Արման Մազմանյանը` ընդդեմ Իտալիայի պատվո հյուպատոսի
Գյումրեցի Արման Մազմանյանը հայցադիմում է ներկայացրել դատարան` ընդդեմ Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի։ Մազմանյանը դատական կարգով պատվո հյուպատոսից պահանջում է տրամադրել իրեն աշխատանքից (նկատի ունի աշխատանքը հյուպատոսարանից) ազատելու հրամանն և ազատման հիմքերը։
Անտոնիո Մոնտալտոն դատարան է ուղարկել հայցադիմումի պատասխանը՝ հայտնելով, որ թեև ինքը Իտալիայի պատվո հյուպատոսն է, սակայն Իտալիայի պատվո հյուպատոսարան գոյություն չունի։ Որպես հյուպատոսարանի բացակայության փաստ նա ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի այն տեղեկանքը, որով մինչ 2016 թվականի դեկտեմբերի 5-ը պետական միասնական գրանցամատյանում Իտալիայի պատվո հյուպատոսարան գրանցված չէ։
«Ուստի ես՝ որպես Իտալիայի պատվո հյուպատոս, չէի կարող հանդիսանալ գործատու և արձակել հրամաններ, այդ թվում՝ աշխատանքի ընդունման կամ ազատման։ Հայցվոր կողմից դատարան ներկայացրած իր աշխատանքային գրքույքի պատճենում «հյուպատոս» բառից հետո դրված ստորագրությունը չի դրվել իմ կողմից, ավելին՝ այն իմ ստորագրությունը չի։ Իմ կողմից 2016 թվականի նոյեմբերի 15-ին նոտարական վավերացմամբ լիազորագիր եմ տվել Լուսինե Ղազարյանին, որտեղ ստորագրել եմ ես։ Աշխատանքային գրքույկի և նոտարական վավերացմամբ լիազորագիրը զննելով՝ պարզ երևում է ստորագրությունների տարբեր լինելը»,- գրել է Անտոնիո Մոնտալտոն հայցադիմումի պատասխանում (հատվածը մեջբերված է նույնությամբ):

Արման Մազմանյանի ներկայացրած աշխատանքային գրքույկը
Արման Մազմանյանը որպես հյուպատոսի այս մեկնաբանության հակադարձում հավաքել է մի շարք փաստեր, որոնք, ըստ նրա, ապացուցում են, որ Գյումրիում՝ Գորկու փողոց 3-րդ նրբանցք 36 տանը տեղակայված է եղել Իտալիայի հյուպատոսարանը։
«2006 թվականից աշխատել եմ Իտալիայի հյուպատոսարանում։ Մշակութային ծրագրերի համակարգող էի։ Աշխատանքի այս առաջարկը ստացել էի հյուպատոսից։ Մինչ այդ նրա հետ մշակութային ոլորտում շփում եղել էր, բազմիցս Իտալիայում կինոփառատոների եմ մասնակցել։ 10 տարի աշխատել եմ այդ հյուպատոսարանում, սակայն 2015 թվականի սեպտեմբերի վերջին բանավոր կերպով կրճատվել եմ աշխատանքից, քանի որ հյուպատոսն ասաց, որ այդ հաստիքի կարիքն այլևս չկա, և այդ աշխատանքը էլ չի լինելու»,- ասում է Արման Մազմանյանը։
Ասում է՝ ամեն ամիս առձեռն ստացել է 250 հազար դրամ աշխատավարձ, սակայն դրանից հարկեր չի վճարել` մտածելով, թե հարկերը վճարում է գործատուն։ Սակայն աշխատանքից բանավոր կերպով ազատվելուց հետո հյուպատոսին խնդրել է գրավոր տարբերակով տրամադրել ստացված աշխատավարձի վերջնահաշիվը և աշխատանքից ազատման հրամանը։ Նրա փոխանցմամբ՝ հյուպատոսը հայտնել է, որ այդ վերջնահաշիվը տրամադրել կկարողանա միայն ամսվա վերջին, որից հետո Մազմանյանը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ՝ շարունակելով էլեկտրոնային նամակների միջոցով պահանջել աշխատանքից ազատման հիմքերի և աշխատանքից հեռացման հրամանի տրամադրումը։ Իր էլեկտրոնային նամակներին հյուպատոսարանից չեն պատասախանել, որից հետո դիմել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին՝ փորձելով դեսպանատան միջոցով ստանալ այդ հարցերի պարզաբանումները։ Իտալիայի դեսպանատնից նրան հայտնել են, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա աշխատել է հյուպատոսարանում, այդ հարցերով պետք է դիմի հյուպատոսին։
Կրկին դիմել է հյուպատոսին, սակայն չի ստացել պատասխան, այնուհետ Իտալիայի նախագահին և ԱԳ նախարարին է նամակ գրել: «Իմ՝ նախագահին նամակ գրելուց հետո զանգեցին դեսպանատնից (Հայաստանում Իտալիայի դեսպանատնից-հեղ.) իմ թարգմանչին: Սկզբում ասել էին, թե ինչու եք նամակ գրել նախագահին, որ դա պետք չէր նախագահին գրել, իսկ հետո ասել էին, որ իրենք խոսել են հյուպատոսի հետ, և նա կտրամադրի փաստաթղթերը»,- ասում է Արմանը։
Այնուհետ Մազմանյանը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղից հայտնել են, որ այդ փաստաթղթերը կարող է պահանջել միայն դատական կարգով: Դրանից հետո Ա․ Մազմանյանը դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան։
Մազմանյանը հունվարի 25-ին կայանալիք դատական նիստի համար հավաքել է մի շարք փաստեր: Մասնավորապես՝ նշում է, որ 2006 թվականի օգոստոսից աշխատել է հյուպատոսարանում, այդ հանգամանքը կարող են փաստել և՜ այդ տարածքի բնակիչները, և՜ հյուպատոսարանի այցելուները։ Որպես հաջորդ ապացույց մեջբերում է աշխատանքային գրքույկը, որում աշխատանքի ընդունման կնքված հրաման կա, և այդ կնիքը, նրա խոսքով, հյուպատոսարանի երեք կնիքներից մեկն է։
Արման Մազմանյանը նաև ունի այն տեղեկանքը, որը 2014 թվականին ներկայացրել է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» որպես հյուպատոսարանի աշխատակից՝ ապառիկ կարգով համակարգիչ ձեռք բերելու համար։ Մազմանյանի պնդմամբ՝ այդ տեղեկանքը տրվել է հյուպատոսարանի բլանկի վրա և դրա վրա եղել է այն կնիքն ու ստորագրությունը, որը դրվել է իր աշխատանքային գրքույկում։

Ա․ Մազմանյանը նաև ունի վկայագիր, որը հյուպատոսարանը տարբեր տարիներին տրամադրել է իր կողմից կազմակերպվող իտալերեն լեզվի դասընթացների ավարտին, դրանց վրա ևս դրված են եղել հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի ստորագրությունը, հյուպատոսարանի կնիքը, որը կրկին նրա խոսքով՝ համընկնում է իր աշխատանքային գրքույկում դրվածի հետ։
«Նաև Իտալիայի հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքէջում Հայաստանում Իտալիան ներկայացնող երկու կառույց է նշված՝ Երևանում գործող դեսպանատունը և Գյումրիում գործող հյուպատոսարանը», - ասում է Ա․ Մազմանյանը։
Նա նաև հավաքել է ԶԼՄ-ների հրապարակումները՝ Գյումրում գործող Իտալիայի հյուպատոսարանի մասին։ Նաև առանձնացրել է ֆեյսբուքյան էջում տեղադրված այն հայտարարությունը, որով օգտատերերին հրավիրում էին Գյումրի՝ Իտալիայի պատվավոր հյուպատոսարանում կայանալիք միջոցառմանը։
Արման Մազմանյանը, որպես աշխատակից, ապացուցող հանգամանք է համարում պատվո հյուպատոսարանի ֆեյսբուքյան էջում հրապարակված իր աշխատանքային լուսանկարը։
Մազմանյանը դեկտեմբերի 29-ին նաև դիմել է Շիրակի մարզի դատախազություն` խնդրելով պարզանաբանել, թե ինչպես է հյուպատոսի ստորագրությունը հայտնվել իր աշխատանքային գրքույկում, եթե հյուպատոսը հերքում է իր ստորագրության գոյությունը, բացի այդ՝ խնդրել է պարզել, թե ինչպես է հյուպատոսը հրաժարվում Գյումրիում հյուպատոսարանի գոյության փաստից։
Մազմանյանն ասում է, որ պատվո հյուպատոսը ունի բզինեսներ, նրան են պատկանում Երևանում գործող «Վիլլա Դելենդա», «Վիլլա Այգեձոր» և Գյումրիի «Վիլլա Կարս» հյուրանոցները: «Սփյուռ» տեղեկատվական համակարգում որպես «Վիլլա Դելենդա»-ի տնօրեն նշված է հյուպատոսի օգնական Լուսինե Ղազարյանի անունը, «Վիլլա Այգեձոր»-ի կոնտակտային հեռախոսահամարներում ևս հրապարակված է Լուսինե Ղազարյանի բջջային հեռախոսահամարը։ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում Անտոնիո Մոնտալտոյի անունը նշված է երկու՝ «Գալիք ապագա» սոցիալական և «Գյումրու ընկերներ» մշակութային հիմանդրամներում։
Արմանի փոխանցմամբ՝ հյուպատոսի ենթակայության տակ է գտնվում նաև «Հոգ Ընտանիքին» (Family care foundation) հիմնադրամը։ Համաձայն «Հոգ ընտանիքին» հիմնադրամի ներկայացրած 2015 թվականի հաշվետվության՝ հիմնադրամի գրանցման վայրը Եզնիկ Կողբացի փողոցի այն հասցեն է, որտեղ տեղակայված է «Վիլլա Դելենդա» հյուրանոցը, նաև, որպես հիմնադրամի կայքէջ, նշված է հյուրանոցի կայքէջը։ Ներկայացված հաշվետվությունում ասվում է, որ հիմնադրամը ունի 15 աշխատակից, դրա հոգաբարձուների անդամ է հանդիսանում Անտոնիո Մոնտալտոն, իսկ այն 2015 թվականին իրականացրել է Գեղարվեստի, արվեստի, ռեստավրացիայի և տուրիզմի զարգացման ծրագրեր, որոնց իրականացման համար այդ տարի ծախսել է 55 միլիոն դրամից ավելի։
«Մանրամասն չգիտեմ, բայց մոտավորապես«Հոգ ընտանիքի» հիմնադրամի մեջ է մտնում կերամիկայի դպրոցը և հյուրանոցները, իսկ «Friends of Gyumri» հիմնադրամը բացվեց մի քանի տարի առաջ և նպատակն էր, որ Գյումրիի հին շինությունների համար գումար հավաքվեր և հիմնանորոգվեր»,- ասում է Արմանը։
Անտոնիո Մոնտալտոյի լիազորված անձ և օգնական Լուսինե Ղազարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն ու Արման Մազմանյանի հայրը մտերիմ ընկերներ են եղել, և Արմանը հյուպատոսի տան տարածքը անվճար հիմունքներով օգտագործել է որպես լուսանկարչական ստուդիա, Aikido սպորտաձևի պարապմունքների կենտրոն։
Ղազարյանի խոսքով՝ Գորկու փողոցի այդ տարածքը հայտնի է որպես հյուպատոսարան, քանի որ այն ի սկզբանե Գյումրիում եղել է Անտոնիո Մոնտալտոյի բնակվելու վայրն ու սեփականությունը, որը հետագայում վերականգնվել է, և այնտեղ կազմակերպվել են իտալերեն լեզվի դասընթացներ, մշակութային միջոցառումներ:
«Գյումրիում հյուպատոսարան որպես այդպիսին չի եղել։ Մարդիկ, որ գալիս են հյուպատոսին տեսնելու, ինքը իր առանձնասենյակը ունի, որտեղ նրանց ընդունում է, այդ պատճառով մարդիկ այդ տարածքը այդպես գիտեն։ Սակայն որպես այդպիսին, որպես հարկային, իրավաբանական մարմին` պատվո հյուպատոսարան երբեք չի եղել և չի էլ կարող լինել»,- նշում է Լուսինե Ղազարյանը։
Անդրադառնալով 2006թ. Արման Մազմանյանի աշխատանքային գրքույկում դրված ստորագրությանն ու կնիքին՝ օգնականն ասում է՝ Մոնտալտոն հայերեն չի հասկանում և գրում, այդ պատճառով աշխատանքային գրքույկում հայերեն գրել չէր կարող, իսկ ստորագրության մասով հստակ ասել չի կարող, քանի որ այդ ժամանակ այնտեղ չի աշխատել։ Լիազորված անձի պնդմամբ՝ իրենց ունեցած կնիքը մշակութային միջոցառումների համար է նախատեսված եղել, որը հարկային կոդ և իրավաբանական ուժ չունի։
«Հյուպատոսարանը ո՛չ գրքույկներ ունի, ո՛չ աշխատողներ ունի, ո՛չ հրամաններ է արձակում։ Իրենց ներկայացրած բոլոր դիմումներն անհիմն են»,- ասում է Ղազարյանը։
Հյուպատոսի օգնականը չի ցանկանում բարձրաձայնել, թե այս դեպքում ինչու է առաջացել նման իրավիճակ, միայն նշում է, որ ամեն հարց կհարթեն դատական կարգով և հետագայում հակընդդեմ հայց կներկայացնեն՝ հյուպատոսի բարի համբավը արատավորելու հիմքով:
Առաջին լուսանկարում` Անտոնիո Մոնտալտոն (աղբյուրը` Ա.Մ.-ի ֆեյսբուքյան էջ) և Արման Մազմանյանը (ձախից)
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել