HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարավային Օսիայում նախագահական ընտրություններն անվավեր են ճանաչվել

Անգամ Ալլա Ջիոեւայի մրցակիցներից ոմանք ափսոսում են, որ վերջինիս հաղթանակը նախագահական ընտրություններում անվավեր է ճանաչվել:

Հարավային Օսիայում անվավեր ճանաչված նախագահական ընտրությունների ժամանակ առաջատար դիրք զբաղեցնող թեկնածուի`Ալլա Ջիոեւայի կողմնակիցները գրավել են Ցխինվալի կենտրոնական հրապարակը եւ շարունակում են պահանջել ճանաչել ընտրություններում նրա հաղթանակը:

Քվեարկության նախնական արդյունքներով`Ալլա Ջիոեւան հաղթել էր ընտրությունների երկրորդ փուլում`առաջ անցնելով Կրեմլի աջակցությունը վայելող մյուս նախագահական թեկնածուից`Անատոլի Բիբիլովից:

Հարավային Օսիայում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներն անհանգստացրին Մոսկվային, որը 2008-ի ռուս-վրացական կարճատեւ պատերազմից հետո ճանաչել էր երկրամասի անկախությունը եւ սկսել լուրջ ֆինանսական աջակցություն տրամադրել նրան:   

Նոյեմբերի 27-ին տեղի ունեցած ընտրությունների հաջորդ օրը Հարավային Օսիայի գերագույն դատարանն անվավեր ճանաչեց քվեարկության արդյունքները, իսկ 2 ժամ անց Խորհրդարանը հաստատեց նոր ընտրությունների օրը`հաջորդ տարվա մարտի 25-ը: Ջիոեւայի կողմնակիցները Ցխինվալում եւ ողջ Հարավային Օսիայի բնակչության մեծ մասը դեմ են նոր ընտրությունների անցկացմանը:

«Ի՞նչ ընտրություններ: Ոչ ոք քվեարկության չի գնա», - վանկարկում էին ցուցարարները, որոնցից ոմանք հետեւյալ բովանդակությամբ պաստառներ էին պահել.  «հարգեք ժողովրդի ընտրությունը» կամ «մենք մարդ ենք, հիմար չենք»: Մյուս պաստառներին պարզապես քվեարկության արդյունքներն էին զետեղված`մոտավորապես 16 500 ձայն Ջիոեւայի օգտին եւ 11 300 ձայն`Բիբիլովի:

Բիբիլովը վայելում էր Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի «Միացյալ Ռուսաստան» կուսակցության, ինչպես նաեւ արդեն նախկին նախագահ Էդուարդ Կոկոյտիի եւ նրա «Միասնություն» կուսակցության աջակցությունը:

Ընտրատեղամասերում ներկա գտնվող դիտորդները եւ Հարավային Օսիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ մի խախտում չեն արձանագրել թե´ նոյեմբերի 13-ին անցկացված ընտրությունների առաջին փուլի, թե´երկրորդ փուլի ժամանակ: Բիբիլովի նախընտրական շտաբը հայտարարեց, որ ընտրախախտումներ են տեղի ունեցել միայն այն ժամանակ, երբ պարզվեց, որ քվեարկության արդյունքներով նա հետ է մնում Ջիոեւայից:

Այնուհետեւ Կոկոյտիի «Միասնություն» կուսակցությունը Գերագույն դատարան հայց ներկայացրեց նոյեմբերի 28-ին`պնդելով, որ ընտրախախտումների համար պատասխանատվություն են կրում ե´ւ Ջիոեւայի ընտրական շտաբի ներկայացուցիչները, ե´ւ ընտրական հանձնաժողովը:

Մինչդեռ այդ պահին Հարավային Օսիայի կրթության նախկին նախարար Ալլա Ջիոեւայի կողմնակիցներն արդեն իսկ տոնում էին ընտրություններում նրա հաղթանակը: Ցխինվալում 2 000 մարդկանց մասնակցությամբ երթ կազմակերպվեց, որն իր մասշտաբներով հիշեցնում էր 1991-92թթ. անջատողական պատերազմի ժամանակ կազմակերպված երթերը:

«Ir» լրատվական կենտրոնի տնօրեն Իրինա Գագլոեւան ասաց IWPR-ին, որ իրադրությունը Ցխինվալի Թատերական հրապարակում, որտեղ անցկացվում է Ջիոեւայի կողմնակիցների բողոքի ցույցը, մոտենում է կրիտիկական կետին:

«Ես տեսնում եմ մարդկանց, ովքեր իրենց ձայնը տվել էին Բիբիլովին. նրանք այժմ այստեղ են: Նրանք կարծում են, որ եթե մեծամասնությունը կատարել է իր ընտրությունը, ապա այն պետք է հարգել: Բոլոր ցուցանիշներով մեր ընտրությունները ամենաբարձր մակարդակով են անցկացվել: Նրանք, ովքեր դժգոհ են արդյունքներից [Ջիոեւայի հաղթանակից], ամեն ինչ անում են, որպեսզի վարկաբեկեն ժողովրդին եւ նրա կատարած ընտրությունը», - ասում է նա:

Անգամ Բիբիլովի հայտնի աջակիցներից ոմանք հրապարակայնորեն հայտարարեցին, որ Գերագույն դատարանի որոշումն անօրինական են համարում: Մերաբ Չիգոեւը, որը նախագահական ընտրությունների առաջին փուլում իր թեկնածությունն էր առաջադրել, սակայն հետո հանել այն`որոշելով աջակցել Բիբիլովին, հայտարարել էր, որ տեղի ունեցած ընտրախախտումների մակարդակը բավարար չէր քվեարկության արդյունքները փոխելու համար:

«[Ընտրությունների] արդյունքները կործանարար են Բիբիլովի թիմի համար, որի մեջ ես էլ ներգրավվեցի: Չեմ հասկանում`ինչի հիման վրա է դատարանը նման որոշում կայացրել, սակայն իմ ունեցած տեղեկությունների համաձայն`այն նման խիստ որոշման համար հիմքեր չուներ: Նրանք պետք է երկաթբետոնի նման ամուր եւ հաստատուն ապացույցներ ունենային դրա համար: Արդյո՞ք դատարանն ուներ նման ապացույցներ: Խիստ կասկածում եմ», - ասում է նախագահի նախկին թեկնածուն:

Չիգոեւը Հարավային Օսիայի խորհրդարանի պատգամավոր է եւ նշում է, որ օրենսդրական մարմնի`նոր ընտրություններ նշանակելու վերաբերյալ որոշումը «հապճեպ» բնույթ էր կրում:

Չնայած հնչեցված քննադատությանը`Կոկոյտին եւ իշխանության այլ ներկայացուցիչները չեն պատրաստվում հետ կանգնել իրենց որոշումից: Նոյեմբերի 30-ին Կոկոյտին կոչ արեց ցուցարարներին դադարեցնել բողոքի ակցիան`խոստանալով, որ նրանք չեն ձերբակալվի եւ Ջիոեւայի կողմնակիցներից ոչ ոք չի տուժի: Սակայն ցուցարարներն անտեսեցին նրա հայտարարությունը:

Կոկոյտիի խորհրդական Կոստա Ձուգաեւի խոսքերով` ընտրությունները չեղյալ են հայտարարվել հենց Ջիոեւայի կողմից թույլ տրված խախտումների պատճառով, ուստի նա զրկվում է նախագահական ընտրություններում երկրորդ անգամ իր թեկնածությունն առաջադրելու իրավունքից։

Հարավային Օսիայի գերագույն դատարանի նախագահ Ացամազ Բիչենովը խոստացավ վերանայել դատարանի որոշումը դեկտեմբերի 5-ին, սակայն Ջիոեւան հրաժարվեց այդքան երկար սպասել:

Ստեղծված վիճահարույց իրադրությունը ստիպեց Կրեմլին ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Վինոկուրովին Ցխինվալ ուղարկել, որպեսզի վերջինս միջնորդի դեր ստանձնի, սակայն այդ քայլն առ այսօր որեւէ արդյունք չի տվել:   

Մինչ այդ, Հարավային Օսիայում նախագահական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու վերաբերյալ որոշման դեմ հանդես եկան նաեւ հասարակական գործիչներից շատերը:

Հարավային Օսիայի խորհրդարանի փոխխոսնակ Յուրի Ձիցոյտին հայտարարեց, որ ոչ ոք իրավունք չունի անվավեր ճանաչել ժողովրդի ընտրությունը: Ստեղծված իրադրությունից միակ ելքը, նրա կարծիքով, այն է, որ Գերագույն դատարանը բեկանի սեփական որոշումը:

«Կարծում եմ`դատարանում ողջ տեղի ունեցածն անօրինական էր. այն մտացածին էր: Նախքան ընտրությունների ավարտը գործող նախագահը ստիպեց ենթադրել, որ նա էր այս ամենը կազմակերպել, քանի որ հայտարարեց, որ մենք կին նախագահ չենք ունենալու: Ինչո՞ւ նա այդպես ասաց», - տարակուսում է Ձիցոյտին:

Զարինա Սանակոեւա, Կովկաս 

(Զարինա Սանակոեւան «Ազատություն» ռադիոկայանի լրագրող է)

Կովկասյան լրատու # 620, 2-ը դեկտեմբերի, 2011թ.   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter