Կին սափրագլուխ չկա, իսկ տղամարդ` որքան ասես
Ազգային ժողովը քննարկում է կառավարության եւ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագիծը: Պատգամավորները օրենքի մակարդակով կարգավորում են կանանց եւ տղամարդկանց հավասարությունը` ընտանիքում, աշխատավայրում, քաղաքականության մեջ եւ այլ ոլորտներում:
Օրինակ` նախագծի 19-րդ հոդվածը սահմանում է, որ «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) եւ դրանց պաշտոնատար անձանց գործողությունները կամ անգործությունը, որոնք հանգեցրել են գենդերային խտրականության, կարող են բողոքարկվել վարչական կամ դատական կարգով»:
Օրենքը խախտելու համար մեղավոր անձինք օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով կրելու են կարգապահական, վարչական կամ քրեական պատասխանատվություն:
Պատգամավոր Գոհար Ենոքյանը ամբիոնից հայտարարեց, որ կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ շատ ցածր է: Օրինակ` Հայաստանում չկա ոչ մի կին մարզպետ եւ քաղաքապետ: Ունենք ընդամենը մեկ փոխմարզպետ: Իսկ 18 նախարարներից ընդամենը 2-ն են կին` սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Ամբիոնից օրենքի նախագծի վերաբերյալ արտահայտվելու նպատակով հերթագրվել էր նաեւ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: «Ձայնը տրվում է «Ժառանգություն» խմբակցության փայլող աստղ Արմեն Մարտիրոսյանին: Եկեք-եկեք, այսօր ձեր օրն է»,-այսպես ամբիոնի մոտ հրավիրեց Էդուարդ Շարմազանովը ընդդիմադիր պատգամավորին: «Իմ փայլն այնքան չէ, որքան ձերը, որովհետեւ իշխանությունները լավ փայլեցնում են»,-արձագանքեց Արմեն Մարտիրոսյանը: Ակնհայտ է, որ Էդուարդ Շարմազանովը փորձում է իր կատակներով նմանվել Հովիկ Աբրահամյանին:
«Ժառանգության» պատգամավորը դրական գնահատեց օրենքի նախագիծը եւ ասաց, որ կողմ է քվեարկելու նախագծին: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի ելույթի ժամանակ արական սեռի ներկայացուցիչ պատգամավորներն այնպիսի մի աղմուկ էին բարձրացրել դահլիճում, որ Էդուարդ Շարմազանովը ընդհատեց ելույթը: «Հարգելի պատգամավորներ, լինենք կնամեծար եւ լսենք Կարինե Աճեմյանին»:
Իսկ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը թվարկեց հայ կնոջ առավելությունները, որ կրթված են, գործունյա են եւ այլն: Ըստ պատգամավորի` կինը ոչ մի բանով չի զիջում խորհրդարանում նստած եւ ոչ մի տղամարդու: Լարիսա Ալավերդյանի խոսքերով`սափրագլուխ կանայք չկան, եւ բոլոր դեպքերում կանայք մտնում են դաշտ իրենց կարողություններով եւ գիտելիքներով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել