
669 միլիոն դրամ արժեքով տուն-թանգարանը կփոխանցվի «Ազնավուրը» հիմնադրամին
Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց որոշման մի նախագիծ, որով Անտառային փողոցի 11/4 հասցեում գտնվող, 669 միլիոն դրամ սկզբնական արժեքով Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը և դրա զբաղեցրած, օգտագործման, սպասարկման համար անհրաժեշտ 0.1 հեկտար հողամասը կնվիրաբերվի «Ազնավուրը» հիմնադրամին՝ բացառապես որպես Շառլ Ազնավուրի թանգարան և մշակութային կենտրոն օգտագործելու պայմանով:
Կառավարությանը ներկայացված փաստաթղթերում մանրամասնվում է, որ «Ազնավուրը» հիմնադրամը ստեղծվել է մշակութային և կրթական վայր հիմնելու, Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի գործունեությանն աջակցելու նպատակով։ Կառավարության և «Ազնավուրը» հիմնադրամի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի` կառավարությունը պարտավորվել է Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը փոխանցել հիմնադրամին։
Այս նվիրավտության որոշումը ներկայացվել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, ֆինանսների և արդարադատության նախարարություններին, նախագահի աշխատակազմին։ Վերջիններից առարկություններ չեն ստացվել։
Լուսանկարը՝ http://www.panoramio.com-ի
Մեկնաբանել