
Վանանդում դդում կվերամշակեն և հյութ կարտադրեն
Կառավարության նոյեմբերի 24-ի նիստում ներառված է Արմավիրի մարզի Վանանդ գյուղական համայնքի գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերից 6.71 հեկտար հող արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական օբյեկտների հողերի կատեգորիա փոխադրելու հարցը` հյութերի արտադրամասի կառուցման համար:
Վանանդի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Դալալոլյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ հյութերի գործարանը կառուցում է «Նոյան» գործարանը: Այն պատկանում է «Եվրոթերմ» ընկերությանը:
Ըստ նրա` «Նոյանը» միայն հյութի արտադրությամբ չի զբաղվելու: Լինելու է նաեւ դդումի վերամշակման արտադրամաս: Վանանդում է լինելու նաեւ դդումի վերամշակման ընդունման կայանը: «Հողերը գյուղատնտեսության համար ոչ պիտանի հողեր են: Նախկինում ավազի հանք է եղել, լավ հողեր չեն, ուրիշ բանի համար չի օգտագործվի»,-ավելացրեց Արթուր Դալալոլյանը:
Աշխատակազմի քարտուղարն ասաց, թե մեծ գործարան է լինելու եւ շատ աշխատատեղեր են բացվելու: «Երեւի միայն մեր գյուղի բանվորական ուժը չբավականեցնի գործարանին»,-ավելացրեց Ա. Դալալոլյանը:
Մեկնաբանել