HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում ապահովված չէ անվճարունակ խավի դատական պաշտպանությունը

Սոնա Մաշուրյան 

Հայաստանի կառավարությունը, վկայակոչելով Համաշխարհային բանկի հետազոտությունները, գտնում է, որ երկրի բնակչության առնվազն 46 տոկոսը պարզապես աղքատ է: Ժողովրդի այս հատվածը իրական հնարավորություն չունի իրականացնելու իր դատական պաշտպանությունը, ինչպես հռչակված է ՀՀ Սահմանադրությունում: «Պետտուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված տուրքերի չափերն անհասանելի են աղքատության սահմանից անդին գտնվող մարդկանց համար: Քաղաքացիները հնարավորություն չունեն նաեւ կյանքի կոչել իրավաբանական օգնություն ստանալու մասին իրենց սահմանադրական իրավունքը, քանի որ Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված չէ քաղաքացիական գործերով անվճար իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունը: Հայաստանում պետպաշտպանության կարգով իրավաբանական օգնությունից անձինք կարող են օգտվել միայն քրեական գործերով:

Դեռեւս 2000թ. հոկտեմբերի 25-ին Եվրախորհրդի նախարարների կոմիտեն հանձնարարական էր ընդունել փաստաբանների մասնագիտությամբ զբաղվելու ազատության վերաբերյալ: Անդամ պետություններին առաջարկվող սկզբունքներում, մասնավորապես, փաստաբանների մատչելիությունը բոլոր անձանց համար դրույթում նշվում է` փաստաբաններին պետք է խրախուսվի իրավաբանական օգնություն ցուցաբերել տնտեսապես ծանր վիճակում գտնվող անձանց: 

Ըստ ՀՀ փաստաբանների միության անդամ, փաստաբան Հայկ Ալումյանի, Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի արդարացի դատաքննության իրավունքն ամրագրող հոդվածի մեկնաբանություններով Եվրոպական դատարանը հանգել էր այն եզրակացության, որ անվճար իրավաբանական օգնությունը պետք է տրամադրվի ոչ միայն քրեական գործերով, այլ նաեւ այնպիսի քաղաքացիական գործերով, որոնք գործի բնույթից կամ հատուկ դատավարական ընթացակարգից ելնելով բարդ են սովորական քաղաքացու համար: 

Ըստ փաստաբանի, անվճարունակ քաղաքացիների դատական պաշտպանվածության իրավունքը շատ վատ է ապահովված: Պետտուրքի մասին օրենքը անվճարունակ քաղաքացուն պետտուրքի վճարումից ազատելու իրավունք չի տալիս դատարանին, կնշանակի դատարանն անմատչելի է այդ խավի համար: Անվճարունակ քաղաքացիները հնարավորություն չունեն նաեւ ստանալու իրավաբանական օգնություն, տեղյակ լինելու օրենսդրությունից` պաշտոնական տեղեկագրերը գների պատճառով անմատչելի են այդ խավին: Պրն. Ալումյանը գտնում է, որ քաղաքացիական գործերով պետպատվերով իրավանաբական օգնություն ցույց տալու ինստիտուտի ստեղծումը ռեալ դատական պաշտպանություն ապահովելու առումով անհրաժեշտություն է Հայաստանի համար, որտեղ փաստաբանի բնորոշմամբ, դատական պաշտպանության դիմելու հնարավորությունը ռեալ է միայն ունեւոր եւ միջին դասի համար: Սակայն փաստաբանը միաժամանակ գտնում է, որ պետք է վերանայվեն նման օգնություն ցուցաբերելու մեխանիզմները: 

Հայտնի է, որ քրեական գործերով պետպաշտպանությունը որակյալ չէ նախեւառաջ սակագնային սխալ մեխանիզմի պատճառով, օրենսդրությամբ փաստաբանի 1 ժամվա աշխատանքի դիմաց վարձավճարը հավասարեցված է դատախազի մեկ ժամվա վարձավճարին, մինչդեռ փաստաբանն ի տարբերություն դատախազի, ունի բազմաթիվ հավելյալ ծախսեր` տարածք վարձակալելու, գրասենյակային, տրանսպորտային ծախսեր` իր պաշտպանյալին քննչական մեկուսարան այցելելու համար, ինչը հնարավոր չէ լիարժեք հոգալ ցածր սակագների պատճառով: 

Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը գտնում է, որ շատ դեպքերում նաեւ վճարունակ մարդկանց վրա են անդրադառնում պետտուրքերի չափերը: Նա գտնում է, որ ճիշտ կլինի քաղաքացիական գործերով անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու ինստիտուտի ներդրումը եւ արդեն իսկ «Փաստաբանության եւ փաստաբանական գործունեության մասին» օրենքի նախագծում առաջարկվում է անվճար իրավաբանական օգնություն երկկողմանի ծնողազուրկ երեխաների, առաջին խմբի հաշմանդամների, զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամների համար: 

Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահ Ելիզավետա Դանիելյանը նշեց, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան Հայաստանում ուժի մեջ մտնելուց ի վեր, դատարանը աշխատում է բացառել անվճարունակության հաստատապես հայտնի հանգամանքների առկայությամբ գործերը դատարան չընդունելու դեպքերը: Պետտուրքի վճարումը տարժամկետելու որոշումների համար հիմք են ծառայում ինչպես անապահով քաղաքացիների՝ Աղքատության ընտանեկան նպաստի ծրագրում ընդգրկված լինելը, այնպես էլ ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկանքները, մասնավորապես, չաշխատելու, խնամքին անչափահաս երեխաների առկայությունը եւ այլն:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահ Ժորա Վարդանյանի կարծիքով քաղաքացիները զրկված չեն դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքից օգտվելու հնարավորությունից: Դատարանի նախագահը նշեց, որ եղել են դեպքեր, երբ դատավորները պետտուրքը չվճարելու պատճառաբանությամբ դիմումները ետ վերադարձնելու որոշումներ են կայացրել, սակայն ինքը` դատարանի նախագահը, այդ որոշումները վերացնում է` օրենսդրությունը թույլ է տալիս առանց պետտուրքի վճարման դիմել դատարան եւ այդ հարցին անդրադառնալ գործի քննության ժամանակ: Ընդ որում, նման որոշում կայացնելիս անվճարունակության հարց չի քննարկվում` անկախ նրանից քաղաքացին անվճարունակության թերթ է ներկայացնում, նպաստառու լինելու մասին տեղեկանք թե ընդհանրապես որեւէ նման փաստաթուղթ չի ներկայացնում: Քաղաքացին եթե հայցադիմում ներկայացնելու հետ մեկտեղ ներկայացնում է միջնորդություն՝ խնդրելով իր նյութական, ֆինանսական վիճակը նկատի ունենալով, պետտուրքի հարցին անդրադառնալ գործի քննության հետ միասին՝ այն բավարարվում է: Նշենք, որ առաջին ատյանի դատարաններում կատարած մեր հետազոտությունները նույնպես ցույց տվեցին, որ պետտուրքը չվճարելու պատճառաբանությամբ վերադարձված հայցադիմուներին քաղաքացիները հիմնականում պետտուրքից ազատելու միջնորդություն չէին կցել:

Պրն. Վարդանյանը մեր հարցին ի պատասխան նշեց, որ անհրաժեշտություն կա, որպեսզի նաեւ քաղաքացիական գործերով ներմուծվի պետպատվերի շրջանակներում իրավաբանական օգնություն ցուցաբերելու ինստիտուտը: Առավել եւս, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս դատավարության կողմերը, տվյալ դեպքում` քաղաքացիներն են կրում իրենց պահանջն ապացուցելու պարտավորությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter