Պետբյուջեի «եթե»-ները ...
Լրագրողների հետ հանդիպմանը երկու օր առաջ Հայաստանի ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը, անդրադառնալով Հայաստանի պետական պարտքի թեմային, նշեց, որ 2014-2016թթ. ՀՀ պետական պարտքի աճը կազմում է շուրջ 900 մլն դոլար։ Նախարարը շեշտեց, որ պետպարտքն ավելացել է գրեթե այնքան, որքան նշված ժամանակահատվածում պակասել են արտերկրից ՀՀ կատարվող դրամական փոխանցումները՝ տրանսֆերտները։
«Վերջին 2-3 տարիներին տրանսֆերտները 700 մլն դոլարի չափով կրճատվել են։ Այս տարի էլ 140 մլն դոլարով կկրճատվեն։ Այսինքն` այդքան արտարժույթ չի մտել Հայաստան»,- ասաց ֆինանսների նախարարը։ Ըստ նրա՝ այս երեք տարիներին տրանսֆերտների կրճատմանն էլ գումարվել է համաշխարհային շուկայում գունավոր մետաղների գնանկումը, ինչը ևս զգալի հարված է հասցրել Հայաստանի տնտեսությանը։ Եվ ՀՀ կառավարությունը պարտք է վերցրել արտաքին աղբյուրներից այդ բացերը լրացնելու համար։ Հակառակ դեպքում, ըստ Վ. Արամյանի, եթե կառավարությունը հակազդող քայլեր չձեռնարկեր, ապա՝ կունանայինք տնտեսական բացասական աճ։
Նախարարը նաև նշեց, որ այս տարեվերջին ՀՀ պետական պարտքը կմոտենա 6 մլրդ դոլարի սահմանագծին։ Նրանց համար, ովքեր հասցրել էին ծանոթանալ 2017թ. ՀՀ պետական բյուջեի նախագծին, սա նորություն չէր, քանի որ նույնը նշվում է նաև բյուջետային ուղերձում։ Ավելին, այնտեղ նաև գրված է, որ 2017-ի տարեվերջին ՀՀ պետական պարտքը, ինչպես կանխատեսվում է, կկազմի 6 մլրդ 277 մլն դոլար։ Հաշվարկի համար հիմք է ընդունվել 1 ԱՄՆ դոլար=474.69 դրամ փոխարժեքը։
Ու քանի որ ֆինանսների նախարարը պետական պարտքի աճը ուղիղ կապել է տրանսֆերտների կրճատման հետ, տեսնենք, թե ինչ է սպասում տրանսֆերտների մասով՝ ըստ բյուջեի նախագծի։ Բայց մինչ այդ, ինֆոգրաֆիկաների միջոցով ավելի պատկերավոր հասկականք՝ ինչ դինամիկա են գրանցել տրանսֆերտներն ու պետական պարտքը 2014-ից մինչև այս տարվա օգոստոս ամիսն՝ ըստ պաշտոնական վիճակագրության։
Տրանսֆերտների ծավալները ցույց տվող ինֆոգրաֆիկայում կանաչով ներկայացված է ընդհանուր ներհոսքը։ Տվյալները ցույց են տալիս, որ 2014-2015թթ. նվազումը կազմել է ավելի քան 670 մլն դոլար։ Եթե դրան էլ գումարում ենք այս տարվա 140 մլն դոլարի կրճատումը (սպասողական), ապա ստացվում է, որ 2014-2016թթ. կրճատումը կկազմի 810 մլն դոլար։ Համեմատության համար ներկայացրել ենք նաև ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը՝ զուտ ներհոսքը, որի կրճատումը ևս զգալի է։
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների
Իսկ պետական պարտքն այս ընթացքում՝ ներառյալ այս տարվա առաջին ութ ամիսներն, աճել է մոտ 900 մլն դոլարով։
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների
Ինչպես տեսնում ենք, տրանսֆերտների կրճատման ծավալն ու պետպարտքի աճի ծավալները նույնը չեն, իհարկե, սակայն հեռու ցուցանիշներ էլ չեն։ Տարվա վերջում ամբողջական տվյալներն ավելի հստակ կլինեն։
Բյուջե՝ տրանսֆերտների ու պղնձի հույսին
Հիմա տեսնենք` ինչ է նախատեսում բյուջեն տրանսֆերտների մասով։ Բյուջետային ուղերձից հետևում է, որ ՀՀ կառավարությունը 2017-ի համար ակնկալում է 3.2% աճ։ Բյուջեն մշակողները սպասում են, որ աճին պետք է նպաստեն պղնձի համաշխարհային գների բարձրացումը, ռուսական տնտեսության աճը, որը պետք է հանգեցի դեպի Հայաստան տրանսֆերտների ավելացմանը և այս տարի իրականացված խթանող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունը։ Տնտեսական աճն էլ իր հերթին պետք է բերի հարկերի ավելացում և այսպես շարունակ՝ տնտեսության բոլոր շղթաներով։
«2017 թվականին տնտեսական աճը արագացող կլինի` պայմանավորված ինչպես արտաքին զարգացումներով` մասնավորապես Ռուսաստանի տնտեսության և պղնձի համաշխարհային գների վերականգնմամբ, այնպես էլ 2016թ. իրականացված խթանող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությամբ: 2017 թվականի համար իրական ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է ավելի բարձր 2016 թվականի համեմատությամբ` 3.2%-ի չափով, որին հիմնականում կնպաստեն ծառայությունների և արդյունաբերության ճյուղերը: Տնտեսական աճի կանխատեսման մեջ հաշվի են առնվել Ռուսաստանի տնտեսական աճի, հումքային ապրանքների գների զարգացման միտումները, ինչպես նաև ներքին տնտեսական քաղաքականության ազդեցության գնահատականները»,- գրված է բյուջետային ուղերձում:
Ավելի պարզ ասած՝ սա նշանակում է, որ առաջիկա տարում, ինչպես երևում է բյուջեի նախագծից, Հայաստանի տնտեսությունը շարունակելու է մեծ կախվածություն ունենալ արտաքին գործոններից ու ենթարկվել այդ գործոններին, ինչը ցանկացած պահի կարող է հարված հասցնել տնտեսությանը, որի վառ ապացույցը նախորդ երեք տարիներն են։
Դա էլ նշանակում է, որ եթե Ռուսասատանի տնտեսությունը դրական ցուցանիշներ չգրանցի ու տրանսֆերտները չավելանան, պղնձի գներն էլ չբարձրանան, 3.2% տնտեսական աճը միայն խթանող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությամբ, դժվար թե, «կյանքի կոչվի»։
Այսպիսով, երկու պարզ երևույթ ունենք՝ բյուջեով 2017-ի վերջում պետական պարտքը կանխատեսվում է մոտ 6.3 մլրդ դոլար և նույն բյուջեով սպասվում է տրանսֆերտների աճ ու պղնձի թանկացում։ Այլ խոսքով՝ սպասվում է, որ նույնիսկ տրանսֆերտների աճի ու պղնձի թանկացման դեպքում պետպարտքը այդքան է կազմելու։ Իսկ որքանով է երաշխավորված, որ Ռուսաստանի տնտեսությունը կաճի ու տրանսֆերտները կավելանան, կամ որ պղնձի գները կբարձրանան։ Իսկ եթե հակառակը լինի՞։ Եթե տրանսֆերտները նվազեն ու եթե գործի այն ուղիղ կապը, որ տրանսֆերտները նվազմանը զուգահեռ պետպարտքն աճում է, ապա տարվա վերջում պետական պարտքն, ամենայն հավանականությամբ, ավելի մեծ կլինի, քան կանխատեսվող մոտ 6.3 մլրդ դոլարն է։
Եվ սա այն դեպքում, երբ դեռ միայն պետական պարտքի մասին ենք խոսում։ Ինչպես մեր տնտեսությունը, այնպես էլ այս պետբյուջեի «եթե»-ները մեծ չափով կախված են արտաքին գործոններից ու այդպես էլ կմնան, քանի դեռ շրջադարձային ու որակական փոփոխություններ չեն արվում։
լուսանկարում ֆինանսների նախարար Վարդան Արամյանն է / minfin.am
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել