը։ æրի խնդրի առկայությունը Գառնիի բարձրադիր հատվածում հետեւանք է այն բանի, որ ջրամղիչ պոմպի աշխատեցնելու հետեւանքով կուտակվել են պարտքեր։ Այդ պարտքերի չվճարման պատճառով էներգամատակարար ընկերության կողմից անջատվել է պոմպի սնուցումը։ Այստեղ ստեղծվել է մի տեսակ փակ շղթա, որի ելքը, ըստ համայնքապետի, ինքնահոս ջրագծի անցկացումն է։ Այդպիսի ջրագիծը նրա հավաստմամբ առաջիկա ամիսներին վերջնականապես պատրաստ կլինի։
Ինչ վերաբերում է կոնկրետ դոտացիային, ապա վերոնշյալ 20 մլն-ից 12-ն արդեն ստացել են։ Որքան էլ տարօրինակ է, չնայած բյուջեի հավաքման նման ցածր ցուցանիշին, դոտացիոն գումարները Գառնիի գյուղապետարանը կանոնավոր կերպով ստանում է։ Աշոտ Վարդանյանն այն համոզմանն է, որ դոտացիաների չափն ու հատկացումները կապված չեն հարկերի հավաքման հետ, մինչդեռ ինչպես նշվեց վերեւում, դրանք ուղղակիորեն պայմանավորված են մեկը մյուսով։ Ավելին, բացի այս տարվա հատկացումից գյուղին է տրվել նաեւ նախորդ տարիներին չտրված դոտացիաներից որոշ գումարներ։ Այդ գումարներով փակվել են աշխատավարձերի նախորդ տարիներին ունեցած պարտքերը։ Մշակույթի տան հոսանքն առայժմ անջատված է, բայց գյուղապետը վստահեցրեց, որ եկող տարվա բյուջեում այդ գումարը կնախատեսվի եւ գումարը կվճարվի։ 5 մլն դրամ է վճարվել ոռոգման ցանցի էլեկտրոշարժիչների ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց։ Եվս 6 մլն դրամի պարտքը դեռեւս փակված չէ։
Գումարների բաշխմանը, ըստ Աշոտ Վարդանյանի, համայնքի ավագանին մասնակցում է։ Ընդ որում, համայնքապետը նշեց, որ ավագանու բոլոր 10 անդամներն են տեղյակ լինում այդ գործընթացին։
Սակայն համայնքապետի հավաստիացումներին տրամագծորեն հակադրվում էին ավագանու մի քանի անդամների հաղորդած տեղեկությունները։ Մասնավորապես, Արամ Հայրապետյանը, ընդունելով իր մասնակցության փաստը բյուջեի քննարկմանը, հայտնեց, որ այն փաստորեն չի հաստատվել ավագանու կողմից։ Գուրգեն Խաչատրյանը հավելեց, որ նույն ձեւով չեն հաստատվել նաեւ նախորդ տարիների բյուջեները։ Նրանք տեղյակ էին հատկացված դոտացիայի չափից, բայց դարձյալ անտեղյակ դրա ծախսման ուղղություններից։ Ընդամենը հրավիրվել է ավագանու երեք նիստ, որտեղ ընդունված որոշումները չեն կատարվել։ Մասնավորապես որոշվել էր ավտոբուս հատկացնել գյուղի երեխաներին դպրոց տանելու եւ գյուղին շտապ օգնության մեքենա հատկացնելու մասին։ «7 տարի է, ինչ համայնքապետ է, թող մի անգամ ավագանու նիստում իր գործունեության արդյունքների մասին խոսի։ Շատ կցանկանայի, որ ինքն այստեղ լիներ եւ իր ներկայությամբ այս ամենի մասին խոսվեր»,-նշեց Գուրգեն Խաչատրյանը։
Ոչ նա, ոչ Արամ Հայրապետյանը, ոչ մեր զրույցին մասնակցող ավագանու մյուս անդամ Վահագն Ստեփանյանը տեղյակ չէին համայնքապետի դեմ մարզի դատախազության ներկայացրած քաղհայցի մասին՝ 431 հազար դրամ գանձելու պահանջով: «15 ընտանիքի սխալ տեղեկանք էինք տվել, որտեղ նրանց պատկանող անասուների գլխաքանակը պակաս էր նշվել։ Դա, իհարկե, դիտավորյալ չէր արվել։ Գյուղացին ինքն է դիմում գրում եւ տեղեկացնում սոցիալական ծառայություններին իր ունեցած անասունների գլխաքանակի մասին»,-ասաց համայնքապետն, ավելացնելով, որ այդ գումարն արդեն վճարվել է հարկերի հավաքումից առաջացած միջոցներից կամ այլ կերպ ասած՝ համայնքապետարանի բյուջեից։
Զառի եւ հատկապես Գառնիի օրինակը թերեւս հատկանշական է ցույց տալու համար, թե ինչպես են տնօրինվում պետության կողմից համայնքներին տրվող դոտացիաները, ինչպիսի մասնակցություն են ունենում ավագանիներն այդ հարցին։ Պատկերն անմխիթարական է։ Փաստորեն գործող օրենսդրական դաշտը համայնքապետերին լիարժեք հնարավորություններ է տալիս չեզոքացնելու ավագանուն եւ գումարները սեփական հայեցողությամբ ծախսելու։ Իսկ որ դրանք ծախսվում են ոչ նպատակային՝ վկայում է թեկուզ դատախազության կողմից հայտնաբերված պետությանը պատճառված վնասները ոչ միայն վերոնշյալ երկու, այլ մարզի մի շարք այլ գյուղերում։
Մեր հիշատակած երկու գյուղերի համայնքապետերը հավաստիացրին, որ դատարանով պահանջվող գումարները կամ վճարել են, կամ կվճարեն։ Սակայն անհասկանալի է մնում, թե ինչ միջոցների հաշվին են դրանք վճարվում։ Ցանկացած պարագայում ոչ չարաշահումը թույլ տված համայնքապետի անձնական գումարներից։ Այսինքն, գյուղապետը կարող է կատարել ցանկացած ծախս, որին ավագանին կարող է տեղյակ չլինել եւ վերահսկելու ոչ մի լծակ չունենալ, իսկ հայտնաբերելու դեպքում վնասը ծածկել դարձյալ պետական կամ համայնքային բյուջեների հաշվին։ Այստեղ օրենսդրական հրատապ փոփոխության անհրաժեշտություն է առաջանում, որը կհստակեցնի ավագանիների իրավասությունները եւ կսահմանի համայնքապետի անձնական պատասխանատվության սկզբունքն ու մեխանիզմները պետական միջոցների անարդյունավետ օգտագործման դեպքում։ Գուցե այս դեպքում համայնքապետի պաշտոնը պակաս գրավիչ դառնա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել