«ՉԻ». աշխատավա՞րձ էլ էին ստանում
ԱԺ նախագահ Հովիկ Աբրամյանը հայտարարել է, թե արդեն իսկ հանձնարարել է անհարգելի բացակայած պատգամավորների աշխատավարձերից պահումներ կատարել:
«ՉԻ» - Մի կողմից լավ է, որ ոլորտում առողջ մրցակցություն կա, եւ պատգամավորներն ընտրության հնարավորություն ունեն: Նրանք կարող են ընտրություն կատարել փողով «բուլետեն» բերելու եւ աշխատավարձի մի մասից զրկվելու տարբերակների միջեւ:
Բայց մյուս կողմից էլ՝ ո՞վ է որոշելու, թե որ բացակայությունն է հարգելի եւ որը՝ ոչ: Օրինակ՝ ԱԺ աշխատանքները բոյկոտելը կամ արտասահմանյան կազինոներում խաղալը հարգելի՞ պատճառ է, թե՞ ոչ:
Բացի այդ էլ արդարացի կլիներ, եթե անպարտաճանաչ պատգամավորների աշխատավարձերից պահված գումարը բաժանվեր մյուսներին: Ի վերջո, մեր խորհրդարանի միակ փաստացի գործառույթը կոճակ սեղմելն է, իսկ բացակայողների փոխարեն կոճակ սեղմողներ միշտ էլ գտնվում են: Ուրեմն ինչո՞ւ հենց նրանց էլ չպարգեւատրել «պլանը գերակատարելու» համար:
Այսպես թե այնպես, անհարգելի բացակայող պատգամավորները հազիվ թե նկատեն, որ իրենց աշխատավարձը պակասել է: Նրանցից շատերը երեւի չգիտեն էլ, որ իրենց աշխատավարձ է «հասնում»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել