«Արմօյլ» ընկերության խնդիրները՝ նախարարության ուշադրության կենտրոնում
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի մոտ տեղի է ունեցել հանդիպում «Արմօյլ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդիի հետ՝ ընկերության կողմից ներկայացված հարցերին լուծում տալու նպատակով, որոնք, ըստ տնօրենի, առաջացել են ինչպես ներմուծման, այնպես էլ ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում։
Ալֆրեդ Աբեդիի կողմից, մասնավորապես, բարձրացվել է շուկայում առկա դիզելային վառելիքի, բենզինի, քսուքային նյութերի, յուղերի և հատուկ հեղուկների ցածր որակի հարցը, նավթամթերքի վերամշակման գործարանի կառուցման համար ՀՀ կառավարության կողմից թույլտվություն ստանալու և ծրագրի իրականացման համար ճանապարհային, ինչպես նաև բնապահպանական վճարների մասով արտոնություն ստանալու հարցերը։
Հանդիպման ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը ներկայացրել է բարձրացված հարցերի լուծման նպատակով իրականացրած աշխատանքները, մասնավորապես՝ ընկերության կողմից փաստեր են ներկայացվել դիզելային վառելիքի, բենզինի, քսուքային նյութերի և յուղերի շուկայում առկա ցածր որակի ապրանքների մասին։ Դրանց վերաբերյալ ընկերությանը տեղեկացվել է, որ ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 14-ին հաստատվել և արդեն 2015 թվականի հունիսի 1-ից գործում է «Քսուքային նյութերի, յուղերի և հատուկ հեղուկների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 546–Ն որոշումը, որում ներառված են անվտանգության բոլոր ցուցանիշները։ Միաժամանակ՝ ՀՀ կառավարության 2006թ. հոկտեմբերի 19-ի N 1583-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող դիզելային վառելիքի համար 2010 թվականի հունվարի 1-ից սահմանվել էին էկոլոգիական բարձր դասի պահանջներ՝ ՀՍՏ 274-2007 (ԵՆ 590:2004) ստանդարտում սահմանված նորմերին համապատասխան՝ 0,001 տեսակարար կշռով ծծմբի պարունակությամբ:
Ներկրվող յուղերի՝ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին համապատասխանությունը պարզելու նպատակով, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչությանը հանձնարարվել էր կատարել համապատասխան ստուգումներ։ 2015 թվականի 2-րդ կիսամյակում մոնիտորինգի են ենթարկվել 49 քսայուղեր ներկրող կազմակերպություններ, փորձանմուշներ են ձեռքբերվել և փորձարկվել, արդյունքում յուղերը համապատասխանել են ՀՀ վերոնշյալ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։
Լաբորատոր կարողությունների վերաբերյալ «Արմօյլ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված մտահոգության հիման վրա՝ դիզելային վառելիքի փորձարկումների ճշգրտության հավաստիությունը ստուգելու համար, «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ կողմից իրականացվել է միջլաբորատոր համեմատական փորձարկում։ Ինստիտուտի և «Արմօյլ» ՓԲԸ ներկայացուցիչների մասնակցությամբ ընտրվել է դիզելային վառելիքի երեք նմուշ, որոնք բաժանվել են երկու հավասար մասի։ Ներկայացուցիչների մասնակցությամբ, մեկ նմուշը փորձարկվել է «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ նավթամթերքի փորձարկման լաբորատորիայում, իսկ մյուսը՝ Վրաստանի Բաթումի քաղաքում գտնվող SGS հեղինակավոր միջազգային սերտիֆիկացման կազմակերպության լաբորատորիայում։ Ստացված արդյունքները լիովին համադրելի են եղել։
Ինչպես տեղեկացնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ գործարանի կառուցման համար անհրաժեշտ հողերի կատեգորիայի փոփոխության հարցում առաջացած խնդիրները նախարարության միջնորդությամբ դրական լուծում են ստացել։ Ներկայումս քննարկվում են ընկերության կողմից բարձրացված՝ հարկային և մաքսային ոլորտին առնչվող հարցերին լուծում տալու հնարավորությունները։ Նավթամթերքի վերամշակման գործարանի կառուցման համար թույլտվություն տրամադրելու առնչությամբ ընկերությանը տեղեկացվել է, որ նշված գործունեությունն ազատ է, ենթակա չէ լիցենզավորման, չկա նաև լրացուցիչ թույլտվության պահանջ և առաջարկվել է ներկայացնել համապատասխան ծրագիր՝ շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկելու ու օրենսդրության շրջանակներում ծրագրի իրականացմանն աջակցելու նպատակով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել