Ավտովթար. վարորդը դիմել է փախուստի, կա 4 վիրավոր
Այսօր` ժամը 01:00-ի սահմաններում, Երևանի Հերացի փողոցից Խանջյան փողոց տանող ստորգետնյա ճանապարհին իրար են բախվել 58-ամյա Ռազմիկ Սուքիասյանի կողմից վարած «ԶԱԶՍԵՆՍ» մակնիշի Տ 6954 համարանիշի և «Մերսեդես Բենս» մակնիշի 81 ՍT 111 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «ԶԱԶՍԵՆՍ»-ի վարորդը և ուղևորներ` «Լոյալ Ինտենս» ՍՊԸ-ի տնօրեն, Վանաձորի բնակիչ, 28-ամյա Կարեն Մազմանյանը, ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության ավագ օպերլիազոր, Վանաձորի բնակիչ, 25-ամյա Արթուր Առուստամյանը և «Վ և Լ» ՍՊԸ-ի տնօրեն, Վանաձորի բնակիչ, 29-ամյա Վահե Նաջարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
«Մերսեդես Բենս»-ի վարորդը վթարի վայրից դիմել է փախուստի` մեքենան թողնելով դեպքի վայրում:
Ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ: Ձեռնարկվում են օպերատիվ-քննչական միջոցառումներ` հայտնաբերելու դեպքի վայրից փախուստի դիմած «Մերսեդես Բենս»-ի վարորդին:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ Ռազմիկ Սուքիասյանը ԱԺ նախկին պատգամավոր, «ՍԻԼ» կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի հորեղբոր որդին է:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել