
Եղվարդի քաղաքապետի հողերն անմշակ են մնացել
Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանը մոտ 15 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողամասեր ունի, որոնք մնացել են անմշակ:
Թիվ 26 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը «Հետք»-ին է տրամադրել Եղվարդի քաղաքապետի գույքի եւ եկամուտների հայտարարագիրը, որտեղ Սարգսյանը գրառել է ութ միավոր անշարժ գույգ:
Նորայր Սարգսյանը հայտարարագրել է գյուղատնտեսական նշանակության 5 միավոր հողամաս, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 13,5 հեկտար:
Քաղաքապետը հայտարարագրել է նաեւ գյուղատնտեսական նշանակության արտադրական տարածք՝ 1,25 հեկտար մակերեսով, ինչպես նաեւ երկու առանձնատուն՝ իրենց հողամասերով: Ողջ անշարժ գույքը Սարգսյանին է պատկանում սեփականության եւ համատեղ սեփականության իրավունքով եւ գտնվում է Եղվարդ քաղաքում:
Պատասխանելով «Հետքի» հարցմանը, թե ինչ գործունեություն է ծավալում Եղվարդի քաղաքապետը, ինչ գյուղնշանակության արտադրությամբ է զբավում, Նորայր Սարգսյանը պատասխանել է, որ գործարարությամբ չի զբաղվում, հողամասերը չեն մշակվում, իսկ գյուղատնտեսական նշանակության արտադրամասը անասնագոմ է եւ չի գործում:
Նորայր Սարգսյանը հայտարարագրել է նաեւ 1982 թվականի արտադրության ՄՏԶ-82 մակնիշի տրակտոր: Եղվարդի քաղաքապետի 10 ամսվա աշխատավարձը կազմել է 4 միլիոն 823 հազար դրամ:
Նորայր Սարգսյանը մասնագիտությամբ մեխանիկ-մեքենաշինարար է, աշխատել է տեխնիկ, փականագործ, ավագ ինժեներ, եղել կրտսեր գիտաշխատող: 1992-1997 թվականներին եղել է Եղվարդի գյուղխորհրդի նախագահի տեղակալը, այնուհետեւ՝ Եղվարդի քաղաքապետի տեղակալը:
1999 թվականից Եղվարդի քաղաքապետն է:
Լուսանկարը՝ Կոտայքի մարզպետարանի կայքի: Լուսանկարում ձախից առաջինը Եղվարդի քաղաքապետն է
Մեկնաբանել