
ՀՅԴ պահանջով կառավարությունը հրաժարական կտա՞, թե՞ ոչ
Արմեն Ռուստամյանը արտահերթ կարգով ամբիոնից հնչեցրեց ՀՅԴ գրավոր հարցապնդումը Հայաստանի Հանրապետության կառավարության պատասխանատվության մասին: Պատգամավորը նշեց կառավարության հրաժարականի համար իրավական հիմքերը եւ բերեց մի շարք փաստարկներ:
Ըստ Արմեն Ռուստամյանի` 2011 թ. մայիսի 25-ին ՀՅԴ հարցապնդումը քննարկման ժամանակ պարզ է դարձրել, որ կառավարությունը, ստիպված լինելով ընդունել ԱԺ կողմից կառավարության ձեւավորման ժամանակ հաստատված ծրագրերային նպատակների եւ թիրախների չկատարումը, փորձել է դա բացատրել համաշխարհային ճգնաժամով եւ նախկինից ստացած ժառանգությամբ: Պատգամավորի ասելով` այդ քննարկումները ակնհայտ են դարձրել, որ կառավարության նման պատճառաբանությունները ծրագրային դրույթները չկատարելու վերաբերյալ, մեղմ ասած համոզիչ չեն:
«Փոխարենը համոզվեցինք, որ կառավարությունը, փաստորեն չի առաջնորդվում Ազգային ժողովի կողմից հաստատված ՀՀ կառավարության 2008-2012 թթ. գործունեության ծրագրով, հակառակ պարագայում չէր արձանագրվի կառավարության կողմից 2008 թ. եւ 2011 թ. տրված գնահատականների նրա մատնանշած խնդիրների եւ նպատադրումների միջեւ առկա աղաղակող անհամապատասխանությունը: Ավելին` կառավարության կողմից շարունակվող ոչ ադեկվատ գործողություններին առկա միջոցներն ու հնարավորությունները ճիշտ չօգտագործելու հետեւանքով օրեցօր ավելի ու ավելի անհասանելի են դառնում 2008 թ. նախանշած թիրախներն ու ակնկալած սոցիալ-տնտեսական ցուցանիշերը՝ էլ ավելի մեծացնելով ներկա կառավարության բացասական հաշվեկշիռը»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը:
Ըստ նրա` միայն 2009 թ., կառավարությունը Հայաստանի արտաքին պարտքն ավելացրել է շուրջ 1,4 մլրդ ԱՄՆ դոլարով, ինչը ոչ միայն ավելի էր, քան տնտեսական անկման բացարձակ ցուցանիշները, այլեւ Հայաստան կատարած փոխանցումների զուտ մուտքերի 2008 թ. նկատմամբ նվազումը գերազանցել է 4,3 անգամ: Ընդ որում՝ Հայաստանի արտաքին պարտքի 2010-2011 թթ. ավելացումների արդյունքում արդեն 2011 թ. ավարտին արտաքին պարտքը կազմելու է մոտ 3,8 մլրդ. դոլար: Պարտքի ներգրավման այս քաղաքականության արդյունքում աճեց արտաքին պարտքի միջին տոկոսադրուքը (2009 թ. 1 %-ը 2011 թ. դարձել է 1,9 %), նվազել է արտաքին վարկերի միջին ժամկետայնությունը, մեծացել է լողացող տոկսադրույքով վարկերի տեսակարար կշիռը (2009 թ. 27,8 %-ից 2014 թ. կազմելու է 39,5 %): Այսինքն՝ արտաքին պարտքի բեռի ավելացմանը զուգընթաց մեծացել է նաեւ արտաքին ազդեցություններից կախվածությունը:
Մյուս կողմից՝ թեև ճգնաժամի հաղթահարման նպատակով վերցված արտաքին վարկային ռեսուրսների միջին տոկոսադրույքը չի գերազանցել 2 %-ը, սակայն երկրի ներսում բանկային համակարգի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքները գերազանցում են նույն տնտեսության զարգացման համար ստացվող վարկային ռեսուրսների տոկոսադրույքները 7-12 անգամ:
Ըստ ՀՅԴ խմբակցության՝ կառավարության վարած սոցիալ-տնտեսական քաղաքականությունը իր բացասական ազդեցությունն է թողել նաեւ բնակչության կենսամակարդակի վրա: 34,1 % աղքատության մակարդակի պայմաններում նվազագույն աշխատավարձը 32.500 դրամ է, աշխատանքային միջին կենսաթոշակը` 28.396 դրամ (2012 թ. բյուջեի նախագծով նախատեսվում է այն դարձնել 31.255 դրամ), սոցիալական հիմնական կենսաթոշակը 10.500 դրամ (2012 թ. համար նախատեսվում է 13.000 դրամ), անապահովության ընտանեկան միջին նպաստը` 26.853 դրամ (2012 թ. նախատեսվում է այն դարձնել 29. 538 դրամ), երբ սպառողական նվազագույն զամբյուղը կամ սոցիալական նվազագույն ընդունելի մակարդակը 2011 թ. երկրորդ եռամսակի ավարտին կազմել է շուրջ 63.000 դրամ:
Կառավարության անունից խմբակցության հարցապնդմանը ամբիոնից պատասխանեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նա մատնանշեց մի շարք ծրագրեր, ոոնք հաջողությամբ իրականացվել են կառավարության կողմից:
«Պետք է նշել, որ հարցերը, որոնք բարձրացվել են «Դաշնակցություն» խմբակցության կողմից, նոր չեն, նրանք ըստ էության կրկնում են նախկինում հնչեցրած թեզերը: Ես պնդում եմ, որ կառավարությունը հետամուտ է եղել կոալիցիոն հուշագրով հանձն առած պարտավորություններին եւ քաղաքականությունն ուղղորդել է այդ ուղղությամբ»,- ասաց նախարարը:
Քանի որ դահլիճում շատ քիչ պատգամավորներ են նստած, եւ առավոտյան մի շարք օրինագծերի քվեարկությունը այդ պատճառաբանությամբ հետաձգվել է, Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե իրենց ներկայացրած հարցապնդումը նույնպես քվեարկվի վաղը:
ԱԺ կանոնակարգ օրենքով՝ քվեարկությունը պետք է տեղի ունենար այսօր, սակայն, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ասաց, որ բացառություն են անում եւ քվեարկությունը կտեղափոխեն վաղը: Ավելին՝ Սամվել Նիկոյանը խոստացավ ապահվել նաեւ քվորում:
Մեկնաբանել