HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թույլ տվեք հիմնավորեմ, որ կինն եմ, ոչ թե աղախինը»

Սոնա Մաշուրյան

Արեգնազ Մովսիսյանն արդեն հինգ տարի փորձում է իր իրավունքները պաշտպանել դատարանում, սակայն նրան չի հաջողվում: Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը մերժում է ընդունել նրա հայցադիմումները: Ա. Մովսիսյանը 1996թ.-ին ամուսնացել է Ալբերտ Մելքոնյանի հետ եւ բնակություն հաստատել ք. Եղվարդում գտնվող նրա առանձնատանը: Ամուսնությունը Ա. Մելքոնյանի հետ թեեւ չի օրինականացվել, սակայն նշանավորվել է հարսանեկան արարողությամբ: Ամիսներ հետո Ալբերտ Մելքոնյանը մեկնել է ՌԴ Նովի-Ուրենգոյ քաղաք՝ իր մշտական բնակության վայրը: Արեգնազ Մովսիսյանը բնակվել է Մելքոնյանի տանը, ապա վերջինիս ՌԴ Նովի-Ուրենգոյ քաղաք մեկնելուց հետո անգամ Մելքոնյանից ստացել է նյութական օգնություն, քանի որ Ալբերտ Մելքոնյանի պահանջով ազատվել էր աշխատանքից: Ավելի ուշ Արեգնազը հիվանդացել է եւ դարձել 2-րդ խմբի հաշմանդամ: Երեք տարի հետո Ալբերտ Մելքոնյանը հանկարծամահ է եղել, Արեգնազ Մովսիսյանի հարազատների օգնությամբ նրա դին տեղափոխել են Եղվարդ ու հուղարկավորել:

Այնուհետեւ ժառանագությանը տիրանալու համար Ալբերտ Մելքոնյանի հարազատների ու Արեգնազ Մովսիսյանի միջեւ սկսվել են դատական վեճերը: Թե առաջին ատյանի եւ թե քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանները մերժել են Ալբերտ Մելքոնյանի խնամքի տակ գտնվելու փաստը հաստատելու մասին Արեգնազ Մովսիսյանի հայցադիմումները` անհիմն լինելու պատճառաբանությամբ:

2000թ. սեպտեմբերի 4-ի որոշմամբ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Յ. Բաղդասարյանը մերժել էր ընդունել քաղաքացի Արեգնազ Մովսիսյանի հայցադիմումը՝ հանգուցյալ Ալբերտ Մելքոնյանի ընտանիքի անդամ, ինչպես նաեւ ք. Եղվարդ, Սպանդարյան փողոց, թիվ 13 տան նկատմամբ իր բնակտարածության օգտագործման իրավունքը ճանաչելու մասին: Համաձայն դատարանի որոշման, հայցադիմումը ենթակա չէ դատարանում քննության, քանի որ նույն անձանց միջեւ, նույն առարկայի մասին եւ միեւնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ:

Որոշումը բողոքարկվել է նշված դատարանի նախագահ Տ.Սահակյանին, որը, քննելով դատավոր Յ. Բաղդասարյանի որոշումը վերանայելու մասին քաղաքացու դիմումը, հայցադիմումը մերժելու համար վկայակոչել է այլ հիմքեր` «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189 հոդվածում հստակ նշված է այն փաստերի ցանկը, որ իրավասու է հաստատել դատարանը: Տվյալ դեպքում հայցվորի պահանջը ընտանիքի անդամ եւ բնակտարածության օգտագործման իրավունքը ճանաչելու մասին չի կարող հաստատվել որպես իրավաբանական փաստ եւ դիմումը այդ առումով ենթակա չէ քննության դատարանում»: Որպես հայցադիմումը չընդունելու հիմք՝ որոշման մեջ համենայն դեպս նշվում է նաեւ, որ դատարան չեն ներկայացվել հայցադիմումը հիմնավորող փաստաթղթերը, չի վճարվել պետտուրքը:

Դատարանի նախագահը նշում է, որ Ա.Մովսիսյանը կարող է դիմել դատարան ուրիշի խնամքի տակ գտնվելու փաստը հաստատելու պահանջով: Միաժամանակ հավելում է, որ նման դիմում քաղաքացին արդեն իսկ ներկայացրել է եւ 1999թ. հոկտեմբերի 4-ի վճռով այն մերժվել է: «Այսինքն` նույն առարկայի մասին եւ միեւնույն հիմքերով առկա է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ»: Որպես այդպիսին հիշատակել է դատարանում քննության առնված Արեգնազ Մովսիսյանի հայցապահանջը՝ Ա. Մելքոնյանի խնամքի տակ գտնվելու փաստը ճանաչելու պահանջի մասին:

Դատարանի նախագահի որոշումից պարզ է դառնում, որ հայցադիմումի ընդունումը կարող էր մերժվել` նույն առարկայի եւ միեւնույն հիմքերով դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ լինելու պատճառաբանությամբ: Սակայն Արեգնազ Մովսիսյանը ներկայացրել է բոլորովին այլ բովանդակությամբ հայցադիմում: Իրավաբանները, վերլուծելով Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի հայցադիմումը մերժելու մասին դատավորի ու դատարանի նախագահի որոշումները, դրանք միանշանակ ապօրինի են համարում: «Դատարանի նախագահը, ինքն իսկ նշելով, որ հայցվորի վերջին պահանջը ենթակա չէ դիմումային վարույթով քննության, այսինքն՝ ենթակա է հայցային վարույթով քննության, եւ հայցվորն էլ հայց է հարուցել եւ ոչ թե դիմում, այն դեպքում, երբ առաջին պահանջի վերաբերյալ դիմումային վարույթով է վճիռ կայացվել, սխալ հետեւություն է արել, թե իբր նույն առարկայի մասին եւ միեւնույն հիմքերով առկա է նաեւ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ: Ակնհայտ է, որ ընտանիքի անդամ ճանաչելու եւ բնակ. տարածության օգտագործման իրավունքը ճանաչելու պահանջի վերաբերյալ կողմերի մասնակցությամբ գործ դատարանը չի քննել եւ նման վճիռ առկա չէ»,-հայցադիմումի ընդունումը մերժելն այսպես մեկնաբանեց փաստաբան Կարեն Մեժլումյանը:

Նա նշեց, որ դատարանը ՀՀ քաղ. դատ. օր-ի 91 հոդ.1-ին մասի 2-րդ կետի հիմքով մերժելով Ա. Մովսիսյանի հայցի ընդունումը, խախտել է վերջինիս ՀՀ Սահմանադրության 39 եւ ՀՀ քաղ. դատ. օր-ի 2-րդ հոդվածներով երաշխավորված՝ խախտված իրավունքնների դատական պաշտպանության իրավունքը՝ Ա. Մովսիսյանին զրկելով դատական պաշտպանության հնարավորությունից: Հարկ է նշել, որ հայցադիմումը կազմելիս հնարավոր խախտումները, ինչի մասին հպանցիկ նշվում էր դատավոր Յ. Բաղդասարյանի հայցադիմումը մերժելու մասին որոշման մեջ, նույնպես խնդիր չէ, քանի որ ըստ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92 հոդվածի 3 կետի, հայցադիմումը վերադարձնելն արգելք չէ թույլ տրված խախտումները վերացնելուց հետո դատարան կրկին դիմելու համար: Մանավանդ որ, հայցվորն իր պահանջը հիմնավորող ապացույցներ ունի դատարանին ներկայացնելու, անկախ նրանից՝ դատարանը նրա ներկայացրած փաստարկները բավարար կհամարե՞ր պահանջը բավարարելու համար, թե՝ ոչ:

Ա. Մովսիսյանի հայցապահանջը հիմնավորող մի շարք փաստարկներ հետազոտվել են այլ դատական գործերով: Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Ն.Գալստյանի նախագահությամբ, ընդունել է, որ «1996թ. սեպտեմբերի 1-ին Ալբերտ Մելքոնյանի տանը նշանավորվել է նրանց ամուսնության արարողությունը, սակայն ամուսնությունը ԶԱԳՍ-ի մարմիններում չի գրանցվել»: Այդ փաստաթղթերի թվում է, մասնավորապես, 1997թ. օգոստոսի 17-ի ամսաթվով Ալբերտ Մելքոնյանի ստորագրությամբ համաձայնագիրը, որով տանտերը համաձայնություն է տվել, որպեսզի Մովսիսյանը գրանցվի իր տանը եւ նա գրանցվել է 99թ.-ի հունիսի 15-ին: Ըստ հեռախոսազանգերի մասին տեղեկանքի, նույնիսկ ՌԴ մեկնելուց հետո Մովսիսյանը մշտական հեռախոսակապի մեջ է եղել ներկայումս հանգուցյալ Մելքոնյանի հետ:

Ավելի ուշ հարուցված մի քրեական գործով հարսանյաց արարողության տեսաերիզը իրեղեն ապացույց է ճանաչվել: Նույն քրեական գործի քննության ժամանակ հարեւանները ցուցմունք են տվել, այնուհետեւ նաեւ նոտարով հաստատված հայտարարություններով հավաստել են, որ Ա. Մովսիսյանը «փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է եղել Ա. Մելքոնյանի հետ», ի տարբերություն վերջինիս հարազատների այն պնդումների, թե տիկին Մովսիսյանը վարձվել է իբրեւ աղախին կամ պահակ՝ տան խնամքն իրականացնելու համար:

Արեգնազն ասում է, որ ինքն ամենից շատ վիրավորված է այդ պիտակներից: «Ալբերտի քույրը եղբոր հետ ոչ մի կապ չի ունեցել եւ, թերեւս, նա կարող է հայտարարել, որ ինձ չի ճանաչում: Սակայն լիազորագրով դատարանում հանդես եկող հարազատները, որ ամուսնական արարողության ժամանակ բաժակաճառեր էին ասում, ինչպես կարող են ինձ «տան պահակ կամ աղախին» համարել: Չէ՞ որ տեսագրությունը զննվել է նրանց իսկ պահանջով հարուցված քրեական գործով»: Ավելին, ավելի ուշ Ա. Մելքոնյանի հարզատների հայտարարության հիման վրա քրեական գործ է հարուցվել «իրեն ենթադրաբար Ա.Մելքոնյանի կինը համարող Արեգնազ Մովսիսյանի դեմ: Սակայն, մեղադրական եզրակացությունը շարադրելիս քննիչը նրան շնորհել է «այրու» կարգավիճակ:

Իրավաբանները նշում են, որ հանրապետությունում ձեւավորված դատական պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ փաստական ամուսնական հարաբերության մեջ գտնվելու, այն է՝ ընտանիքի անդամ հանդիսանալու հիմքով, ճանաչվում է հայցվորի բնակ. տարածության օգտագործման իրավունքը: Նման գործերով առկա են նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի դրական որոշումները, որոնք տպագրված են ՀՀ վճռաբեկ դատարանի ժողովածուներում: Գուցե հենց այդ հնարավորությունը չընձեռելու նկատառումով է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը մերժել ընդունել Ա. Մովսիսյանի հայցադիմումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter