HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Դատախազին տեղափոխելո՞վ են պատասխանատվության ենթարկում

Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանը մեղադրյալի կարգավիճակով հայտնվել էր դատարանում: Արդեն 7 տարի է՝ դպրոցի տնօրենը չի կատարում դատական մի քանի ատյաններով ամրագրված որոշումը՝ իր հրամանով ազատված ուսուցչուհուն չի վերականգնում իր նախկին աշխատանքում:

Եվ երբ, վերջապես, թվում էր՝ դատարանը պատասխանտվության կենթարկի օրինազանց տնօրենին, դատավարությունը անսպասելի ելք ունեցավ. դատարանը որոշում կայացրեց տնօրենի նկատմամբ քրեական գործը կարճելու մասին: Այս անգամ մեղավորը մինչդատավարական վարույթ իրականացնող մարմինն էր:

Քննիչը, ում վարույթում էր գտնվում դպրոցի տնօրենի վերաբերյալ քրգործը, դատավարությունից առաջ քրեական գործ էր հարուցել, ապա կարճ ժամանակ անց կարճել այն: Դրանից հետո դատարանը որոշում էր կայացրել պարտավորեցնել քրեական գործի վարույթն իրականացնող մարմնին վերացնել քննիչի նշված՝ քրեական գործը կարճելու մասին որոշումը:

Քննիչը, հսկող դատախազն ու Լոռու մարզի դատախազը դատարանի որոշումը չէին կատարել՝ կարճման որոշումը չէին վերացրել և դրա առկայությամբ գործն ուղարկել էին դատարան: Դատարանն էլ, կառչելով այդ հանգամանքից՝ գործում առկա չվերացված որոշումից, որոշում կայացրեց տնօրենի հանդեպ քրեական գործը կարճելու մասին:

Փաստորեն, քննիչի, հսկող դատախազի և մարզի դատախազի պատճառով դպրոցի տնօրենի դատավարությունը տապալվեց, և նա հերթական անգամ խույս տվեց օրենքից:

Այս կապակցությամբ «Հետքը» հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու՝ ինչպե՞ս են որակվելու քննիչի, հսկող դատախազի և մարզի դատախազի գործողությունները, օրենքով ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված տվյալ դեպքում:

Հիշեցնենք նաև՝ քննիչի, հսկող դատախազի և մարզի դատախազի փոխկապակցված գործողությունները.

Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Հովհաննես Փարսադանյանը՝ որպես վարույթ իրականացնող մարմին, պարտավոր էր ենթարկվել դատարանի որոշմանը՝ վերացնել քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը: Այնինչ այդ որոշումը չվերացված՝ վերսկսել էր միևնույն քրեական գործով վարույթ և նշված՝ չվերացված որոշման առկայությամբ կազմել ու հսկող դատախազի հաստատմանն էր ներկայացրել մեղադրական եզրակացություն:

Քրեական գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Սերժ Փիլոյանը՝ որպես վարույթ իրականացնող մարմին, պարտավոր էր կատարել դատարանի որոշումը՝ վերացնել քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը:

Այնինչ չի վերացրել այդ և քննիչի մյուս՝ այդ որոշման առկայությամբ քրեական գործով վարույթը վերսկսելու մասին որոշումները և հաստատելով այդ որոշումներով քննիչի ներկայացրած մեղադրական եզրակացությունը՝ այն ուղարկել է Լոռու մարզի դատախազին:

Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը իր կողմից չի վերացրել քննիչի՝ քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը, ապա այդ որոշման առկայությամբ՝ քննիչի մյուս՝ քրեական գործով վարույթը վերսկսելու մասին որոշումը, հաստատել է այդ որոշումներով իրեն ներկայացված մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան:

«Հետքի» հարցմանը ՀՀ գլխավոր դատախազությունից պատասխանել էին, թե ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով նշված գործի վերաբերյալ գլխավոր դատախազությունում կատարվում է ուսումնասիրություն: Գլխավոր դատախազության կողմից մարզի դատախազությունից պահանջվել են նշված քրեական գործով հսկողական վարույթը, անհրաժեշտ փաստաթղթեր՝ պարզելու իրավասու անձանց գործողությունների իրավաչափությունը:

«Հետքի» հարցմանը՝ ճի՞շտ է, որ հսկող դատախազ Սերժ Փիլոյանը տեղափոխվել է Լոռու մարզի դատախազությունից, եթե այո, ապա ի՞նչ հիմքով և ի՞նչ պաշտոնի, և արդյոք դա պատասխանատվության ենթարկելո՞ւ ձև է, թե՞ տեղափոխվելով հանդերձ՝ դատախազը դեռ պատասխանատվություն կկրի իր գործողությունների համար, ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետը որևէ պատասխան չէր տվել:

Փաստն այն է, որ նշված դեպքերից հետո նշված գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Սերժ Փիլոյանը Լոռու մարզի դատախազությունից տեղափոխվել է Արմավիրի մարզի դատախազություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter