HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայկական շուկան՝ թվերով. ծխախոտ

Ծխախոտի արտադրությունն Հայաստանի մշակող արդյունաբերության եզակի ոլորտներից, որը դինամիկ զարգանում է։ Ներկայում էլ սիգարետը Հայաստանի արտահանման կազմում երկրորդ խոշորագույն ապրանքախումբն է, որն արտահանման մաքսային արժեքով զիջում է միայն պղնձին։

Այս տարվա առաջին ութ ամիսներին, ընթացիկ գներով, Հայաստանում ծխախոտի արտադրությունը կազմել է 78.7 մլրդ դրամ։ 2015-ի նույն ընթացքի համեմատ արտադրության ծավալները 15.9%-ով աճել են։

Ինչպես վկայում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) տվյալները, նշված 8 ամիսներին՝ հունվար-օգոստոսին, ծխախոտի արտադրությունը զբաղեցրել է ՀՀ մշակող արդյունաբերության 14.4%-ը։ Ավելի վաղ ներկայացրել ենք, թե ինչ կառուցվածք ունի ՀՀ մշակող արդյունաբերությունը։

Տարեկան տվյալներով՝ 2015-ին ծխախոտի արտադրության ծավալները Հայաստանում աճել են 49.1%-ով, 2014-ին՝ 36.5%, 2013-ին՝ 19.6%: Խոսքը ոչ թե արտադրության ֆիզիկական ծավալների մասին է, այլ՝ գումարի։

Հայաստանում արտադրված ծխախոտի մեծ մասն արտահանվում է՝ շուրջ 80%-ը և երբեմն էլ ավելին։ Արտահանման ֆիզիկական ու մաքսային արժեքի, ինչպես նաև գնորդ-երկրների վերաբերյալ վերջին ցուցանիշներն այս տարվա առաջին կիսամյակինն են։

Ըստ ՀՀ մաքսային ծառայության՝ այս տարվա հունվար-հունիսին Հայաստանից արտահանվել է մոտ 8.4 մլրդ հատ սիգարետ (նաև՝ սիգար, սիգարիլլա), որի ընդհանուր արժեքը (մաքսային) կազմել է մոտ 88.5 մլն ԱՄՆ դոլար։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ արտահանված սիգարետի քանակն ավելացել է մոտ 1.86 մլրդ հատով կամ 28.5%-ով, իսկ արժեքը՝ 17 մլն դոլարով կամ մոտ 24%-ով։

Առնվազն վերջին 5 տարիներին ծխախոտի արտահանումը Հայաստանից անշեղորեն ու նկատելի տեմպերով աճել է։ Իսկ ներմուծումը՝  հակառակը,  2013-ից նվազում է։ Բայց միայն այս տարվա առաջին կիսամյակում որոշակի աճ է նկատվում։

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 1.4 մլրդ հատ սիգարետ (սիգար, սիգարիլլա)՝ 18.9 մլն դոլար մաքսային արժեքով։ Ներմուծվող սիգարետների քանակն աճել է մոտ 300 մլն հատով կամ 26.7%-ով, իսկ արժեքը՝ 1 մլն դրամով կամ 5.7%-ով։


Create line charts

Հայկական ծխախոտն արտահանվում է մեծամասամբ Իրաք, այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով՝ ամբողջ արտահանման 73%-ը (ըստ մաքսային արժեքի): Հայկական ծխախոտի նկատմամբ որոշակի հետաքրքրություն կա նաև Լիտվայում, ԱՄԷ-ում, Լյուքսեմբուրգում, Գերմանիայում, Լեհաստանում և այլուր։ Իսկ ծխախոտ Հայաստանը ներմուծում է մեծամասամբ Ուկրաինայից ու Ռուսաստանից։ Հիշեցնենք, որ Հայաստանում ծխախոտի հումքի մթերմամբ, վերամշակմամբ և սիգարետի արտադրությամբ զբաղվող երեք խոշոր ընկերություն կա' «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը, ՍՊԸ-ն, «Ինտերնեշնլ Մասիս Տաբակ» ՍՊԸ-ն և «Մասիս Տոբակո» ՍՊԸ-ն: Դրանք երեքն էլ պատկանում են «Գրանդ Հոլդինգ» կոորպորացիային։ Ըստ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՀՀ ՏՄՊՊՀ)՝ ծխախոտի շուկայում այս երեք ընկերություններից ամենամեծ մասնաբաժինը պատկանում է «Գրանդ Տոբակո»-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter