2016-ին Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 0.5%-ով
2016 թվականի հունվար-դեկտեմբերին, 2015 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության (ՏԱՑ) ցուցանիշն աճել է 0.5%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)` այսօր հրապարակած նախնական տվյալները։
ՏԱՑ-ի աճի ցուցանիշը բավականին ցածր է, սակայն՝ սպասելի։ Տարեսկզբում այն շատ ավելի բարձր էր։ Հունվար-ապրիլին հասավ 6%-ին։ Բայց աճի տեմպերը աստիճանաբար թուլացան և տարեվերջում մոտեցան 0-ին։
Թեև հունվար-դեկտեմբերի 0.5% ցուցանիշը նախնական է, սակայն, որպես կանոն, անգամ ճշգրտումների դեպքում էական փոփոխություններ չեն գրանցվում։
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների բազայի
Տնտեսական ակտիվության ցուցանիշի 0.5% աճը ապահովել են հիմնականում արդյունաբերության և ծառայությունների ոլորտը։ Որոշակի ազդեցություն է ունեցել նաև առևտրաշրջանառությունը։ Իսկ շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում անկում է գրանցվել։
Այսպես, 2016 թվականին Հայատանում արդյունաբերական արտադրանքի ծավալը ընթացիկ գներով կազմել է 1 տրլն 429 մլրդ դրամ։ 2015 թվականի համեմատությամբ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 6.7%-ով:
Ծառայությունների ծավալը կազմել է 1 տրլն 265 մլրդ դրամ, աճը՝ 7.1%, իսկ առևտրաշրջանառությունը՝ 2 տրլն 233 մլրդ դրամ, աճը՝ 1%:
Միևնույն ժամանակ, շինարարության ոլորտում ծավալները կազմել են 380 մլրդ դրամ, անկումը՝ 10.8%, իսկ գյուղատնտեսության ոլորտում՝ 907.5 մլրդ դրամ, անկումը՝ 5.2%:
Տարիների համեմատությամբ 2016 թվականին Հայաստանում գրանցված տնտեսական ակտիվության ցուցանիշը աճը ամենացածրն է վերջին 5 տարիներին։
2015 թվականին ինչպես տնտեսական ակտիվության ցուցանիշի, այնպես էլ՝ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի վրա մեծ ազդեցություն ունեցավ գյուղատնտեսության ոլորտը։ Սակայն այս տարի այդ աճը չպահպանվեց։ Ավելին՝ բավական լայն քննարկում ստացավ հարցը՝ արդյոք գյուղատնտեսության 2015-ին գրանցված աճը «նկարած» չէ՞ր։ Պաշտոնական կառույցները, բնականաբար, հերքեցին այդ կասկածները։ Այնուամենայնիվ, փաստ է, որ 2016-ին գյուղատնտեսության ոլորտում գրանցված անկումը զգալի բացասական ազդեցություն է ունեցել տնտեսական ակտիվության աճի տեմպերի վրա։
Իսկ ՀՆԱ-ի ցուցանիշները վիճծառայությունը, ինչպես սպասվում է, կհրապարակի այս տարվա փետրվարի վերջում։ Սովորաբար, դրա աճի ցուցանիշը շատ չի տարբերվում ՏԱՑ-ի աճից։ Հետևաբար, ՀՆԱ-ի աճը ևս, ենթադրվում է, «տխուր» արդյունքներ կունենա։
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների բազայի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել