Ճանապարհ` իբր հանձնվող տարածքում, և պատ` իբր չճանաչված սահմանին
Հայկազ Ազարյան
Նոյեմբերի 25-ին Կովկասի ինստիտուտում տեղի ունեցավ «Ղարաբաղյան գործընթաց. մեծ ընդմիջման նախօրեի՞ն» թեմայով քննարկում: Քննարկման զեկուցողներ էին Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյաը և «Արտաքին քաղաքակնության և անվտանգության հարցերով հանրային խորհուրդ» արցախյան վերլուծական կենտրոնի նախագահ Մասիս Մայիլյանը:
Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Ղարաբաղյան հարցում նկատվում է որոշակի բեկում` նկատի ունենալով միջազգային մեծ խաղացողներին և հակամարտության կողմերին: Քաղաքագետը Կազանյան հանդիպումը համարեց ավելին, քան տարվա հանդիպում, որովհետև հանդիպման ձևաչափը, որը սկսվել է, ասյպես ասած, Մայնդոֆում, ավարտվել է Կազանում. «Դա չի նշանակում, որ էլ հանդիպում չի լինելու, նաև չի նշանակուկ, որ էլ Ռուսաստանի նախագահը չի մասնակցելու հանդիպումներին»: Ըստ քաղաքագետի` լուրջ փոփոխություններ են սպասվում Ռուսաստանում, և, բացի այդ, Կազանյան հանդիպումը լրջորեն կազդի հետագա գործընթացի վրա:
Մյուս կողմից էլ քաղաքագետը նկատում է, որ Կազանյան հանդիպումից առաջ սպասելիքները ինչ-որ տեղ չափազանցված էին, ինչը նաև լրագրողական փուչիկի արդյունք է: Այսինքն` հիասթափության պատճառ են նույն այդ սպասելիքները:
Իսկանդարյանը նաև նորություն է համարում Հայաստանի նախագահի ու նախագահական ապարատի և ռազմական գերատեսչության բարձրադիր պաշտոնյաների պատասխանը Ադրբեջանի սպառնալիքներին, ինչը անցած տարի չէր նկատվում: Անդրադադառնալով երկու երկրների սպառազինմանը` նա ասաց. «Ինչպես գիտեն մասնագետները, ավելի շատ զենք, նշանակում է ավելի պակաս պատերազմի սպառնալիք, ավելի շատ վերազինվում, նշանակում է ավելի մեծ անվտանգություն»:
Ալեքսանդր Իսկանդարյանը նաև համեմատեց Հայաստանը Ղարաբաղի հետ կապող ճանապարհը և Ադրբեջանի կողմից սահմանամերձ գոտում կառուցվող պատը. «Այդ ճանապարհի համար, ինչպես ասվում էր մամուլում, պիտի հատկացվեր մոտ տասը միլիոն դոլար, որի մի մասը պիտի տրամադրի ոչ միայն պետությունը, այլև որոշ բիզնես-կառույցներ: Ես չգիտեմ, ասում են, ճանապարհը երկու տարվա ընթացքում պիտի կառուցվի: Ճանապարհը կառուցվում է այն տարածքում, որը, ըստ բանակցությունների, պիտի տան ադրբեջանցիներին: Եվ պատն էլ կառուցվում է այն սահմանով, որն Ադրբեջանը իբր չի ճանաչում ընդհանրապես: Իրականում, չգիտեմ, որքանով է կառուցվելու ճանապարհը, և որքանով է իրականանում պատի կառուցումը»:
Իսկ Մասիս Մայիլյանը նշեց, որ բավականին կոշտ էր ղարաբաղյան հանրության ռեակցիան Մադրիդյան Սկզբունքների հնարավոր ընդունման վերաբերյալ: Կազանյան հանդիպման նախօրեին Արցախի ոչ կառավարական կազմակերպությունները հանդես եկան հայտարարությամբ, որում մասնավորապես նշված էր, որ քաղաքացիական հասարակությունը մտադրություն չունի այդ սկզբունքներով ընդունել ոչ մի փաստաթուղթ` ստորագրված Ադրբեջանի և Հայաստանի միջև. «Մադրիդյան սկզբունքները գնահատված էին որպես անընդունելի և ԼՂՀ ազգային շահերի համար արմատապես մերժելի»:
Ըստ Մասիս Մայիլյանի` սրանով ճնշում գործադրվեց Հայաստանի իշխանությունների վրա, բայց, մյուս կողմից, Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ գործադրված էր մեկ այլ ճնշում` առաջարկված փաստաթղթի ստորագրման վերաբերյալ:
Ըստ Մասիս Մայիլյանի` Կազանյան հանդիպումը մեկ անգամ ևս ցուցադրեց, որ կարգավորման հասնելը անհնար է նախկին մոտեցումների հիման վրա. «Վերջին տարիների ընթացքում ես և իմ կոլեգաները ստիպված էինք ոչ մեկ անգամ ասել արցախյան խնդրի կարգավորման փիլիսոփայության փոփոխության անհրաժեշտության մասին»:
Վերջում քննարկման մասնակիցները հանդես եկան մեկնաբանություններով: Կարծիքներ հնչեցին, որ ընդհանուր առմամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը լավ է կատարում իր առջև դրված խնդիրը, և խնդրի կարգավորման համար, առաջին հերթին, պատասխանատու են հակամարտության կողմերը. որ ընդհանուր առմամբ ղարաբաղյան կոնֆլիկտը, համեմատած այլ կոնֆլիկտներին, դեռ շատ «երիտասարդ» է. կամ սահմանամերձ գոտում Ադրբեջանի կողմից պատի կառուցումը արված է նրա համար, որպեսզի վերջինս զոհի կերպար ընդունի ու այդ ամենը ի ցույց դնի հանուր աշխարհին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել