Նոր ոտնձգություններ` Չուբարյանների սեփականության նկատմամբ
Այսօր կրկին ահազանգ է ստացվել Երևանի Նալբանդյան 106/1 հասցեում պաշտոնապես կասեցված շինարարական աշխատանքների շինհրապարակի հարակից շենքերի բնակիչներից:
Նալբանդյան 106/1-ի նախկին ՆԳՆ մանկապարտեզի տեղում կասկածելի հիմունքերով շինարարություն իրականացնող «Ավագ Շին» ՍՊ ընկերության ներկայացուցիչները մոտ մեկ ամիս առաջ ոտնձգություններ էին իրականացրել հայ քանդակագործ, ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ, ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Ղուկաս Չուբարյանի սեփական հողատարածքի նկատմամբ:
Այսօր նույն` 104 անհատական բնակելի տան բնակիչներին անհանգստացրել են արդեն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները, ովքեր բնակիչներից պահանջել են ներկայացնել իրենց իսկ գերատեսչության կողմից չտրամադրված որոշ փաստաթղթեր, իսկ հակառակ դեպքում սպառնացել են զավթել անվանի քանդակագործի սեփական տարածքը, որտեղ գտնվում են նրա արվեստանոցն ու աշխատանքները:
Անվանի քանդակագործի ընտանիքը, ում սեփականատիրական իրավունքներն արդեն հասկանալի նպատակներով մերժվել են քաղաքապետարանի կողմից, շարունակում է արհամարհված մնալ քաղաքային իշխանությունների կողմից, որոնք նույնիսկ չեն արտոնում ժառանգներին հայտնի իրավաբան Գրիգոր Չուբարի և քանդակագործ Ղուկաս Չուբարյանի հուշատախտակներն ամրացնել շենքի ճակատային մասում:
Քանդակագործի դուստր Անուշ Չուբարյանի խոսքերով՝ դեռևս մեկ տարի առաջ իր ներկայացրած համապատասխան դիմումից հետո քաղաքապետարանից պատրաստակամություն են հայտնել ավագանու նիստում քննարկել հարցը, սակայն առայժմ խոստումը մնում է օդի մեջ:
Կառուցապատողը ամենատարբեր պատրվակներով փորձում է քանդել ցանկապատը և մտնել տարածք՝ շինաշխատանքները շարունակելով անմիջապես բնակիչների սեփական տան դռան դիմաց և արհամարհելով նաև այն փաստը, որ տարածքը գլխավոր հատակագծում հատուկ առանձնացված է որպես մշակութային գոտի և, ըստ էության, որևէ կապ չպետք է ունենա հարակից շինհրապարակի հետ: Այսօր կեսօրին բնակիչների բարձրացրած աղմուկից հետո քանդող բրիգադը հեռացել է:
Այս հետևողական տեռորից դատելով՝ կարելի է ենթադրել, որ Չուբարյանների սեփականատիրական իրավունքների ոտնահարումը հետապնդել է տարածքը 106/1-ի կառուցապատողին հանձնելու նպատակը, ինչը կատարվել է դեռևս Գագիկ Բեգլարյանի օրոք՝ նրա ստորագրությունը կրող «Տեղեկանք-հինավորում» կոչվող փաստաթղթի ընդունամն արդյունքում, որի համաձայն` Նալբանդյան, Ավագ Պետրոսյան, Սայաթ-Նովա և Թումանյան փողոցներով պարփակված տարածքում կառուցապատող ճանաչված «Ավագ Շին» ՍՊԸ-ին տրամադրվել է ոչ թե 1796.9, այլ 9054 քառ. մետր տարածք:
Այս համատեքստում արդեն յուրաքանչյուր ոք կարող է սեփական հետևություններն անել առ այն, թե ինչու էին մերժվում Չուբարյանների ընտանիքի՝ իրենց հողատարածքի նկատմամբ սեփականությունը հաստատող հիմնավոր փաստաթղթերի թարմացման դիմումները:
Սակայն ցավալին այն է, որ այն գործարարները, որոնք ձգտում են կարճ ժամանակում գերշահույթ ունենալ նեոֆեոդալական այս շրջանում շինծու փաստաթղթերի հիման վրա էլիտար շինարարական ծրագրերի իրականացման միջոցով, պատրաստ են ոտնատակ անել գիտության, կրթության և մշակույթի ոլորտի երախտավոր գործիչների, ինչպես նաև նրանց ժառանգների իրավունքները:
«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել