Դավիթ Լոքյանն ընդունել է իրանական «Արաս» ազատ առևտրի գոտու գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության «Արաս» ազատ առևտրի գոտու գործադիր տնօրեն, Մոհսեն Արաբ Բաղի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին հայտնում է ՏԿԶՆ լրատվական ծառայությունը:
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, Իսլամական խորհրդարանի պատգամավորներ Մոհամմադ Հասան Նեժադը և հայազգի Կարեն Խանլարյանը:
Ողջունելով պատվիրակության անդամներին, նախարար Լոքյանը կարևորել է Հայաստան–ԻԻՀ հարաբերությունների ամրապնդումն ու զարգացման նոր հնարավորությունները, և այդ համատեքստում ընդգծել Սյունիքում ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) ստեղծելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը: Նախարարի խոսքով, նման տնտեսական գոտու ստեղծումը լուրջ խթան կլինի երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար:
«Մենք մեր երկրում ունենք ազատ տնտեսական գոտիներ, սակայն իրանական փորձը կարող է ընդունելի և օրինակելի լինել մեզ համար: Մենք Իրանին տալիս ենք նաև լավագույն գործիքը` ԵԱՏՄ երկրներ ապրանքներ արտահանելու հնարավորություն` ազատելով ավելացված արժեքի հարկից և այլ մաքսատուրքերից»,- նշել է Դավիթ Լոքյանը:
Արդյունաբերություն, անասնապահություն, գյուղատնտեսություն, ջերմոցային տնտեսություն, զբոսաշրջություն, ձեռարվեստ. ահա այս ուղղություններով համագործակցելու հստակ առաջարկներ է ներկայացրել «Արաս» ազատ առևտրի գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Արաբ Բաղին:
Դավիթ Լոքյանն իր հերթին անդրադարձել է երկու երկրների ազատ տնտեսական գոտիների միջև ամբողջական մոդելի ստեղծման գաղափարին, և այդ հարցում կարևորել հայ-իրանական բազմադարյա բարեկամական կապերի առկայությունը:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխգործակցության նոր ոլորտներ սահմանելու և համագործակցությունը խորացնելու իրենց պատրաստակամությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել