
Որևէ սոցիալական ծրագիր չի կրճատվել, և չի էլ նախատեսվում կրճատում. Արտեմ Ասատրյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հաղորդմամբ՝ նախարարությունը նախատեսում է սոցիալական ծառայությունների հասցեականության մեծացում, որի շնորհիվ զբաղվածության ոլորտում նոր ծրագրեր կիրականանան։
Սոցիալական աջակցության այդ ծրագրերը կուղղվեն անաշխատունակ և սոցիալական հոգածության կարիք ունեցողներին։ Նաև որոշակի մոտեցումներ են ձևավորվել, որով սոցիալապես անապահով շերտերի գազի և էլեկտրաէներգիայի սակագները կհաշվարկվեն տարբերակված մոտեցմամբ։ Մինչ տարեվերջ կհստակեցվեն այդ սակագները և շահառուների տվյալները։
Ասատրյանը ցանկանում է շեշտել, որ սոցիալական ոլորտին ուղղվող ծախսերը վերջին տարիներին աընդհատ աճել են, և որ որևէ սոցիալական ծրագիր չի կրճատվել, և չի էլ նախատեսվում կրճատում։
«Վերջին երկու տարիներին իրականացրած կենսաթոշակների բարձրացման արդյունքում ունեցանք բյուջետային լրացուցիչ ծախսերի ավելացում և բնականաբար այդ ծախսերը տեղափոխվում են հաջորդ տարիների բյուջե։ Այս առումով, հստակ ուզում եմ նշել՝ որևէ սոցիալական ծրագիր ոչ միայն չի նախատեսվում կրճատել, այլ նախատեսվում են նոր ծրագրերի իրականացում»,- նշում է նախարարը։
Տարեցների խնամքի ապահովման նպատակով նախարարությունը նախատեսել է կազմակերպել պետություն-ՀԿ համագործակցություն, որի շնորհիվ ծրագրերի իրականացման աշխարհագրությունը կընդլայնվի, կավելանա դրա շահառուների թվաքանակը։
Մեկնաբանել