
Ռոբերտ Քոչարյանը կրկին հիշեցրել է իր մասին, իսկ Ահարոն Ադիբեկյանը նրա պատճառով չի ուզում կախվել
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ հաստատ գիտի` գործող նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ ժողովուրդն իրոք պահանջարկ ունի: Սա Հանրապետական կուսակցության պատգամավորի պատասխանն է այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքէջում (www.2rd.am) հրապարակված հոդվածին, որտեղ նշվում է, թե Ռ. Քոչարյանի հենարանը ժողովուրդն է:
Ըստ հրապարակման՝ 2011 թ. մայիս ամսից կայքն իր միջոցներով ոչ պրոֆեսիոնալ հարցումներ է ացկացնում հանրապետության մարզերում եւ Երեւանում: Ինչպես հավաստիացնում է անհայտ հոդվածագիրը, հարցումներն իրականացվել են անշտապ, առանց որեւէ մեկին որեւէ բան ապացուցելու անտեղի ձգտման եւ «առանց հայկական սոցիոլոգիայի որոշ ներկայացուցիչներին հատուկ պատվերի ընդունման ու թվանկարչության ավանդույթի»:
Նշված ժամանակահատվածում հարցումներին մասնակցել է 1000 մարդ: Նրանցից 812-ը (81 տոկոսը) կողմ են մեծ քաղաքականություն Ռոբերտ Քոչարյանի վերադարձին, 754-ը (75 տոկոսը) ոչ միայն կողմ են, այլեւ կոչ են անում անպայման վերադառնալ եւ կրկին պատասխանատվություն ստանձնել երկրի ճակատագրի համար, իսկ հարցվածների մոտ 65 տոկոսը` 654 մարդ, միայն Ռոբերտ Քոչարյանի հետ է կապում երկրի ապագա բարգավաճման հույսերը:
Հարցին, թե ժողովրդի մոտ այսօր Սերժ Սարգսյա՞նն ավելի մեծ պահանջարկ ունի, թե՞ Ռոբերտ Քոչարյանը, Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց. «Այսօր գործող նախագահը շատ լավ աշխատում է, ժողովուրդը նրան, իր վարած քաղաքականությանը եւ կուսակցությանն ընդունում է եւ կարող եմ ասել, որ այդ հրապարակված տոկոսները գործող նախագահի մասին է»:
Կայքում հրապարակվածը ոչ այլ ինչ է, քան հավաստիացում, թե Ռոբերտ Քոչարյանի պահանջարկն այսօր կա, եւ նրա վերադարձը մեծ քաղաքականություն յոթ սարերի հետեւում չէ:
«Տարօրինակ է, բայց փաստ է նաեւ, որ մեր հարցումները որքան ավելանում են, այնքան նյարդայնացնում են որոշ լրատվամիջոցների: Ընդ որում՝ այդ նյարդային վիճակը հուշում է, որ նրանց համար էլ հարցումների արդյունքները համոզիչ են եւ կասկածի տեղիք չեն տալիս: Այսինքն` որքան բարձր է, եւ բարձրանում է Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը, այնքան որոշ գործիչների ու քաղաքական շրջանակների ու նրանց շահերը սպասարկող լրատվամիջոցների խուճապային վիճակն ավելի ընդգծվում է: Նրանք շատ կուզեին, որ մեր հարցումները «սարքված» լինեին: Այդ դեպքում նրանք անհանգստանալու լուրջ պատճառ չէին ունենա,- ասվում է հոդվածում:- Ինչքան էլ կուսակցությունների ու անհատների անուններ տրվեն, Քոչարյանի իրական հենարանը ինչպես եղել, այնպես էլ մնում է ժողովուրդը»:
Հրապարակումը ակնարկ է կամ ՀՀԿ-ին, որը Ռոբերտ Քոչարյանի վերադարձի համար դեռ նախադրյալներ չի տեսնում, կամ էլ` ՀԱԿ-ին: Վերջինս էլ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում է 2008 թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների եւ նրա նախագահության տարիներին երկրում կատարվող մի շարք ապօրինություների մեջ:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը մեզ հետ զրույցում ասաց, թե Ռոբերտ Քոչարյանը, որպես նախագահի կամ վարչապետի թեկնածու զբաղեցնում է 6-րդ տեղը` Սերժ Սարգսյանից, Տիգրան Սարգսյանից, Գագիկ Ծառուկյանից, Լեւոն Տեր Պետրոսյանից, Րաֆֆի Հովհաննիսյանից հետո:
«Ռոբերտ Քոչարյանը երբեք 81 տոկոսանոց ռեյտինգ չի ունեցել, իր առավելագույնը եղել է 59 տոկոս Դեմիրճյանի հետ ընտրությունների ժամանակ, երկրորդ ընտրության ժամանակ՝ առաջին փուլում, ռեյտինգը եղել է 47, հետո, երբ մնաց Ստեփան Դեմիրճյանի հետ, 65 տոկոս: Նման բարձր ռեյտինգ նա չի կարող ունենալ»,- ավելացրեց սոցիոլոգը:
Ահարոն Ադիբեկյանի խոսքերով՝ Ռոբերտ Քոչարյանի կայքէջում հրապարակված տվյալները կեղծ են եւ դրա վրա ուշադրություն պետք չէ դարձնել: Անդրադառնալով Ռ. Քոչարյանին գովերգող հոդվածում տեղ գտած այն դիտարկմանը, թե իրենք չեն ապավինել հայկական սոցիոլոգիայի որոշ ներկայացուցիչների հատուկ պատվերի ու թվանկարչության ավանդույթին՝ Ադիբեկյանն ավելացրեց. «Թող ասեն, հիմա ի՞նչ անեմ, գնամ կախվե՞մ: Ամեն մեկն էլ այդպես է ասում, որ ինքը սոցիոլոգ է, ուրիշները սոցիոլոգ չեն: Ախր տվյալները պետք է հիմնավորում ունենան եւ իրականությանն էլ համապատասխանեն»:
Ըստ նրա՝ եթե հարցումներն արվել են ինտերնետում, ապա այն «լրիվ սուտ բան է»:
Մեկնաբանություններ (43)
Մեկնաբանել