Մարզպետը «թյուր և հիասթափեցնող» դիտարկումներ է արել
Մի քանի հոդվածներով անդրադառնալով Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանի կողմից մի քանի դատական ատյաններով ամրագրված դատարանի որոշումը չկատարելու, այդ հիմքով նրա դեմ ԴԱՀԿ կատարողական վարույթ հարուցելու, իսկ արդեն վերջինիս չենթարկվելու համար քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվելու փաստերին՝ «Հետքը» փորձել էր ճշտել նաև Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի վերաբերմունքն օրինազանց և մեղադրյալի կարգավիճակում հայտնված տնօրենի վերաբերյալ:
Մարզպետը, սակայն, այն կարծիքն էր հայտնել, թե տնօրենը չի շրջանցել օրենքը, «ուղղակի մշտապես գտել է, որ ինքը ճիշտ է»:
Համաձայնելով հանդերձ, որ «տնօրենի մեղքով» (դատարանի որոշումը 2 տարի չկատարելու՝ նախկին ուսուցչուհուն հարկադիր պարապուրդի դիմաց չվճարելու հետևանքով) մոտ 2 միլիոն դրամի հասած գումարը հօգուտ ուսուցչուհու չպետք է բռնագանձվեր դպրոցի բյուջեից, մարզպետը, սակայն, անհնարին էր համարել նշված գումարը տնօրենից հետ գանձելու տարբերակը: Նշել էր, որ մարզի ղեկավարությունը չէր կարող նման մեխանիզմ կիրառել, որովհետև «դա կարող էր լավ չընդունվել նույն դպրոցի տնօրենի կողմից»:
Լոռու մարզպետի հրապարակված այս և մի քանի այլ դիտարկումներին արձագանքել է Վանաձորի թիվ 8 դպրոցի նախկին ուսուցչուհի Սուսաննա Սարգսյանը:
«Սույն թվականի ապրիլի 19-ին ինձ «պատիվ» էր ընձեռնվել, և գործի վերաբերյալ բացատրություն տալու էի հրավիրվել Լոռու մարզի դատախազի մոտ, իսկ դրանից մի քանի օր առաջ նաև Լոռու մարզի քննչական բաժնի պետի: Այդ ժամանակ ես դեռ ունակ էի զայրանալու ու զարմանալու այս պաշտոնյաների մասնագիտական անտեղյակության, ինչպես նաև իմ համբերության, սկզբունքայնության, կամքի և շատ այլ որակների վրա: Եթե նրանց հետ զրույցի ընթացքում, ներդնելով իմ մանկավարժական և նշված մյուս ունակություններս, ես, այնուամենայնիվ, հասա այն բանին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 353 հոդվածով, այն է` օրինական ուժի մեջ մտած վճիռը չկատարելու հիմքով Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրենի նկատմամբ մեղադրանք ներկայացրած նույն պաշտոնյաները «հանկարծ ընդունեցին և հասկացան», որ, փաստորեն, տնօրենը, ինձ իմ նախկին աշխատանքում չվերականգնելով, շարունակում է հանցագործություն կատարել, ինչը քրեորեն պատժելի արարք է, ապա «Հետքում» կարդալով Լոռու մարզպետ պարոն Քոչարյանի պատասխանները, այլևս հրաժարվում եմ զարմանալ:
Բանն այն է, որ ես չեմ կարողանում համատեղել Լոռու մարզպետ պարոն Քոչարյանի նկատմամբ ունեցած մեծագույն հարգանքս նրա` այսօրինակ թյուր և հիասթափեցնող դիտարկումների հետ: Ես ավելի քան համոզված եմ, որ պարոն Քոչարյանը շուրջ 7 տարի տևած և մոտավորապես 10-15 սմ փաստաթղթային բարձրություն ունեցող գործի մասին տեղեկացված է Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրեն Ստեփանյանի սուբյեկտիվ, իր շահերից բխող, օրենքի և իրականության հետ ոչ մի եզր չունեցող, միակողմանի ներկայացմամբ: Մասնավորապես, հարգելի պարոն Քոչարյանն ասում է, որ`
…Դատարանը վճիռ է կայացրել' ուսուցչուհու իրավունքները վերականգնելու և նյութական վնասը վերականգնելու մասին, որը կատարվել է: Բայց ուսուցչուհին պնդում է, որ հրամանը, որի համաձայն տնօրենն իրեն ազատել է, պիտի փոխել (հեռացման հրամանը՝ սեփական դիմումով ազատվելու մասին - հեղ.):
…Տնօրենն օրենքը չի շրջանցել: Ուղղակի նա մշտապես գտել է, որ ինքը ճիշտ է: Բայց դատարանի որոշումները կատարել է: Եթե չկատարեր, այդ պարագայում կա հարկադիր կատարման մարմին:
Ըստ դատական տարբեր ատյանների օրինական ուժ ստացած տասնյակ վճիռ-որոշումների` « ...Դատարանը վերականգնել է աշխատողին նախկին աշխատանքում, եթե համարել է նրան ազատելու մասին ակտն անհիմն, իսկ ըստ ՀՀ քաղ. օրենսգրքի 14 հոդվածի 2-րդ կետի, նույն հոդվածի 5-րդ կետի, կամ որ նույնն է` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 38 հոդվածի 2.2 կետի պահանջների` աշխատողին իր նախկին աշխատանքում վերականգնել, նշանակում է վերացնել նրան ազատելու մասին անհիմն ակտը... »: Եվ զարմանալու ոչինչ չկա, եթե ուսուցչուհին պահանջի իր աշխատանքային գրքույկում վերացնել իրեն աշխատանքից ազատող անօրինական հրամանը:
« …Դատարանը եզրակացնում է, որ սույն վարչական գործով պատասխանող Կարինե Ստեփանյանը դիտավորությամբ չի կատարել հարկադիր կատարողի 14.06.06թ. որոշումը` պարտավորեցնել պարտապան «ՀՀ Լոռու մարզի Վանաձոր թիվ 8 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրինությանը` կատարել կատարողական թերթի պահանջը և Սուսաննա Սարգսյանին հնգօրյա ժամկետում վերականգնել իր նախկին աշխատանքում: Ավելին՝ դատարանը գտնում է, որ պարտապանի պաշտոնատար անձ Կարինե Ստեփանյանը, յուրովի մեկնաբանելով վճիռը, կայացնելով մի շարք որոշումներ, փորձել է դիտավորյալ խուսափել հարկադիր կատարողի պարտավորեցման մասին 14.06.06թ. որոշման պահանջի կատարումից»,
« ...ԴԱՀԿ ծառայության Լոռու մարզային բաժնից ստացված նյութերի հիման վրա 23.03.2010թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 353 հոդվածի պահանջով հարուցվել է թիվ 19108510 քրեական գործը` պաշտոնատար անձ հանդիսացող «Վանաձորի թիվ 8 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարինե Արարատի Ստեփանյանի կողմից Սուսաննա Արամայիսի Սարգսյանին իր նախկին աշխատանքում վերականգնելու վերաբերյալ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի կողմից 26.04.2006թ. թիվ 2/155 վճռի պահանջը դիտավորությամբ չկատարելու վերաբերյալ», այսինքն՝ պատասխանելով պարոն մարզպետին՝ ԴԱՀԿ ծառայություն կա, բայց Ստեփանյանը չի կատարել նաև նրա որոշումը:
« ...Ըստ ՀՀ քաղ. դատ օրենսգրքի 14 հոդվածի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման ՀՀ ամբողջ տարածքում, իսկ ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 241 հոդվածի պահանջի` անօրինական կերպով արձակված կամ փոխադրված աշխատողին աշխատանքում վերականգնելու մասին աշխատանքային վեճեր քննող մարմնի ընդունած վճիռը կամ որոշումը ենթակա է անհապաղ կատարման...»՝ անկախ այն բանից, թե օրենքը խախտողի` այս դեպքում դպրոցի տնօրենի կողմից, մարզպետի խոսքով՝ դա «լավ կընդունվի՞», թե՞ ոչ: Իսկ պետական միջոցները փոշիացնող օրինազանց տնօրենին պատասխանատվության ենթարկելու միակ «մեխանիզմը» ղեկավարության՝ դատախազություն կամ դատարան դիմելն է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել