HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Սերժ Թանկյան. «Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի երիտասարդությունը երկրից չարտագաղթի»

«Սփյուռքի և ՀՀ հայտնի հայերը՝ հանուն ժողովրդավարության և թափանցիկ ընտրությունների. «ԱրդարությունՀայաստանում» նախաձեռնության առաջիկա քայլերը» թեմայով այսօր կայացած քննարկմանը տեսաձայնային զանգով միացած ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանը «Արդարություն Հայաստանում» ստորագրահավաքին միանալու հանգամանքը իր համար կարևոր քայլ է համարում։

Նրան ոգեշնչել են երիտասարդները, որոնց հետ շփվել է 2015թ. ապրիլի 23-ին կայացած «Արթնացեք հոգիներ» համերգի շրջանակներում, նրանց տեսել  է «Էլեկտրիկ Երևան»-ի իրադարձությունների ժամանակ։ Թանկյանի համար ուրախալի է, որ հայ երիտասարդները «ճանաչում» են իրենց արժանապատվությունը և երկրի մեծ-փոքր հարցերով մտահոգվում. «էդի հարգում եմ ես, էդի սիրում եմ ես, էդի պաշտում եմ ես»,-ասում է Սերժ Թանկյանը։

Թանկյանի գնահատմամբ՝ սփյուռքահայությունը բավականին անջատված է Հայաստանի՝ քաղաքական, սոցիալական, տնտեսական իրադարձություններից, և այս իրավիճակը պետք է փոխել։Նրա համար շատ կարևոր է, որ Սփյուռքի երիտասարդությունն իրեն անջատված չզգա Հայաստանից, իսկ Հայատանից «եկող» խնդիրն այն է, որ Հայաստանի ղեկավարները, մտավորականները Սփյուռքին չպետք է նայեն «մի աչքով», այսինքն՝ «կարող եք գալ Հայաստան, փող ծախսել, բայց մեր կյանքի մասին բան մի ասեք»։

«Խնդիրը ոչ թե կուսակցության և քաղաքական ղեկավարության մեջ է, խնդիրն այն չէ, թե ում համար են քվեարկում։ Հարցն այն է, որ մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի երիտասարդությունը երկրից չարտագաղթի։ Կարևորը սա է»,-ասաց նա։

Երաժիշտը չի թաքցնում, որ շատ դեպքերում դժվար է Սփյուռքից հասկանալ Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների մանրամասները, սակայն սփյուռքահայերը պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը և գործուն աջակցություն ունենան Հայաստանում տնտեսական, քաղաքական և մարդու իրավունքների ոլորտի բարեփոխումներին և առաջընթացին։

«Մեր հարաբերությունները մեր հայրենակիցների հետ չպետք է պահպանվեն զբոսաշրջային մակարդակի վրա։ Մենք պետք է ցույց տանք, որ գործուն մասնակցություն ենք ունենում այս խնդիրներին, այս գործընթացներին, որովհետև ցանկանում ենք պահպանել այս հրաշք երկիրը։ Մենք շատ նվիրված ենք այս երկրին, շատ ուզում ենք, որ այն պահպանվի։ Մենք մեր հոգին ենք դրել այստեղ։ Մենք չպետք է մեր մասնակցությունը ցուցաբերենք կանխակալ վերաբերմունքով, ինչպես դա եղել է նախկինում, և չպետք է անենք դա մեծամտությամբ, որովհետև այս գործելակերպը իրեն չի արդարացնում։ Խնդիրը շատ ճգնաժամային է, իրադրությունը հասել է ճգնաժամային կետին։ Մենք պետք է ձեռնարկենք անմիջական քայլ՝ իրադրությունը ուղղելու համար»,-հավելեց նա։

Մեկնաբանություններ (1)

Հայկ
Հարգարժան Սերժ Թանգյան և նախաձեռնության մյուս մասնակիցներ, ես խորապես համոզված եմ, որ Դուք առաջնորդվում եք միմիայն ազգանվեր մղումներով, սակայն լինելով լավատեղյակ Հայաստանում տիրապետող իրավիճակին, ես խիստ կասկածում եմ Ձեր պլանների իրագործելիության վրա։ Դուք հավանաբար տեղյակ եք, որ, Հայաստանում որևէ հարց չի լուծվում առանց կրեմլի թույլտվության , առավել ևս երբ խոսքը գնում է սփյուռքահայության ներգրավածությանը ներհայաստանյան գործերում։ Վ․ Պուտինը վաղուց է երազում սփյուռքահայությանը նույնպես ներքաշելու իր աղդեցության ոլորտը։ Նա ձգտում է այդ անել Հայաստանի ղեկավարության միջոցով, որոնք նույնպես շահագրգռված են դրանում։ Նրանք կձգտեն այդ հարմար առիթը ձեռքից բաց չթողնել։ Դուք հավանաբար պետք է համագործակցեք այն սակավաթիվ ուժերի հետ, որոնք հեռու են Մոսկովյան ազդեցությունից և հեռու մնաք բազմաթիվ կեղծ ընդդիմադիրներից, որոնք նույնպես կրեմլի գործակալներն են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter