
Շ. Թորոսյանի կարծիքով` ՀՀ իշխանությունները պետք է ավելին անեն Ջավախքի համար
Ազգային-քաղաքական, կրթական տեսանկյունից 2011թ. Ջավախքի համար եղել է միայն բացթողումների տարի: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը: Ըստ նրա՝ մասնավորապես չլուծվեց Ջավախքում հայերենի դասաժամերի հարցը:
Վրացական իշխանությունները ցույց տվեցին, որ չեն պատրաստվում վերկանգնել այդ դասաժամերը, բացի այդ` նրանք սկսեցին խտրական վերաբերմունք դրսևորել հայրենասեր հայ մանկավարժների նկատմամբ: Այդ ամենի արդյունքում խեղվում է հայ երեխայի ազգային դիմագիծը:
Շ. Թորոսյանը նշեց, որ վրացական իշխանությունների շեշտված քաղաքականության արդյունքում հնարավոր է, որ շուտով Ջավախքի հայկական դպրոցները վերածվեն երկլեզու դպրոցների: Նրանք ամեն ինչ անում են, որ դասերի մի մասն անցնի հայրերենով, մյուսը` վրացերենով: Սակայն իրականում վրացերենի խնդիր ունեն թե հայ աշակերտները, թե ուսուցիչները: Շ. Թորոսյանի խոսքերով` կրթության ոլորտում տիրող այս իրավիճակն ակնհայտ նահանջ ու կորուստ է:
Շ. Թորոսյանը նշեց, որ որոշակի հաջողություններ են գրանցվել Ջավախքի սոցիալ-տնտեսական ոլորտում: Այս տարի ավարտվեցին Ջավախքի գլխավոր մայրուղու շինարական աշխատանքները, որը կապում է Ջավախքը Վրաստանի մայրաքաղաքի, ինչպես նաև Հայաստանի հետ: Շ. Թորոսյանը ձեռքբերում է համարում նաև որոշակի խոստումները, որոնք, սակայն, դեռևս կյանքի չեն կոչվել: Դրանցից առաջինը ՀՀ նախագահի Վրաստան կատարած վերջին այցի ժամանակ թափանցիկ սահմանների հետ կապված ձեռք բերված պայմանավորվածությունն է: Շ. Թորոսյանի կարծիքով` դա կնպաստի տարածաշրջանը մեկ տնտեսական միավորի վերածելուն: ՀՀ նախագահի այցը Վրաստան նա համարում է որոշակի առաջընթաց: Երկրորդ խոստումը` Սև ծովի վրայով Հայաստանը Աջարիային կապող ճանապարհի կառուցումն է:
Շ. Թորոսյանի խոսքերով` չնայած փորձը ցույց է տալիս, որ այդ խոստումները կյանքի չեն կոչվում կամ էլ դա կատարվում է մեծ դժվարությամբ, այնուամենայնիվ, ինքը լավատեսորեն է նայում այդ հարցերին:
Շ. Թորոսյանը հավելեց, որ Ջավախքում կան հիմնախնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն: Ակնհայտ է, որ Ջավախքում հայաթափություն է տեղի ունենում, իսկ դա ողբերգական ավարտ կարող է ունենալ Հայաստանի համար: Շ. Թորոսյանի խոսքերով` Ջավախքը ոչ միայն ջավախահայերինն է, այլ ամբողջ հայությանը: ՀՀ իշխանությունները պետք է ավելին անեն Ջավախքի համար, այն ինչ արվում է, դեռ բավարար չէ :
«Ջավախահայությունը իր հայրենի պետության շունչը պետք է անընդհատ իր թիկունքին զգա»,- հավելեց Շիրակ Թորոսյանը:
Մեկնաբանել