Ֆինանսների նախարարն ընդունել է Միլսին
Փետրվարի 3-ին Ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում նախարար Վարդան Արամյանի և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի միջև: Քննարկվել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությանն առնչվող կարևոր հարցեր: Այս մասին հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:
Վարդան Արամյանն անդրադարձել է տնտեսական կայուն, ներառական աճի ապահովմանը, տեղական ներուժի զարգացմանն ու կատարելագործմանը, մասնագետների համապատասխան վերապատրաստմանը, ինչպես նաև գործող էլեկտրոնային համակարգերի շարունակական կատարելագործմանը: Նախարարի խոսքով՝ կառավարությունը գնում է կտրուկ բարեփոխումների, նպատակ ունենալով նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը:
Ռիչարդ Միլսը պատրաստակամություն է հայտնել աջակցելու նախարարության կողմից վերհանված առաջնահերթություններին ու բարեփոխումներին: «Դեսպանատունն արժևորում է ՀՀ ֆինանսների նախարարության հետ իր երկարամյա գործընկերությունը: Մենք նախարարությանը խրախուսում ենք շարունակել պետական գնումների գործընթացի բարելավմանն ուղղված ջանքերը և սատարում ենք նախարարության հանձնառությանը՝ ուղղված նոր հարկային օրենսգրքին առնչվող հարցերով մասնավոր հատվածի հետ աշխատելուն ու ներդրումների ավելացման խոչընդոտ հանդիսացող խնդիրների լուծմանը»,- նշել է Ռիչարդ Միլսը:
Նախարար Վարդան Արամյանը կարևորել է հասարակության հետ հաղորդակցման աստիճանի բարձրացումը՝ ընդգծելով, որ պետք է հաշվի առնել նաև վերջինիս կարծիքը նոր ընդունվող օրենքների վերաբերյալ, փորձել գնալ համագործակցության ճանապարհով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել