HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». շախմատի աշխարհի առաջնության գլխավոր մրցավարը Հայաստանից է

Շախմատի միջազգային մրցավար, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, շախմատի «Միկա» ակումբի գործադիր տնօրեն Աշոտ Վարդապետյանը՝ որպես գլխավոր մրցավար, կսպասարկի մայիսի 10-31-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք շախմատի աշխարհի առաջնության եզրափակիչ՝ Վիշվանաթհան Անանդ-Բորիս Գելֆանդ մրցամարտը: Նշանակալի իրադարձություն է, որ այդպիսի կարևոր մրցամարտը վարելու պատիվը վստահվել է Հայաստանի ներկայացուցչին:

Հիշեցնենք, որ Վարդապետյանը նախկինում, որպես գլխավոր մրցավար, սպասարկել է «Աշխարհի գավաթի» խաղարկության, մինչև 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնության մրցաշարերը: Մեր երկրի ներկայացուցիչն աշխարհի առաջնության նախորդ փուլի հավակնորդների մրցաշարի եզրափակչում, որպես գլխավոր մրցավարի տեղակալ, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում սպասարկել է Վեսելին Թոփալով- Գատա Կամսկի մրցամարտը, որում հաղթել էր Թոփալովը: Այնպես որ, առաջին անգամ է մեր մրցավարը հայտնվել նոր դերում:

Ի պատասխան «Հայացք»-ի այն հարցին, թե անսպասելի՞ էր իր համար ՖԻԴԵ-ի այդպիսի որոշումը, Վարդապետյանը հայտնեց, որ նախապես տեղյակ են պահել, որ ինքը ևս, մի քանի մրցավարների հետ միասին, հավակնում է որպես գլխավոր մրցավար սպասարկել այդ մրցամարտը: Իսկ վերջնական վճիռը կայացվել է օրերս Մոսկվայում ավարտված Միխայիլ Տալի հուշամրցաշարի ավարտից անմիջապես հետո, մամուլի ասուլիսից առաջ: Կարևոր նշանակություն է ունեցել, թե ում են նախապատվություն տալիս մրցակից շախմատիստները: Եվ երկու գրոսմայստերներն էլ ցանկություն են հայտնել, որ մրցամարտը վարի Վարդապետյանը:

Այս առումով հետաքրքիր էր, թե մեր երկրի ներկայացուցիչն ինչ հարաբերությունների մեջ է ականավոր այդ խաղացողների հետ: «Երկուսի հետ էլ լավ հարաբերություններ եմ պահպանում, սակայն Գելֆանդի հետ ավելի մտերիմ եմ»,- ասաց Վարդապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter