HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը

Երևան քաղաքի ավագանու հերթական նիստում միաձայն հավանության է արժանացել  ավագանու 2010 թ. դեկտեմբերի 23-ի համապատասխան որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը, որով Երևան քաղաքի 2011 թ. բյուջեի եկամուտները և ծախսերը նվազել են 97 միլիոն դրամով, ինչը պայմանավորված է ՀՀ կառավարության որոշմամբ` պետության կողմից Երևանի քաղաքապետին կրթական ծրագրերի գծով պատվիրակված լիազորությունների իրականացման համար ֆինանսավորման նվազեցմամբ:  Ներկայացված հարցի հաջորդ ենթակետով երեխաների հաճախելիության աճով պայմանավորված, Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծախսային մասերը Երևան քաղաքի 2011թ. բյուջեից այլ ծախսերի խնայողությունների հաշվին համապատասխանաբար ավելացվել են 19 և 29 միլիոն դրամով:

Ավագանու միաձայն որոշմամբ հաստատվել է Երևան քաղաքում տեղական տուրքերի և վճարների 2012 թ.դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագիծը: Միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա իջեցվել է համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող, վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկա-տնտեսական  պայմաններ մշակելու և հաստատելու ավարտված շինարարության շահագործումը փաստագրող տեղական վճարը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այս մասով տեղական վճարի նվազեցուման հետևանքով, Երևան քաղաքի բյուջեն  կհամալրվի եկամտի այլ աղբյուրներից:

Ավագանին նաև որոշել է Միավորված Ազգերի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակին «Գեղեցիկ Երևան» ծրագրի իրականացման համար, որպես համաֆինանսավորում, հատկացնել  12 միլիոն 950 հազար դրամ:

Ավագանու կողմից հավանության են արժանացել նաև գույքի նվիրատվության և գույք նվիրաբերելու մասին որոշման նախագծերը: Առաջինը մի շարք բանկերի և կազմակերպությունների նվիրատվությունն է Երևան համայնքին`մայրաքաղաքում իրականացված  գեղարվեստական լուսավորման աշխատանքների համար, ինչի առնչությամբ  Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել մասնակից բոլոր կազմակերպություններին: Երկրորդ նվիրատվությունը` Երևան համայնքի նվերն է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտին:       

Ավագանին միաձայն հավանություն է տվել «Երևանտրանս» ընկերության հաստիքացուցակում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծին, ըստ որի մայրաքաղաքի փողոցներում տեղադրված տեսախցիկների աշխատանքը համակարգելու համար կստեղծվեն օպերատորների, ինչպես նաև նոր ներկրվող ավտոբուսներով պայմանավորված`վարորդների և տեխնիկական սպասարկողների հաստիքներ:

Երևանի քաղաքապետը օրակարգի այս կետի առնչությամբ նշել է, որ 2011 թ.-ին մայրաքաղաքում տեղադրված 60 տեսախցիկներին հաջորդ տարի կգումարվեն ևս 60-ը, ինչը թույլ կտա տրանսպորտային տեղաշարժն ավելի արդյունավետ համակարգել:

Ավագանու միաձայն հավանությանն արժանացած հաջորդ որոշման նախագիծը վերաբերել է Երևանի և Փարիզի քաղաքապետարանների միջև բարեկամության և համագործակցության համաձայնագրին:

Երևանի ավագանու հերթական նիստը կգումարվի դեկտեմբերի 23 –ին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter