
Կոռուպցիայի մակարդակով Հայաստանը 129-րդ տեղում է՝ 183 երկրների ցանկում
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Թրանսփերենսի Ինթրնեյշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայցրեց կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) արդյունքները, որոնք հրապարակվել են այսօր: ԿԸՀ-ին մասնակցել են 183 երկիր, որը 5-ով ավել է, քան նախորդ տարի: Այդ ցուցակում Հայաստանը 129-րդ տեղում է` 2,6 միավորով:
ԿԸՀ-ն չափվում է 0-10 միավոր սանդղակով: Վ. Հոկտանյանը նշեց, որ եթե միավորը 3-ից ցածր է, ապա համարվում է, որ տվյալ երկրում կոռուպցիան համակարգային խնդիր է: Իսկ Հայաստանում նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշը չի նվազել:
Վ. Հոկտանյաը նշեց, որ նախկին տարիներին եղել են ավելի բարձր ցուցանիշներ, որոնք տատանվել են 3 միավորի շուրջ, սակայն այն ժամանակ մասնակից երկրների քանակը պակաս էր: Վ. Հոկտանյանի խոսքերով` 2008թ.-ից սկսած նկատվել է ԿԸՀ ցուցանիշի նահանջ. տեմպերը դանդաղ նավազում են, սակայն էական տարբերություններ չեն գրանցվել:
Վ. Հոկտանյանը նշեց, որ Հայաստանում ամենացավոտ խնդիրներից մեկը քաղաքական կոռուպցիայի բարձր մակարդակն է, որն արտահայտվում է բոլոր ընտրությունների ժամանակ: Եվ մինչև չանցկացվեն արդար ընտրություններ, համակարգային կոռուպցիան կշարունակվի: «Կոռուպցիայի դեմ պայքարը սկսվում է մաքուր ընտրություններից»,- հավելեց նա:
183 երկրից միայն 49-ն է գրանցել 5-ից բարձր ցուցանիշ, սակայն 10 միավորանոց սանդղակ ոչ մեկի մոտ չի գրանցվել: Նախկին ԽՍՀՄ երկրներում, բացի բալթյան երկրներից ու Վրաստանից, բոլոր երկրներում ԿԸՀ ցուցանիշը ցածր է 3-ից: ԿԸՀ ցուցակում Թուրքիան զբաղեցնում է 61-րդ տեղը, Վրաստանը` 64-րդ, Ադրբեջանը և Ռուսասատանը` 143-րդ: Վ. Հոկտանյանի խոսքերով` որպես կանոն ժողովրդավարությունը նպաստել է կոռուպցիայի նվազմանը, ժողովրդավար երկրներում կոռուպցիայի մակարդակը համեմատաբար ցածր է, բայց դա դեռևս չափանիշ չէ:
ԹԻ-ի գործադիր տնօրենը նշեց, որ ամեն տեղ` թե արևմտյան, թե արևլյան երկրներում հստակ գիտակցում կա, որ կոռուպցիան իրենց խնդիրների գլխավոր պատճառներից մեկն է: Սակայն բացի կաշառքից` գոյություն ունեն առավել վատ երևույթներ, ինչպես օրինակ` պետական բյուջեի թալանում, հովանավորչություն, բանկերում առկա կոռուպցիա և այլն: Քաղաքացիները հասկանում են, որ իրենց իշխանությունները բարդ իրավիճակի մեջ են գցում թե իրենց, թե ամբողջ երկիրը:
Վ. Հոկտանյանը շեշտեց, որ ԿԸՀ-ի հարցումներն անցկացվում են ոչ թե ԹԻ-ի, այլ 13 այլ կազմակերպությունների կողմից, որպեսզի հարցումը լինի օբյեկտիվ: 9 կազմակերպություն հարցում է անցկացրել փորձագիտական շրջանում, իսկ 4-ը` գործարար ոլորտում: Կազմակերպություններն օգտագործել են 17 աղբյուր:
Հայաստանի դեպքում աղբյուրների թիվը եղել է 8: Սակայն, Վ. Հոկտանյանի խոսքերով` ուղղակիորեն հնարավոր չէ չափել կոռուպցիան, բացահայտված դեպքերով` նույնպես, քանի որ դրանք կարող են լինել կեղծված. բացահայտումների իրական մակարդակը միշտ չէ, որ հայտնի է:
Պարզապես պետք է լինի ցանկություն, թափանցիկություն, հաշվետվողականություն, հասարակության տարբեր խավերի լուրջ ներգրավվածություն, ընդունված օրենքների ու ենթաօրենսդրական ակտերի կիրառում, ինչպես նաև պատժելիություն, բայց «ոչ էպիզոդիկ», այլ ավելի լուրջ, որպեսզի քաղաքացին տեսնի դրա իրական ազդեցությունը:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել