HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղեկատվության այլընտրանքային աղբյուրն անհրաժեշտություն է

Սոնա Տրուզյան

Հայաստանում լրագրողական գործունեությամբ զբաղվելու համար կարեւոր նախապայման է առողջ նյարդային համակարգ ունենալը՝ չինովնիկների քմահաճույքներին եւ անտեղյակությանը դիմանալու համար։ Համենայնդեպս, սա է հուշում պաշտոնական աղբյուրներից տեղեկատվություն ստանալու «Երկիր» շաբաթաթերթի լրագրողների փորձը։ 

Գործընկերներիս հավաստմամբ, տեղեկատվություն ստանալու հարցում որեւէ դժվարություն չկա, եւ հաջողվում է պաշտոնապես տեղեկանալ նաեւ չինովնիկներին անհաճո գործընթացների մասին, եթե, իհարկե, այդ ամենի վերաբերյալ քո աղբյուրների կողմից ներքին կարգով տեղեկացված ես։ Մասնավորապես, կրթության եւ գիտության ոլորտների անցուդարձը լուսաբանող մեր լրագրողի՝ Լիլիթ Գալստյանի դիտարկմամբ, նշված ոլորտների պետական ատյանները լուրջ խոչընդոտներ չեն հարուցում եւ անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրում են հատկապես այն ժամանակ, երբ զգում են, որ լրագրողն արդեն ունի որոշակի տեղեկատվություն։ Այսինքն՝ արդյունավետ աշխատանքի գրավականը տարիների ընթացքում ձեւավորված ինֆորմացիոն աղբյուրների ցանցն է։ «Առանց լրատվության ներքին աղբյուրների աշխատանքն ուղղակի կկազմալուծվի»,- կարծում է նա։

Առաջ ընկնելով ասենք, որ այս նկատառումը հայտնեցին նաեւ մեր մյուս լրագրողները, բայց նորից դառնանք կրթության ոլորտին եւ արձանագրենք, որ Լիլիթի դիտարկմամբ, այդուամենայնիվ, լինում են դեպքեր, երբ տեղեկատվություն ստանալն ուղղակի դառնում է անհնար՝ չնայած համապատասխան ուսումնասիրություններն ամփոփող փաստաթղթերի առկայությանը ։ «Երբ կյանքի կոչվեց դպրոցների օպտիմալացման ծրագիրը՝ փորձեցի պարզել, թե ո՞ր մարզում, օրինակ, քանի՞ դպրոց է փակվել, սակայն այս հարցի պատասխանը կրթության նախարարությունից այդպես էլ ստանալ չհաջողվեց. վարչությունները միմյանց վրա էին գցում հարցին պատասխանելու պարտականությունը։ Ի վերջո, անհրաժեշտ տվյալները ձեռք բերեցի պաշտոնական տեղեկագրից, քանզի այդ ամենը արտացոլող ակտերը տպագրվել էին տեղեկագրում»,- պատմեց Լիլիթը։ Սակայն այսօրինակ դեպքերը մանր-մունր բաներ են թվում ապատեղեկատվության թիրախ դառնալու վտանգի համատեքստում, ինչից խուսափելու հարցում չի կարող օգնել նաեւ տեղեկատվությունը ամենապատասխանատու անձից՝ ընդհուպ նախարարից ճշտելու տարբերակը, եթե չասենք ճիշտ հակառակը։ «Չգիտեմ անտեղյակությունն է պատճառը, թե ոչ, բայց նախարարի մեկնաբանությունները ոչ թե օգնում են ինֆորմացիայի ճշգրտմանը, այլ ճիշտ հակառակը։ Կարող եմ ասել, որ հենց նրա մեղքով է, որ մեր մամուլում այսօր շատ են տպագրվում կրթության ոլորտին վերաբերող կեղծ տեղեկատվություններ։

Օրինակ, օրերս նա հայտարարեց, թե ԲՈՒՀ-ական համակարգի ռազմավարության ծրագրի նախագծում համակարգի օպտիմալացման մասին խոսք անգամ չկա, եւ սա այն դեպքում, երբ նշված նախագծում ոչ միայն նախատեսված է բուհերի օպտիմալացումը, այլ այդ հատվածն անգամ կարմիր տառերով է նշված»,- ավելացրեց Լիլիթը՝ արձանագրելով, որ այս ոլորտի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն ընթերցողին հասցնելու համար լրագրողը, փաստորեն, պարտադրված է անգամ նախարարի մեկնաբանությունները ստուգել։ Բայց, ինչպես ասում են, վատից վատն էլ կա. «Գիտությունների ազգային ակադեմիան, մասնավորապես նախագահությունը այն բացառիկ հաստատություններից է, որն իր աշխատաոճում, այդ թվում՝ մամուլի հետ, պահպանել է խիստ սովետական պահպանողական բարքերը։ Նախագահությունից ոչ միայն նորմալ տեղեկատվություն, այլ անգամ խնդրահարույց հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու փորձը հանգեցնում է աբսուրդի»,- արձանագրեց գործընկերս։ 

Հասարակության առավել լայն շերտերի շահերը շոշափող մյուս ոլորտը՝ սոցիալական ապահովության նախարարությունը, մեր լրագրողի՝ Նաիրա Պողոսյանի դիտարկմամբ, բավական թափանցիկ է աշխատում հատկապես ի շնորհիվ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հասմիկ Խաչատրյանի։ Բայցեւայնպես, որոշակի խոչընդոտներ հատկապես միջին օղակների կողմից հարուցվում են։

«Օրինակ, մանկատների թեմային անդրադառնալիս սոցապնախարարության համապատասխան բաժինն ուղղակի հրաժարվում էր տրամադրել անհրաժեշտ ինֆորմացիան, քանի դեռ փոխնախարար Աշոտ Եսայանը չմիջամտեց,- ասաց Նաիրան եւ ավելացրեց,- ընդհանրապես, պետք է ասեմ, որ ամենամեծ չինովնիկները դարձել են քարտուղարուհիները, որոնց հետ շփվելը ավելի դժվար է, քան նախարարների հետ։ Իմ փորձի հիման վրա կարող եմ ասել, որ տեղեկատվության ամենալավ աղբյուրը առաջին դեմքերն են. նրանցից ավելի հեշտ է ինֆորմացիա ստանալ կամ ճշտել քո ունեցածը, քան մանր չինովնիկներից, որոնք ընդամենը պրոբլեմներ են ստեղծում»։ 

 Նա դժգոհեց նաեւ ֆինանսների նախարարության լրատվական բաժնի գործելաոճից՝ նշելով, որ վերջինս արհեստական քաշքշուկներ է ստեղծում՝ պահանջելով անտեղի թղթատարություն: Օրինակ` «Ուսումնասիրելով ապահովագրական ընկերությունների գործունեությունը՝ ուզում էի նշված նախարարությունից ճշտել այդօրինակ ընկերությունների քանակը եւ լիցենզիայի տրամադրման կարգը: Պարզվեց, որ այս լրատվական ծառայությունը աշխատում է միայն գրավոր։ Մնում էր «բարեւելը» գրավոր ուզեին»։ Գործընկերոջս հաջորդ բողոքը վերաբերում էր բնապահպանության նախարարությանը, որտեղ հրաժարվել էին տրամադրել ժամկետանց դեղերի ոչնչացման վերաբերյալ ինֆորմացիա։

«Համապատասխան բաժնի պատասխանատուները միմյանց վրա էին բարդում տվյալները տրամադրելու պարտականությունը։ Ստիպված եղա նախազգուշացնել, որ չտրամադրելու դեպքում կտպագրեմ իմ ունեցած ինֆորմացիան, ինչից որոշ ժամանակ անց բնապահպանության նախարարության լրատվական բաժնի պատասխանատուն անձամբ խմբագրություն բերեց անհրաժեշտ տվյալներն արձանագրող հաշվետվությունները»,- պատմեց Նաիրան։ 

 Նշենք, որ այսօրինակ հնարքը տեղեկատվություն ստանալու մեթոդներից մեկն է, որը որոշ նախարարությունների պարագայում ստիպված ես լինում կյանքի կոչել։ Մանրամասնենք, շահումով խաղերի եւ խաղատների գործունեության ոլորտում մի շարք թերացումներ արձանագրող ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ուսումնասիրություններից հետո պետեկամուտների նախարարությունը ՀՀ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությանը հայտնել էր, թե օրինազանցներից երկուսին տուգանել են, իսկ մյուսներին՝ փակել։

Մինչ դատախազության տրամադրած տեղեկատվությունը հրապարակելը, բնականաբար, փորձեցինք պետեկամուտների նախարարությունից ճշտել, թե ի՞նչ է նշանակում «փակել» ասվածը, քանզի նման պատժատեսակ շահումով խաղերի եւ խաղատների մասին օրենքով նախատեսված չէ եւ ինչո՞ւ են ընդամենը 2-ին տուգանել, ո՞րն է նման տարբեր մոտեցումների դրսեւորման պատճառը։ Սակայն պետեկամուտների նախարարությունը խոստումներից բացի որեւէ պատասխան չտվեց, մինչեւ չհրապարակեցինք մեր ունեցած ինֆորմացիան՝ մեկնաբանություններով հանդերձ... Մեր լրագրողների դիտարկմամբ, անհամեմատ թափանցիկ են աշխատում օրենսդիր մարմինն ու մարզական կառույցները։ «Ռիսկ կանե՞ն ինֆորմացիա չտան»,- կեսկատակ նկատեց մարզական լրագրող Գագիկ Բեգլարյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter