HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոս Անջելեսի հյուպատոսարանը կեղծել է լիազորագիրը

Ռուզան Մինասյան

Դերասան, նկարիչ, ռեժիսոր Աղվան Վիրաբյանն աշխատել է Ստեփանավանի, Ստեփանակերտի, Շուշիի, Ղափանի, Արտաշատի թատրոններում: 

 Ամուսնացել է Ղափանի թատրոնի դերասանուհի Արծվիկ Աղավելյանի հետ: Վերջինս, սակայն, տառապում էր պարկինսոն հիվանդությամբ: Հարկադրված` ամուսինները տեղափոխվում են Լոս-Անջելես, որտեղ 1995թ-ից բնակվում է նրանց ավագ դուստրը: Մինչ Լոս Անջելես մեկնելը Ա. Վիրաբյանն ապրում էր Երեւանի Թոթովենցի փողոցի 10/1 շենքի թիվ 10 բնակարանում: «Որոշ ժամանակ անց Լոս Անջելես եկավ նաեւ երեւանաբնակ դուստրս` Գոհարը: Ավելի ուշ` 2000թ. սեպտեմբերին այնտեղ հայտնվեց նաեւ Գոհարի դուստրը` Նոնան: Վերջինիս անակնկալ այցը Գոհարն ինձ բացատրեց նրանով, որ Նոնայի ԱՄՆ մշտական բնակության տեղափոխվելու համար անհրաժեշտ է իմ համաձայնությունը, քանի որ հայրը չկա», -պատմում է Աղվան Վիրաբյանը: 

 Նրանք գնում են Լոս Անջելեսի ՀՀ գլխավոր հյուպատոսություն` նոտարական կարգով համաձայնությունը վավերացնելու: 

 «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի համաձայն ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները եւ հյուպատոսական հիմնարկները նոտարական գործողությունները կատարում են նոտարիատի մասին օրենքով, այդ կապակցությամբ ընդունված այլ ակտերով: Ինչ է հաստատել Միացյալ Նահանգների Լոս Անջելեսի հյուպատոսության առաջին քարտուղար` Նորայր Ղալումյանը: Մի լիազորագիր, որով իբր Աղվան Վիրաբյանը լիազորել է իր թոռնուհու Նոնա Հովհաննիսյան-Գրբոյանի ամուսնուն` Նազարեթ Գրբոյանին կնքելու Երեւանի Թոթովենցի փողոցի 10/1 շենքի թիվ 10 բնակարանի նվիրատվության պայմանագիրը: Ինչ էր տեղի ունեցել հյուպատոսարանում, երբ Վիրաբյանենք գնացին «թոռնուհուն ԱՄՆ մշտական բնակության տեղափոխվելու» համաձայնությունը տալու: Պատմում է Աղվան Վիրաբյանը. «Ես առերես չհանդիպեցի նոտարական գործողությունը ձեւակերպող եւ վավերացնող անձին: Գոհարը պատճառաբանեց, որ նա տեղում կլինի հաջորդ օրը եւ որպեսզի հաջորդ օրը ես ստիպված չլինեմ հասնելու հյուպատոսություն, առաջարկեց ինձ ստորագրել մաքուր թղթի վրա (ընդծումը մերն է), որի վրա առանց իմ ներկայության, հաջորդ օրը կձեւակերպվի եւ կվավերացվի համաձայնությունը: Հավատացի եւ ստորագրեցի նրա ցույց տված տեղում: Իսկ երբ 2001թ. մայիսին վերադարձա Երեւան, պարզվեց, որ իմ ստորագրած մաքուր թղթի վրա ձեւակերպվել է լիազորագիր...»: 

 Երբ վիճահարույց խնդիրը դարձավ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Գայանե Կարախանյանի վարույթի գործ, դատավորը դիմեց ԱԳՆ Հյուպատոսական վարչությանը: 2002թ հուլիսի 18-ին 1/ 5022 գրությամբ դատարանին պատասխանեց վերոհիշյալ վարչության պետի պաշտոնակատար Ա. Եգանյանը. «Հայտնում ենք, որ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախկին աշխատակից Նորայր Ղալումյանը 13.05.2003թ. ազատվել է ՀՀ արտգործնախարարության համակարգից եւ այժմ գտնվում է ԱՄՆ- ում: Միաժամանակ ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունը իր պատրաստակամությունն է հայտնում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության միջոցով նշյալ քաղաքացիական գործով Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ անհրաժեշտ գրավոր բացատրություններ վերցնել Նորայր Ղալումյանից եւ դրանք փոխանցել դատարան»: 

 Հյուպատոսությունը խոսքի տերն է լինում եւ մոտավորապես «նախաքննություն» իրականացնելիս ձեռք բերում այսպիսի «տեղեկություններ»: «Համաձայն Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկությունների 2000թ. սեպտեմբերի 27- ին ՀՀ գլխավոր հյուպատոսություն է եկել քաղաքացի Աղվան Վիրաբյանն իր դստեր` Գոհար Վիրաբյանի եւ թոռան` Նոնա Հովհաննիսյանի հետ եւ անձամբ ստորագրել լիազորագիրը, որով լիազորում էր Նազարեթ Գրբոյանին Երեւանում գտնվող իր բնակարանը Նոնա Հովհաննիսյանին նվիրելու համար: Հայտնում ենք նաեւ, որ գլխավոր հյուպատոսության գրառման մատյանում չկա ոչ մի ստորագրություն, որի պատճենը պահանջվում է, քանի, որ ընդհանրապես քաղաքացիներից ընդունելության ժամերին փաստաթղթեր ստանալու եւ հանձնելու ժամանակ հնարավոր չէ նոտարական որեւէ գրանցում կատարել մատյանում եւ համապատասխանաբար ստորագրել տալ քաղաքացուն: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վստահեցնում է, որ վիճահարույց ստորագրությամբ լիազորագիրը ստորագրել է քաղաքացի Վիրաբյանը հյուպատոսության աշխատակցի ներկայությամբ եւ որպես այդ ամենի ապացույց ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացել է Աղվան Վիրաբյանի դստեր` Գոհար Վիրաբյանի բացատրագիրը վերոհիշյալ հարցերի առնչությամբ, որի պատճենը փոխանցում ենք Ձեզ»: Գոհար Վիրաբյանը գրել էր. «Վկայում եմ, որ այդ լիազորագիրը ստորագրել է իմ հայրը` հյուպատոսությունում, հյուպատոսության աշխատակցի ներկայությամբ»:

Ստորագրությունը կեղծված է 

 Երեւանի դատական փորձաքննությունների ինստիտուտի մասնագետներին Ա. Վիրաբյանն է տվել, Կենտրոնի դատարանի քննության արդյունքում, հետեւյալ հարցը. Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության առաջին քարտուղար Նորայր Ղալումյանի կողմից 2001թ. մայիսի 31-ին հաստատված լիազորագրում «անուն, հայրանուն, ազգանուն» տողագծի վրա ում ձեռագրով է գրառում կատարվել Գոհար Աղվանի Վիրաբյանի՞, թե՞ ... հանգուցյալ կնոջ, մոր Արծվիկ Մակարի Վիրաբյանի: Թե՞ մի այլ անձի կողմից: 

Նկարում` Աղվան Վիրաբյանի եւ նրա կնոջ` Արծվիկի կեղծված ստորագրությունները Լոս Անջելեսի հյուպատոսարանում հաստատված լիազորագրում 

Ըստ մասնագետ Ա. Հարությունյանի 0/62 գրության եւ հետազոտության արդյունքների (16 սեպտեմբերի 2003թ.) հետազոտման ենթակա «Արծվիկ Մակարի Վիրաբյան»-ի անունից Նազարեթ Գրբոյանին տրված լիազորագրում, համեմատել են Արծվիկ Վիրաբյանի եւ Գոհար Վիրաբյանի ձեռագրերի նմուշները: «Հետազոտելի ստորագրությունը Արծվիկ Վիրաբյանի ստորագրության նմուշների հետ համեմատելիս պարզվեց, որ դրանք համընկնում են որոշ ընդհանուր հատկանիշներով, սակայն տարբերվում են շարժումների համադասությամբ: Նշումներով՝ շարժման համադասությունն ավելի խորն է, բնական, քան՝ նշումներում: Նշումներում տառերի էլեմենտներն կատարված են մանր, գալարուն շարժումներով, իսկ հետազոտելիում՝ դրանք ավելի խոշոր են, ավելի նման են անկյունավոր շարժումների, քան գալարունի, նկատելի են անհիմն կանգառներ, էլեմենտների անբնական անջատ կատարումներ»: 

Հետեւաբար, մասնագետը եզրակացնում է. «Արծվիկ Մակարի Վիրաբյան» ձեռագիր գրառումը, որը տեղավորված է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության առաջին քարտուղար Նորայր Ղալումյանի կողմից 2001թ. մայիսի 31-ին հաստատված (2001թ. մայիսի 30-ին լրացված) լիազորագրում «անուն, հայրանուն, ազգանուն» տողագծի վրա կատարված է Գոհար Աղվանի Վիրաբյանի կողմից: «Արծվիկ Մակարի Վիրաբյան» ստորագրությունն էլ կատարված չէ Արծվիկ Վիրաբյանի կողմից, այլ «կատարված է մեկ այլ անձի կողմից՝ նրա ստորագրությանը նմանեցնելով»: «16.09.03 թ մենք հարցում ենք արել ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչություն, որով պահանջել ենք 2001թ. մայիսի 31-ին Արծվիկ Վիրաբյանի անվամբ կազմված լիազորագրի պատճենը եւ սեղանամատյանում 2733 համարի գրանցման պատճենը Արծվիկ Վիրաբյանի ստորագրությունը ստուգելու համար: Մինչ այսօր պատասղան չկա»,- ասում է Ա.Վիարբյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Օհանյանը:

«Նվիրատվության պայմանագրի» ստվերը 

 Եթե 2000թ. սեպտեմբերի 27- ին հյուպատոսության աշխատակցի ներկայությամբ Աղվան Վիրաբյանը լիազորագիր է ստորագրել, ապա ինչպես է, որ վիճելի լիազորագիրը Նորայր Ղալումյանի կողմից հաստատվել է, ոչ թե նույն օրը՝ սեպտեմբերի 27-ին, այլ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին: Ինչու՞ է հյուպատոսությունը սեղանամատյանի (գրառման մատյանի) «Ստորագրություն նոտարական կարգով ձեւակերպած փաստաթուղթը ստանալու մասին» սյունակում, որտեղ օրենքով պարտադիր պետք է ստորագրի նոտարական գործողություն կատարելու համար դիմած անձը՝ բացակայում է Աղվան Վիրաբյանի ստորագրությունը:

 Սեղանամատյանում գրանցված նոտարական գործողության հերթական համարը ցույց է տրվում նոտարի կոմից տրվող փաստաթղթում, վավերացման մակագրությունում, իսկ գրանցման մատյանի թիվ 7 սյունակում՝ ստորագրում է նոտարական գործողություն կատարելու համար դիմած անձը: Ըստ այդմ, սխալված չենք լինի պնդելու, որ վիճելի լիազորագիրը Նորայր Ղալումյանը կազմել է առանց Աղվան Վիրաբյանի:Նման լիազորագիրը ստեղծելու հետեւանքը եղավ այն, որ Թոթովենցի 10/ 1 շենքի թիվ 10 բնակարանի «նվիրատվության» պայմանագիր «ձեւակերպվեց», այն էլ առանց համասեփականատիրոջ համաձայնության: Ու նվիրում են. Նոնա Հովհաննիսյանին ինչպես ձեւակերպված է «Աղվան Մարտիրոսի Վիրաբյանին պատկանող Երեւանի Թոթովենցի փողոցի 10/1 շենքի թիվ 10 բնակարանը»: Երբ Աղվան Վիրաբյանը դիմում է Երեւանի առաջին նոտարական գրասենյակ` խնդրելով «իրեն տրամադրել նվիրատվության պայմանագրով Նոնա Հովհաննիսյանին հատկացնելու գործարքում անհրաժեշտ համարվող, համասեփականատեր իմ կին՝ Արծվիկ Մակարի Վիրաբյանի կողմից ներկայացված լիազորագրի կամ համաձայնագրի կրկնօրինակը, եթե այդպիսին գոյություն ունեն պայմանագիրը կնքելու գործարքում» (13.05.03թ.), նոտար Է. Շաբոյանը պատասխանում է. «... նոտարական գրասենյակում 2000թ. տեղի ունեցած հրդեհի պատճառով նոտարական գործարքի վարույթը չի պահպանվել» (14.05.03թ.): Նման գրություն տվող նոտարը նույնիսկ չի պատկերացնում, որ 2000թ. հրդեհից չէր կարող ոչնչացվել 2001թ վարույթը:

 Ուշադրության արժանի է այն, որ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Նոր Նորք» տարածքային ստորաբաժանման կողմից Նազարեթ Գրբոյանին անշարժ գույքը կալանքի եւ արգելանքի տակ չլինելու մասին թիվ 317 տեղեկանքը (23.03.20012.) տրված է ներկայացնել Խորհրդայինի նոտարական գրասենյակ, իսկ գործարքը կատարվել է Կենտրոնի նոտարական գրասենյակում: Հավանաբար այդ գործարքը պատադիր պետք է կատարեր Է.Շաբոյանը: 

 Այստեղ էլ կա մի հարց, եթե անգամ վիճելի լիազորագիրը կազմված լիներ Աղվան Վիրաբյանի կողմից, ապա պարտադիր էր գույքի նվիրատվության վերաբերյալ Ա. Վիրաբյանի կնոջ՝ Արծվիկ Վիրաբյանի համաձայնությունը, քանի որ նա այդ գույքի նկատմամբ ուներ համատեղ իրավունք: ՀՀ քաղօրի 201 հոդվածի 1-ին կետի համաձայն ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերված գույքը նրանց համատեղ սեփականությունն է: Իսկ նրանք 1944-ից ամուսիններ էին:

 

 Վճռաբեկ դատարանի քաղաքացիական գործերով պալատի որոշման հիմքում դրվել է կնոջ՝ Արծվիկ Վիրաբյանի Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության առաջին քարտուղար Ն.Ղալումյանի կողմից հաստատված 30.05.2001թ. լիազորագիրն այն դեպքում, երբ բնակարանի նվիրատվության պայմանագրի նոտարական ձուակերպումը կատարվել է դրանից երկու ամիս առաջ՝ 2001թ. մարտի 27-ին: Հարկ է նշել, որ նշված լիազորագիրը կազմել էր Գոհար Վիրաբյանը 2001թ. մայիսի 30 -ին: Հյուպատոսության աշխատակցի կողմից հաստատվել է հաջորդ օրը՝ մայիսի 31-ին. «Կեղծվել է կնոջս՝ Արծվիկի ստորագրությունը, որը հաստատված է մասնագետի կողմից: Սակայն Վճռաբեկ դատարանը դա էլ չտեսավ» ասում է Ա. Վիրաբյանը, որը օրեր առաջ դիմել է Արդարադատության խորհրդին «ակնհայտ անարդար որոշում կայացնելու համար դատական կարգով քրեական պատասխանատվության ենթարկել» ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատի նախագահ Ա. Մկրտումյանին, դատավորներ` Ա. Հովհաննիսյանին, Հ. Գեւորգյանին, Ս. Գյուրջյանին եւ Վ. Աբելյանին: 

 Դիմումատուն պնդում է, որ իրեն զրկել են սեփականության իրավունքից: 

 Տեղեկացնենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանն այս տարվա հուլիսի 7-ին անվավեր էր ճանաչել Նազարեթ Գրբոյանին տրված եւ գլխավոր հյուպատոսությունում հաստատված լիազորագիրը: Միանգամայն տրամաբանական առարկությամբ. «Եթե 27.09.2000թ. Աղվան Վիրաբյանը Նազարեթ Գրբոյանին լիազորագիր է տվել բնակարանը Նոնա Հովհաննիսյանին նվիրելու վերաբերյալ, ապա ինչու է Արծվիկ Վիրաբյանը որպես համաեփականատեր 27.11.2001թ. լիազորագիր տվել ամուսնուն՝ Աղվան Վիրաբյանին կատարելու բնակարանի հետ կապված բոլոր գործողությունները, բացի վաճառքից: Պարզ երեւում է, որ Արծվիկ Վիրաբյանը որեւէ տեղեկություն չի ունեցել վիճելի լիազորագրից»: Մեկ դատավորից բաղկացած դատարանը նկատել էր այդ նուրբ հանգամանքը, որը չտեսավ հինգ հոգուց բաղկացած դատարանը. վիճելի լիազորագրում նեքեւից երրորդ տողում նշված է, որ հյուպատոսական գանձումը կատարված է, մինչդեռ Լոս-Անջելեսի գլխավոր հյուպատոս Վալերի Մկրտումյանը գրությամբ հայտնել է, որ հաշվի առնելով Աղվան Վիրաբյանի տարիքը եւ առողջական վիճակը, լիազորագիրը հաստատելու համար նրանից գանձում չի կատարել, որը նույնպես հրահանգի խախտում է: 

 Եվ վերջին սկանդալը, մինչ վիճելի լիազորագրի կնքումը Թոթովենցի փողոցի 10/1 շենքի 10 բնակարանը Ա.Վիրաբյանը կտակած է եղել թոռանը՝ Նոնա Հովհաննիսյանին: «Ի՞նչ անհրաժեշտություն կար կտակի առկայության պայմաններում տունը վերջինս նվիրելու լիազորագիր տալ եւ դեռ լիազորել նրան, ինչպես վիճելի լիազորագրում է նշված «...նաեւ զբաղվելու ինձ նշված հասցեից դուրս գրման հետ կապված բոլոր հարցերով»: Նման բան կարող էր իրեն թույլ տալ միայն խելացնոր մարդը , կամենալով իր միակ կացարանը նվիրել թեկուզեւ որեւէ հարազատի եւ իր կնոջ հետ փողոց նետվել»,- ասում է Ա.Վիրաբյանը: 

 Ինչպես ասում են. «դասական թակարդ» ստացվեց: Բայց որ՞ արժեքների հաշվին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter