HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Զեղչի և կուտակային քարտերին փոխարինող հայկական հավելված

Օրեր առաջ օգտատերերին ներկայացվել է հայկական արտադրության inOne հավելվածը։ Այն հնարավորություն է տալիս «դատարկել» դրամապանակը զեղչի և կուտակային քարտերից, տեղափոխել դրանք վիրտուալ միջավայր՝ տվյալ դեպքում օգտատիրոջ սմարթֆոն։

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց հավելվածի հեղինակ Արտյոմ Թորոսյանը՝ մի քանի տարի առաջ, աշխատելով POS տերմինալների ծրագրավորման ոլորտում, միտք է ունեցել բոլոր զեղչի, կուտակային քարտերը թվայնացնել և տեղափոխել մոբայլ միջավայր, քանի որ, ըստ նրա, դրանց գործընթացները,  բանկային քարտերի համեմատ, շատ ավելի հեշտ են:

«Հավելվածն օգտատիրոջը կօգնի լուծել նաև ամենատարածված խնդիրներից մեկը. երբ հասնում ես խանութի դրամարկղ և բացահայտում, որ կորցնելու ես զեղչից օգտվելու քո հնարավորությունը, միայն այն պատճառով, որ մոռացել ես քարտդ»,- ասում է նա։

inOne-ը ստեղծել է նաև մի նոր հարթակ, որտեղ օգտատերը կարող է գտնել բոլոր բրենդային խանութների տվյալ պահին գործող զեղչերը՝ զետեղված մեկ էջում: Բացի այդ, հավելվածի մեկ հպումի միջոցով շուտով հնարավոր կլինի ձեռք բերել նոր քարտ, առանց հավելյալ թղթեր լրացնելու, շատ դեպքերում առանց նախապայմանների։ Այս պարագայում, միայն անհրաժեշտ կլինի մեկ անգամ գրանցվել համակարգում։

Իսկ ցանկացած զեղչի կամ կուտակային քարտի վրա կան քարտի թվերը, որը հավելված ներմուծելուց և հիշելուց հետո վերածվելու են գծիկային կոդի (barcode): Դա այդուհետ դառնալու է հաճախորդի զեղչի քարտը, որը նա պետք է ցույց տա դրամարկղում։

«Անկախ նրանից թե, որ խանութներում երբ հնարավոր կլինի պլաստիկ քարտի փոխարեն կրառել inOne հավելվածը, վստահորեն կարող եմ ասել, որ այսօրվանից արդեն inOne-ով կարող եք գտնել բոլոր բրենդային խանութների տվյալ պահին գործող զեղչերը, հասցեները քարտեզում և այլ նորություններ մեկ հպումով։ Նման հարթակ Հայաստանում դեռ չկար»,- ասում է հեղինակը։

Աշխատանքային թիմի նպատակն է ստեղծել գնումներն ավելի հարմարավետ դարձնող գործիք, օգտատերերին մատուցել որակյալ ծառայություն և ստեղծել մի նոր բիզնես-գնորդ ինտերակտիվ կապուղի։

Հեղինակի խոսքով՝ այժմ շատ ընկերություններ են բաժանում զեղչի կամ կուտակային քարտեր իրենց գնորդներին, բայց գնորդներն արդեն հրաժարվում են՝ տասնյակ քարտեր իրենց դրամապանակում պահելու անհարմարությունից։ Իսկ այս հավելվածում գնորդը կարող է պահել գոյություն ունեցող զեղչի և կուտակային քարտերը, դրանք չդնելով դրամապանակում։

 «inOne-ը փոխում է մինչ այժմ ունեցած պատկերացումները լոյալության համակարգի վերաբերյալ և բիզնեսին տալիս է իրենց գնորդներին ավելի անհատականացված մեսիջներ ուղարկելու նոր հնարավորություն»,- ասում է Արտյոմը։

Խոսելով իրենց ստեղծած նոր հավելվածի առավելություններից՝ Արտյոմն առանձնացնում է այն մեկը, որով բոլոր բրենդային ապրանքանիշերի քարտերը և տվյալ պահին գործող տարբեր ակցիաները, նորությունները մեկ հավելվածի մեջ են, և դրանով գնորդը մեկ ցուցակից միանգամից տեսնում է բոլոր խանութների զեղչերը։

inOne-ի ստեղծագործ թիմը ցանկանում է աշխարհի շատ երկրներում մատուցել հավելվածի ծառայություններ։ Հեղինակի դիտարկմամբ՝ դեռևս չունեն նշաձող, որին ցանկանում են հասնել, նրանց համար այժմ գործի բիզնես կոմպոնենտը այդքան էլ կարևոր չէ, առավել առաջնային է` իրենց հավելվածի օգտատերերին հնարավորինս որակյալ ծառայություն մատուցել։

Այս պահին, որպես պլաստիկ քարտերին այլընտրանք, MotherCare, Chicco, Prenatal խանութներն են կիրառել այս հավելվածը, սակայն երկու խոշոր բրենդային ապրանքանիշեր ներկայացնող ընկերություններ շուտով ևս կօգտագործեն զեղչի և կուտակային քարտերին փոխարինող հայկական այս հավելվածը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter