HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ կառավարության նիստում. «Ծախսել խնայողաբար, հասնել լավ արդյունքների»

Գալիք տարվա պետական բյուջեի նախագծին ու դրան առնչվող խնդիրներին էր գերազանցապես նվիրված այսօր տեղի ունեցած ԼՂՀ կառավարության նիստը, որը վարում էր վարչապետ Արա Հարությունյանը:

Նիստը սկսվեց վարչապետի` հայությանն ուղղված շնորհավորանքով` ազգային հանգանակության բարձր արդյունքների կապակցությամբ: Ա. Հարությունյանի խոսքով` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած հերթական հեռուստամարաթոն-դրամահավաքը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ հայ ժողովուրդը` այստեղ, Հայաստանում, թե Սփյուռքում մեծապես հետաքրքրված է  հայրենիքի ճակատագրով և իր հնարավորություններով նպաստում է նրա զորացմանը: Վարչապետի համոզմամբ` ակցիան պետք է շարունակական լինի, քանի որ Սփյուռքը իր հաստատուն «այոն» է ասում Հայոց աշխարհի վաղվան, և ընդհանրապես, յուրաքանչյուր հայ մարդ գիտե, որ նաև իր մասնակցությամբ է ամրապնդվում հայրենի երկիրը:

Պետբյուջեի նախագծի քննարկումից առաջ գործադիրը հավանություն տվեց մի շարք օրինագծերի և պետական տարեկան ծրագրերի, որոնք շաղկապված են հանրապետության գլխավոր ֆինանսական փաստաթղթին: ԼՂՀ հարկային պետական ծառայության պետ Ա. Բալայանի ներկայացմամբ` լրացումներ և փոփոխություններ առաջարկվեցին «Հարկերի մասին», «Շահութահարկի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» օրենքներում:

Փոփոխությունների և լրացումների մյուս փաթեթը վերաբերում է «Եկամտահարկի մասին», «Հաստատագրված վճարների մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» օրենքներին: Գործադիրը հանդես եկավ նաև նոր օրենքների ընդունման առաջարկությամբ. քննարկումից հետո հավանության արժանացան «Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին», «Արտոնագրային վճարների մասին» օրենքների նախագծերը: Հանրապետության գլխավոր հարկահավաքի պարզաբանմամբ` օրենսդրական տվյալ նախաձեռնությունները նպատակ ունեն կանխելու տնտեսական անօրեն գործունեությունը, առավել որոշակիորեն վերահսկելու  հարկային դաշտը, պարզեցնելու տնտեսվարողների հարկային պարտավորությունների կատարման կարգը:

Փոփոխություններ և լրացումներ առաջարկվեցին «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ԼՂՀ օրենքներում և «ԼՂՀ դատական օրենսգրքում», որոնք ևս հավանության արժանացան և մյուս օրինագծերի հետ կուղարկվեն ԼՂՀ խորհրդարանի քննարկմանը:

Նիստում կառավարության հաստատած 2012թ. պետական առաջին ծրագիրը փոքր ու միջին ձեռնարկատիրությանը աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ է: Գալիք տարում այդ ոլորտը պետությունից աջակցություն կստանա 2 մլրդ դրամի սահմաններում: Փաստաթղթում նշված է, որ ՓՄՁ-ն նշանակալի դեր է կատարում երկրի ՀՆԱ-ի ձևավորման և նոր աշխատատեղերի ստեղծման գործում: 2010թ. ՓՄՁ-ի տեսակարար կշիռը ԼՂՀ ՀՆԱ-ում 2,2 տոկոսով գերազանցել է 2009թ. մակարդակը` կազմելով 31,4 տոկոս, իսկ ՓՄՁ սուբյեկտների թվաքանակը ավելացել է 267-ով: Զարգացման միտումները պահպանվում են 2011թվականին: Ծրագիրը հիմնականում նպատակաուղղված է հանրապետությունում տնտեսական և գործարար ակտիվության բարձրացմանը:

Գործադիրի հաստատած` հաշմանդամների սոցիալական պաշտպանության տարեկան ծրագրով նախատեսվում է, մասնավորապես, այդ խավի համար կենսագործունեության հավասար պայմանների ստեղծում, նրանց սոցիալական պաշտպանվածության ուժեղացում, կրթության, մասնագիտական ուսուցման կազմակերպում և զբաղվածության խթանում: Վիճակագրական տվյալներով` 2011թ. հուլիսի 1-ի դրությամբ ԼՂՀ-ում հաշվառված է 9307 հաշմանդամ, այդ թվում 469-ը` մինչև 18 տարեկան երեխաներ:

Քաղաքացիների աշխատանքային ապահովվածությանն է միտված զբաղվածության կարգավորման գալիք տարվա պետական ծրագիրը: Նախատեսվող միջոցառումների գերակա նպատակն է բնակչության լրիվ և արդյունավետ զբաղվածության պայմանների ստեղծումը: 2011թ. հունվար-հունիս ժամանակահատվածում տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը հանրապետությունում կազմել է 60619 մարդ, որից 57228-ը  զբաղված է եղել տնտեսության տարբեր ճյուղերում: Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցված  գործազրկության մակարդակը 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 0,1 տոկոսով և կազմում է 5,6 տոկոս:

Զբաղվածոթւյան ծրագրով նախանշվում են շուրջ երկու տասնյակ միջոցառումներ: Հարցի կապակցությամբ վարչապետ Ա. Հարությունյանը անդրադարձավ, որ այդ ասպարեզում կատարվող քայլերը հաճախ բավարար արդյունք չեն տալիս, մտահոգիչ է  մնում կանանց գործազրկության բարձր մակարդակը: Վարչապետը փաստեց, որ շահագրգիռ քաղաքացիների մեծ մասը տեղյակ չէ իրականացվող պետական միջոցառումներին,  ուստի հարկ է լրացնել այդ բացը և ճիշտ ուղղորդել զբաղվածության խնդիր ունեցողներին:

2012թ. ևս կպահպանվեն բնակչության շրջանում իրականացվող առողջապահական հիմնական նպատակային ծրագրերը: Գլխավորապես նախանշվում է հիգիենիկ և համաճարակային անվտանգության, առողջության առաջնային, մոր և մանկան առողջության պահպանման ապահովումը: Բժշկական անհրաժեշտ օգնություն կցուցաբերվի սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց, պայքար կտարվի սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ:

Գործադիրը հավանություն է տվել նաև 2012թ. գիտական, գիտատեխնիկական պետական և նպատակային ծրագրին, որը, սակայն, արժանացել է վարչապետի քննադատությանը` ծրագրի ցածր արդյունավետության պատճառով: Գալիք տարի ևս գիտության զարգացմանը կհատկացվի ավելի քան 22մլն դրամ, որը պետք է ծախսել լուրջ և հեռանկարային հետազոտությունների վրա` ընդգծել է կառավարության ղեկավարը:

Չի կարելի թույլ տալ, շարունակել է նա, որ հատկացվող գումարները օգտագործվեն իբրև առանձին անհատների համար եկամտի լրացուցիչ աղբյուր: Պետք է ուժեղացնել գիտական վերահսկողությունը և ստանալ մեր տնտեսության ու հանրության զարգացմանը նպաստող լավ արդյունքներ:

ԼՂՀ Պետբյուջե-2012-ի նախագիծը կառավարության դատին ներկայացրեց փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ս. Թևոսյանը: Մինչև հիմնական թվերի հրապարակումը, նա նշեց, որ չնայած համաշխարհային տնտեսության ընթացիկ աննպաստ զարգացումներին, 2011-ին ԼՂՀ-ում սպասվում է 9 տոկոս ՀՆԱ-ի աճ:

Կապահովվեն նախանշված ֆինանսական բոլոր մուտքերը, կկատարվեն հաստատված պետական առաջնահերթ ծրագրերը: 2012-ին ևս, Ս. Թևոսյանի խոսքով` կապահովվի 9 տոկոս տնտեսական աճ, կավելանան սեփական եկամուտները, ծախսերը նույնպես կլինեն ավելին: Պետբյուջեի մասին օրենքի նախագծով` 2012թ. եկամուտների գծով սահմանվում է 65մլրդ 103մլն 572,4 հազար դրամ, ծախսերի գծով` 70 մլրդ 320 մլն դրամ: Պակասուրդի չափ է նախատեսվում 5 մլրդ 216 մլն 427,6 հազար դրամի չափով:

Անդրադառնալով գալիք տարվա պետբյուջեի որոշ նորամուծությունների` ֆինանսերի նախարարը մասնավորապես շեշտել է, որ նախկինից ավելի շատ միջոցներ կներդրվեն գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, սոցիալական, բնօգտագործման և այլ ոլորտներում: Կբարձրացվեն բուժաշխատողների, գյուղատնտեսության մասնագետների, քաղծառայողների աշխատավարձերը, սոցիալական օգնության փաթեթ կկիրառվի պետական համակարգի աշխատողների համար: Կավելանան թոշակները և սոցիալական աջակցության տարբեր հատկացումները: Բազային կենսաթոշակի չափը կհաշվարկվի 13 հազար դրամից:

Ս.  Թևոսյանը ամփոփել է, որ գալիք տարվա բյուջետային քաղաքականությունն ուղղված է նրան, որ ստեղծվի բարենպաստ միջավայր աշխատանքի և տնտեսության համար, ապահովվի երկրի կայուն զարգացումը:

Պետբյուջեի նախագծի վերաբերյալ նիստի ավարտին լայն մեկնաբանությամբ հանդես եկավ վարչապետ Ա. Հարությունյանը: Նա, նախ, պարզաբանեց, որ բյուջեն կազմվել է կառավարության գործունեության  ծրագրին համապատասխան, որն, իր հերթին, բխում է ԼՂՀ նախագահի նախընտրական ծրագրից:

Նախագծում նախատեսված են նաև երկրի ղեկավարի հանձնարարականները և ներկա ժամանակի որոշ հրամայականներ: Վարչապետը նշել է, որ առաջիկա 2-3 տարիների համար նախատեսվում է ՀՆԱ-ի 9-11 տոկոս աճ, բարելավվել է համախառն ներքին արդյունքի կառուցվածքը. Աճի տեմպերը ակնհայտ են միանգամից մի քանի ուղղություններով`արդյունաբերություն, շինարարություն, էներգետիկա, գյուղատնտեսություն: Վարչապետը կարևոր ձեռքբերում  է համարում այն, որ այժմ ԼՂՀ-ում 1 շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշը հավասարվել է ՀՀ նույնանուն տվյալին:

Հանրապետությունում նշանակալիորեն ավելացել են ներդրումների և ավանդների գումարները, բավարար մակարդակի վրա է եկամուտների հավաքագրումը` նշել է Ա. Հարությունյանը: Նա անդրադարձավ, որ ծավալվող բնակարանային շինարարությունը մեծապես ուղղված է սոցիալական տարբեր խմբերի ապահովվածությանը, իսկ առաջիկայում կվերանայվեն բնակարանային վարկավորման  ձևերը` դրանք աելի մատչելի դարձնելով բնակչության լայն շերտերի համար: Վարչապետը նկատել տվեց, որ բյուջեի 26 տոկոսը նպատակաուղղված է սոցիալական ոլորտին, բազմաթիվ այլ երկրների համեմատությամբ, հարաբերակցորեն ավելի շատ գումարներ կծախսվեն առողջապահության, կրթության, սոցիալական բնագավառներում:

Ուշադրություն հրավիրվեց, որ թեև սպառողական գների ինդեքսը այս տարի կլինի 124 տոկոսի սահմաններում, ավելի շատ բարձրացել է սպառողական զամբյուղի պարունակությունը` կազմելով 140 տոկոս: Այն կարող է ավելի բարձր լինել, եթե նշանակալի հաջողություններ արձանագրվեին պարենային արտադրության ասպարեզում, ասել է վարչապետը, ընդգծելով, որ դա «բոլորիս մեղքն է, երբ կարող ենք պարենային ապահովվության անհամեմատ բարձր արդյունքների հասնել, եթե լավ օգտագործենք հանրապետության նպաստավոր հնարավորությունները»:

Վարչապետը փաստել է, որ նոր բյուջեով ավելացումներ են նախատեսված ընդհանուր առմամբ 5,3 տոկոսի չափով, ինչը վատ ցուցանիշ չէ, և այն պետք է ծառայի սահմանված նպատակներին: Ավելի ճիշտ կառավարման դեպքում կարելի է մի շարք ծախսեր կրճատել և գործել ավելի խնայողական ռեժիմով: Այդ պարագան շատ հրատապ է, ըստ վարչապետի, և այն տեսանկյունից, որ գալիք տարին տնտեսական առումով ծանր է լինելու և հարկ է ֆինանսական բոլոր հատկացումներից ստանալ առավելագույն արդյունք:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter