Կոտրած տաշտակի առաջ
Մետաքսե Պետրոսյան,
Լիանա Սայադյան
Արա լեռան լանջին է փռված Արա գյուղը: Անվանումը կապված է հին հայկական դիցաբանությունից հայտնի Արա Գեղեցիկ թագավորի անվան հետ: Շամիրամի հետ պատերազմը նա վարել է այս լեռան վրայից եւ, ըստ ավանդության, թաղված է հենց այդտեղ: Գյուղի բնակիչները վստահեցնում են, որ լեռան վրա գտնվող տապանը նրանն է, պարզապես հնագետները դեռեւս չեն հետազոտել: Պատմական այս իրողությունն է պատճառը, թե գյուղի առանձնահատուկ բնակլիմայական պայմանները, որ այն գրավիչ է դարձել իբրեւ ամառանոց:
Կոտայքի մարզի գրեթե բոլոր գյուղերի նման Արագյուղի ցանքատարածությունները նույնպես այս տարի չխուսափեցին բնական աղետներից. հացահատիկի ցանքատարածությունները նախ ցրտահարվել էին, մնացածն էլ՝ կրծողներն ու մորեխները ոչնչացրին: Մի խոսքով, գյուղացուն այս տարի գրեթե բաժին չեն հանել: Գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Բալաբեկ Մեջլումյանի հավաստմամբ իրենք դիմել են մարզպետարան՝ խնդրելով փոխհատուցում տրամադրել ցրտահարված ցորենի եւ կրծողների դեմ պայքարելու համար, բայց առայժմ ոչինչ չեն ստացել: Իհարկե, գյուղացիները չեն սպասում վերեւներին, իրենք նախաձեռնել են պայքարի միջոցներ, բայց ինչպես իրենք են ասում՝ եղածի 40%-ն արդեն կորած է: Ցածր բերքատվության պատճառ է նաեւ պարարտանյութի անբավարարությունն ու անորակ սերմացույով գյուղին ապահովելը: Ըստ պրն. Մեջլումյանի, գյուղն ունի 450 տոննա պարարտանյութի պահանջ, բայց այս տարի, օրինակ, մարզպետարանն իրենց տրամադրել է ընդամենը 9 տոննա, իսկ սերմացույով չեն ապահովում ընդհանրապես: Սերմնացանը կատարվում է միայն գյուղացիների ունեցածով: Ոմանք լաբորատոր զննումով ծլունակությունը որոշելուց հետո են միայն ցանքը կատարում, իսկ ընդհանրապես սվորույթ է դարձել ունեցածով բավարավելը՝ ինչ հավաքում՝ այն էլ ցանում են: Արդյունքում, մի քանի անգամ նույն սերմը ցանելուց ցորենը շատ արագ վերափոխվում է իր նախկին տեսակին՝ աշորայի:
1040 բնակիչ ունեցող Արագյուղի զբաղվածության հիմնական ոլորտները գյուղատնտեսությունն ու անասնապահությունն են: Սեփականաշնորհված հողերում նոր այգիներ են հիմնել: Գյուղը շատ աղքատներից չէ, բայց մի բարվոք վիճակում էլ չէ: Ներկայումս ոռոգման ջրի խնդիր ունի: Նախկինում ջուրը մատակարարվել է Սեւանի Շամիրամ-Արզնի ջրատարից, բայց Նոր-Գեղի ջրագծի անցկացումից հետո զրկվել են ջրից: æուրն այսօր մղվում է պոմպակայաններով, որի հոսանքի ծախսը մինչ այս տարի փակել են գյուղին տրվող դոտացիայի հաշվին, քանի որ գյուղացիների ֆինանսական հնարավորություններից վեր է վճարել հոսանքի այդքան մեծ ծախսի դիմաց: Հաջորդ տարվանից, սակայն, այլեւս դոտացիա չի տրամադրվելու, ուստի ինքնահոս ջուր ունենալը հրատապ է: Սոցիալական ներդրումների հիմնադրամը գյուղապետարանին խոստացել է նոր ջրագիծ կառուցել մոտակա ժամանակներում:
Գյուղում բազմանդամ ընտանիքներ շատ կան՝ 4 եւ ավելի երեխաներով, բազմանդամ ընտանիքներին բնորոշ բոլոր խնդիրներով: Գաբրիելյան Գուրգենը չորս երեխաների հայր է, նրանց հետ են ապրում նաեւ մայրը եւ հաշմանդամ քույրը: Նա ինքը երկրորդ կարգի հաշմանդամ է: Այդ կարգավիճակը ձեռք էր բերել Չերնոբիլում զինվորական ծառայությունն անցկացնելու ժամանակ, հետվերականգնողական աշխատանքներին մասնակցելու ընթացքում օրգանիզմը ախտահարվել է ռադիոակտիվ ճառագայթներից: Ճիշտ է, նա այժմ հաշվառված է որպես դիսպանսեր հիվանդ, տարին մեկ անգամ ստանում է անվճար բժշկական օգնություն, բայց չունի ոչ մի արտոնություն: Միակ արտոնությունը, որ տրվել է նրան՝ տրանսպորտից մինչեւ 50կմ անվճար օգտվելու քարտն էր, որից սակայն երիտասարդ մա իրեն թույլ չի տվել օգտվել: Այդուհանադերձ, նա իրեն բարվոք վիճակում գտնվողներից մեկն է համարում՝ շնորհիվ իր ծանոթությունների, տարին մեկ անգամ բուժման կուրս է անցնում: Մինչդեռ իր կարգավիճակն ունեցող հարեւան գյուղից երկու այլ երիտասարդների, որոնց հետ միասին են անցկացրել զինվորական ծառայությունը, չհաջողվեց անգամ հաշմանդամության կարգ ստանալ՝ 300 դոլարի հասնող կաշառքը չունենալու պատճառով: Նույն պատճառով հաշմանդամության կարգ չունի քույրը, որն ի ծնե հաշմանդամ է: Հաշմանդամության կարգն ստանալու համար բժշկական զննություն պետք է անցնել՝ այսինքն մի շարք կաբինետներ պետք է մտնել, որի փորձն արել են, սակայն, նրանց ասելով, պահանջված գումարների չափը տեսնելով, հրաժարվել են այդ մտքից:
Սարալանջն ամրապնդում է իր անկախությունը
Արագյուղի հարեւանությամբ, սարի լանջին փռված այս փոքրիկ գյուղը դեռեւս հողաշեն տներով, վերջին տարիներին հարեւան գյուղերից կարողացել է առանձնանալ իր նշանակալի ձեռքբերումներով եւ, այդ իմաստով, օրինակելի կարող էր լինել բազում բարեկեցիկ համարվող գյուղերի համար: Գյուղապետարանին հաջողվել էր հեռախոսաֆիկացնել գյուղը, ոռոգման ջուր անցկացնել: 1974թ.-ին պետական որոշմամբ քանդվել էր գյուղի դպրոցը (օգտագործման պիտանի չլինելու պատճառով) եւ աշակերտները հաճախել էին կամ հարեւան Արագյուղի, կամ էլ՝ Զորավանի դպրոցներ եւ նույն պարբերությամբ նրանց էին կցվել նաեւ գյուղի վարչատնտեսական միավորները, հետագայում գյուղը միավորելու նպատակով, սակայն գյուղացիներն ընդդիմացել էին: Գյուղին հաջողվել էր պահպանել իր անկախությունը: Գյուղապետի տեղակալ Վանիկ Հայրապետյանի հավաստմամբ Սոցիալական ներդրումների հիմնադրամը խոստացել էր նոր դպրոց կառուցել գյուղի համար, (ներկայիս դպրոցը մի հին շենք է երկու կից տնակներով, որը միաժամանակ եւ գյուղապետարան է, եւ դպրոց) նախագիծն արդեն պատրաստ էր եւ առաջիկա օրերին աշխատանքները պետք է սկսվեին: Ծնունդների թիվը վերջին տարիներին խիստ նվազել է գյուղում, այս տարի առաջին դասարանը կազմավորվեց վեց աշակերտով: 2003թ.-ին գյուղում երեք երեխա է ծնվել, երեքն էլ՝ տնային ծնունդներ, ֆինանսական սուղ միջոցները թույլ չեն տալիս հիվանդանոց գնալ, իսկ բուժկետն էլ երկու տարի առաջ փակվել է միակ բուժքրոջ կրճատման հետեւանքով:
Գյուղն հարուստ է բազմազավակ ընտանիքներով՝ հինգից վեց երեխա, բոլորն էլ սոցիալական բեռի ծանրությունից կքած: Նման մի ընտանիքի տիպական օրինակ էր Տոնոյան Սիրուշի ընտանիքը՝ տասը շունչ, որից հինգն անչափահաս երեխաներ: Այս տարի առաջին դասարան ուղարկելիք երեխա ուներ. «Շվարել եմ, չգիտեմ ինչ անեմ, ոչ մի հարց չեմ կարողացել լուծել՝ ոչ դասագրքի ու գրենական պիտույքների, ոչ հագուստի: Մտածում եմ այս տարի չուղարկեմ, բայց մյուս տարի էլ բան չի փոխվելու, երեւի ուղարկեմ»:
Բազմանդամ ընտանիքների թվով նախորդ գյուղերին ոչ միայն չի զիջում, այլ այս առումով էլ հաճելիորեն առանձնանում է Զորավանը, 5-6 երեխա ունեցողները մեծ թիվ էին կազմում այս գյուղում: Այ, ինչ վերաբերում էր նրանց նկատմամբ ունեցած վերաբերմունքին, բոլորն էլ մեծ դժգոհություններ ունեին պետությունից: «Ոչ մի ուշադրություն չեն դարձնում բազմազավակության խնդիրներին, չեն հետաքրքրվում, թե ինչպես են մեծանում այդ երեխաները: Միայն երբ հասնում է զինվորական ծառայության ժամանակը, ծանուցագիր են ուղարկում, զգուշացնելով՝ հանկարծ չուշանաս: Եվ կամ լսում ես, որ երկու երեխա ունեցողը նպաստ է ստանում, իսկ հինգ կամ վեց երեխայով ընտանիքը՝ ոչ: Սոցապ ծառայությունն էլ չգիտես, թե բաշխման ինչ չափանիշներ է դրել: Գալիս տեսնում են բակումդ մի հին մեքենա կա կանգնած, թեկուզեւ օգտագործման ոչ պիտանի, կամ մի սառնարան ու անմիջապես որոշում՝ չի հասնում: Ստացվում է, որ եթե մարդը խոլերայով չի հիվանդացել, ուրեմն շատ լավ է»,- իր դժգոհությունն էր արտահայտում հինգ երեխաների հայր Հարություն Հարությունյանը:
Սոցիալական խնդիրների բազմերանգությամբ ու ընդհանրությամբ եւս նախորդներին չէր զիջում Զորավանը, 450 ծխով: Արտաքուստ բավականին բարեկարգ էր գյուղը, նախորդներից խիստ տարբերվող՝ բարվոք վիճակում գտնվող դպրոց, փոստ, բարեկարգ բուժկետ: Երկհարկանի տներ, դիմացը փռված տնամերձ հողամասերով, ուղիղ ձգվող փողոցներով: Տեղաբնակների վկայությամբ՝ գյուղը մոտ 200 տարվա պատմություն ուներ: Անցյալ դարի 60-ական թ.-ին գյուղը ջուր չունենալու պատճառով պետության որոշմամբ վերաբնակեցվել էր Աշտարակի շրջանում եւ գրեթե դատարկվել, մնացել է միայն մեկ ընտանիք: Հետագայում, 73թ. գյուղի մոտ կառուցվել է Անդրկովկասում իր տեսակի մեջ յուրօրինակ անասնապահական մեծ համալիր՝ իտալական տեխնոլոգիայով, ինչը նպաստել է գյուղի վերակենդանացմանը: Պարզվում է, որ հենց այդ տարիներին էլ պետական նախաձեռնությամբ կառուցվել են գյուղի երկհարկանի տները, այդպիսով շահագրգռելով թե նախկին բնակիչներին, եւ թե այլ շրջաններից՝ երիտասարդ ընտանիքների, բնակություն հաստատել գյուղում ու աշխատել ֆերմայում: Բնակիչները գոհունակությամբ էին խոսում այդ ժամանակաշրջանի մասին՝ եւ աշխատավարձն էր բարձր, եւ ապահովված էին տաք ու սառը ջրով, կենցաղային պայմանները՝ նորմալ: Դա անցյալում, իսկ ա՞յժմ...այսօր դարձյալ ոչ խմելու, ոչ ոռոգման ջուր չունեն:
Գյուղի ջուրը գալիս է Լուսակերտի Գյումուշ գեսից՝ պոմպերի միջոցով: Տեղի ամառանոցների բնակիչները հիմնական խողովակին արված բազմաթիվ անօրինական միացումներով այնքան են նվազեցրել ջրի քանակը, որ գյուղ գրեթե ջուր չի մտնում, խմելաջուրը օգտագործում են ոռոգման համար: (Մի քանի տարի առաջ ջրի մատակարարման երկարատեւ ընդհատումից գյուղում համաճարակ էր բռնկվել, աղիքային սուր ինֆեկցիա): Փոխարենը դրա դիմաց վճարելու բեռը ընկնում է գյուղացիների վրա: Վերջիններս հրաժարվում են չօգտագործված ջրի փոխարեն վճարել, իսկ վերադաս ատյաններն էլ կառչելով դրանից ասում են՝ չեք վճարի՝ ջուր չենք տա: Գյուղացիներն իրենք պատրաստակամ են վճարել եւ ինչպես իրենք են պնդում դեռ բավականին թվով մարդկանց ջրային տնտեսություններն են պարտք: Գյուղապետ Շ. Թովմասյանը խմելաջրի խնդիրը կապում է նաեւ մղիչ պոմպերի, հոսքագծերի, սնուցող էլեկտրասյուների մաշվածության հետ եւ գտնում, որ այսօր, եթե որեւէ գյուղի ջուր մղվում է պոմպերով, այնտեղ նորմալ ջրամատակարարում չի կարող լինել: Խնդրի լուծումը նա տեսնում է ինքնահոս ջրագիծ ունենալու մեջ, որը իրենք կարող են բերել 15կմ հեռավորությունից: Նա պարզաբանում էր, որ ներկայիս հոսքագծի հետ կապված խնդիրները գոյություն ունեն դեռեւս Խորհրդային տարիներից, Արգել գյուղն այն ժամանակ էլ ուղղակի «նստած» էր այդ ջրագծի վրա, երբ 15.000 գլուխ անասուն էր պահվում Զորավան գյուղի անասնահամալիրում: Մինչդեռ, բոլորովին այլ կարծիք ունեին ջրի խնդրի կարգավորման վերաբերյալ գյուղացիները: Նրանք գտնում էին, որ բացի օբյեկտիվ գործոններից առկա են նաեւ շատ այլ հանգամանքներ եւս: Նրանք դա համարում են նաեւ գյուղապետի անհետեւողականության արդյունքը եւ առհասարակ նրան ոչ կոմպետենտ համարում իր պաշտոնում: Նրա հետ էին կապում նաեւ գյուղում ԱԸՆ-ի, Սնունդ աշխատանքի դիմաց ծրագրի ոչ ճիշտ բաշխումը, որից օգտվում են, հիմնականում, նախագահին յուրային մարդիկ:
Նմանատիպ բողոքները շատ էին եւ ինչպես բանաստեղծը կասեր՝ «Իրենցն ասում են ու քեզ չեն լսում»: Դե գնա ու քեզ պատեպատ խփիր, ինչպես ուզում ես՝ հարցերդ լուծիր: Չես համապատասխանումոչ չափանիշներին, ոչ էլ պայմանականություններին: Նմանատիպ մի իրավիճակի էլ հանդիպեցինք Զորավանում: Արցախյան պատերազմի հաշմանդամ Աբգար Մատյանն առ այսօր չի կարողացել ստանալ իր հաշմանդամության կարգը: Նա երեք անգամ վիրավորվել է, կոնտուզիա ստացել, բայց միակ բուժումը ստացել է Ստեփանակերտի հոսպիտալում, իսկ պատերազմից վերադառնալուց հետո դիմել է բուժծառայություններին՝ հետազոտման, բուժման կուրս անցնելու եւ հաշմանդամության կարգ ստանալու համար, սակայն նրան մերժել էին ասելով. ինչ իմանանք գնացել ես կռվել, թե թալանով ես զբաղվել: Վիրավորված ու նյարդայնացած, Աբգարը այլեւս հրաժարվել էր այս պետության հետ գործ ունենալուց, եթե հայրենիքին արված իր ծառայությունը նման գնահատականի պետք է արժանանա, եթե զինվորի անձնվիրությունը պետք է փոխհատուցվի վիրավորանքով ու արհամարհանքով, ապա ում համար է արել ինքն այս ամենը, ում համար է կյանքը վտանգի ենթարկել, երբ այժմ նույնիսկ բժշկական օգնությունն էլ իրեն շատ են համարում:
Ինչպես կինն ու հարեւաններն էին հավաստում արդեն տաս տարի տառապում է վերքերի ցավերից, գլխի սուր նոպաների ժամանակ կորցնում է զգալու, հասկանալու ունակությունը, իսկ դա կարող է տեւել ժամեր, օրեր: Նա ի վիճակի չէ վաստակել բազմանդամ ընտանիքի ապրուստը, իսկ նրան են նայում հինգ երեխաներն ու կինը: «Ճիշտ է, ես աշխատում եմ, բայց իմ ստացածը ընդամենը 15.000 դրամ է, իսկ դա նույնիսկ մեկ երեխայի դասագրքերի գումարը չի կազմում» ասում է կինը: Միայն բոլորովին վերջերս տեղի տալով ընտանիքի ու հարազատների հորդորներին եւ օրեցօր սաստկացող ցավերին, նա կրկին դիմել է Եղվարդի հիվանդանոց բժշկական զննման մասնակցելու համար. «Մի քանի օրից պետք է կրկին հետզոտման գնա, եւ եթե հաշմանդամության կարգը տան, պետք է ուղարկեն Երեւան հաստատման, բայց չգիտենք այնտեղ էլ կհաստատեն, թե՝ ոչ»,- շարունակում է հուսահատված կինը: Պետության ու նպաստների անիրատեսական չափորոշիչների դեմ էր նաեւ ուսուցիչ Նորայր Ամիրբեկյանի բողոքը. «Մեր ժողովուրդը նմանվել է սպորտային մեքենայի, որին փորձարկում են տարբեր պայմաններում՝ ցեխի, կեղտի, ջրի մեջ եւ որոշում, թե ինչքան կդիմանա: Գյուղի բուժկետը դատարկ է, բայց բոլոր հիվանդները տներում են»:
Զորավանցիները մտահոգված էին նաեւ ընդհանուր գյուղական հիմնախնդիրներով: Գտնում էին, որ շատ հարցեր կարող են լուծում ստանալ, եթե տեղական ղեկավարությունը ունակ լինի դրանք լուծել եւ դրա համար խիստ կարեւորում էին տեղական իշխանությունների ընտրության հարցում եւս չափորոշիչներ մտցնելը, ինչպես ասենք, դա արվում է դպրոցի տնօրենի ընտրության դեպքում: Այստեղ կան մշակված պարտադիր նորմեր՝ բարձրագույն կրթություն, աշխատանքային փորձ եւ այլն, իսկ ինչ է կատարվում տեղական մարմինների ընտրության ժամանակ: Յուրաքանչյուր ոք կարող է դնել իր թեկնածությունը, անկախ նրանից ունի ղեկավարման ունակություն, թե ոչ, կրթական ցենզը կամ աշխատանքային փորձը բավարարում են ղեկավար աշխատանքի համար, թե ոչ: Արդեն հայտնի բան է, որ գյուղական վայրերում ընտրություններում կարող է հաղթել ցանկացած ոք, ով ունի թվային մեծ առավելությամբ ազգություն, իսկ թե ով է ինքը եւ ինչ որակական հատկանիշներ ունի, արդեն կարեւոր չէ: Ընտրությունները անցնում են, իսկ բնակիչները մնում են նույն կոտրած տաշտակի առաջ, նախորդից մնացած խնդիրներին գումարվում են նորերը եւ սայլը տեղից չի շարժվում: Այդուհանդերձ, հպարտ զորավանցիները չեն սպասում որեւէ մեկի խղճահարությանը, նրանք իրենց համարում են առողջ ու կենսունակ, աշխատանքի պատրաստ մարդիկ: Նրանք պատրաստ են փոխշահավետ վարկային ծրագրերով ներդրումներ կատարել գյուղատնտեսության բնագավառում, զբաղվել մանր ու միջին բիզնեսով, թե չէ՝ պետությունը սովորել է միայն հարկերով խեղդել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել