HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Moody's»-ի գնահատականը պետք է անհանգստացնի կառավարությանը

«Հետքի» «Status» խորագրում այս անգամ թեման տնտեսական է: Ինչպես հայտնի է, ամերիկյան «Moody’s» հայտնի գործակալությունը փոփոխել է Հայաստանի վարկանիշը: Այս ընկերությունն իր բազմաթիվ վարկանիշային սանդղակների թվում հրապարակում է նաեւ տարբեր երկրների վարկանիշները՝ ըստ դրանց պարտքային պարտավորությունները կատարելու ցուցանիշների: Եթե Հայաստանը 2006-ից ի վեր ուներ Ba2 վարկանիշ՝ կայուն հեռանկարով, հիմա այն կրկին Ba2 է, սակայն արդեն բացասական հեռանկարով: Ասել է թե՝ հետագայում այն կարող է փոխվել դեպի վատը (գոյություն ունի 9 վարկանիշ՝ Aaa-ից մինչեւ C): Ba (5-րդն է) վարկանիշով բնութագրվում են այն երկրները, որտեղ պարտքային պարտավորություններին բնորոշ են սպեկուլյատիվ տարրեր, եւ առկա է շոշափելի վարկային ռիսկ: Վարկանիշի 2 ինդեքսը ցույց է տալիս, որ երկիրը տեղակայված է Ba խմբի միջին հատվածում:

Հատկանշական է, որ երբ այս ամռանը «Forbes»-ը Հայաստանի տնտեսությունը համարել էր աշխարհում երկրորդ վատագույնը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասել էր, թե ավելի վստահելի են «Fitch», «Moody’s» եւ «Standard & Poor’s» ընկերությունները՝ չբացառելով, որ դրանք էլ կարող են սխալվել:

Տիգրան Սարգսյան (ՀՀ վարչապետ)- Գիտեք, որ մենք երկու ռեյտինգային ընկերություններից ենք վարկանիշ ստանում: Մեկը «Moody’s»-ն է, մյուսը` «Fitch»-ը: Եթե «Fitch»-ն իր կանխատեսումները ապագայի նկատմամբ թողել է կայուն, ապա «Moody’s»-ը նշում է, որ համաշխարհային տնտեսության մեջ վերջին ամիսների ընթացքում կան լուրջ փոփոխություններ, մասնավորապես` հիմնական գործընկեր հանդիսացող Եվրամիությունում: Կանխատեսումները «Moody’s»-ի կողմից գնահատվել են բացասական, եւ գնահատվել է, որ Եվրամիության տնտեսության վիճակը էական ազդեցություն ունի մեր տնտեսության վրա, եւ այդ տեսանկյունից հայտնել են իրենց մտահոգությունները, որ եթե Եվրամիությունում լինի տնտեսական անկում, ապա այն իր բացասական ազդեցությունը կարող է թողնել մեր տնտեսության վրա: Դա նշանակում է, որ մենք ուշադրությամբ պետք է հետեւենք միջազգային գործառույթներին, տնտեսության զարգացմանը, եւ դա մեզ համար ունենալու է էական նշանակություն 2012 թ. համար:

Արմեն Մարտիրոսյան (ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցություն)- Կարծում եմ՝ շատ օբյեկտիվ եզրակացության է եկել «Moody’s»-ը: Իրենք նշել են, թե ինչ պատճառով է այդպես եղել. խոսքը արտաքին շուկաների եւ Հայաստանի ֆինանսական աղբյուրների մասին է: Մենք (նկատի ունի «Ժառանգությանը»- հեղ.) մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել ենք, որ, հաշվի առնելով մեր կառավարման համակարգի արդյունավետությունը եկամուտների առումով, իսկապես վտանգավոր սահմանագծի մոտ ենք հայտնվել: Կարծում եմ՝ կառավարությունը անհանգստանալու մեծ խնդիր ունի, որպեսզի կարողանա այդ գնահատականի տակից դուրս գալ:   

Ըստ Ձեզ՝ այս գնահատականը կազդի՞ հետագայում միջազգային կազմակերպություններից վարկեր վերցնելու վրա:

Կարծում եմ, որ կարող է ազդել, որովհետեւ վարկավորող կազմակերպություններն ու փորձագետները նայում են այդ գնահատականներին, ուստի հնարավոր է, որ որոշակի դժվարություններ ստեղծվեն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter