HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի հինգ մարզերում ՏԻՄ ընտրություններ են

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Հայաստանի Արագածոտն, Արմավիր, Արարատ, Սյունիք, Տավուշ մարզերի 317 համայնքներում:

Համայնքների 75%-ում ընտրելու են համայնքի ղեկավարի: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկությամբ` համայնքներից 22-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 80 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 215 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Ընտրություններին կմասնակցեն համայնքի ղեկավարի 408 և ավագանու անդամի 2693 թեկնածուներ:

Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Օրինաց երկիր» կուսակցությունների կողմից նշանակումներ են կատարվել բոլոր 541 տեղամասային ընտրական հանձնաժողովներում: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կողմից նշանակումներ չեն կատարվել 36 ՏԸՀ-ներում, իսկ «Ժառանգություն» կուսակցության կողմից` մեկ տեղամասային ընտրական հանձնաժողովում: 

Դիտորդական առաքելություն են իրականացնում 1 միջազգային (Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրես) և 10 տեղական կազմակերպություններ («Ընտրական համակարգեր կենտրոն», «Կայլաս» ժողովրդավարության աջակցության ՀԿ, «Լեգալ Պրոգրես իրավական ակումբ», «Միավորում» սոցիալական շարժում, «Հանրային դիվանագիտություն», «Հայք» երիտասարդական ազգային պահպանողականների միավորում, «Թրանսփերենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն, «Շահեն» ՀԿ, «Իրավունքի Եվրոպա միավորում»):

«Հետք»-ի թղթակիցները տեղեկություններ կհաղորդեն տարբեր մարզերի մի շարք համայնքներից: Ընտրական օրենսգրքի խախտումներ նկատելու դեպքում կարող եք զանգահարել 010 563 363 և 010 580 219 հեռախոսահամարներին, ինչպես նաև գրել, լուսանկարներ և տեսանյութեր ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Սոցիալական ցանցերում ընտրությունների վերաբերյալ տեղեկություններ հրապարակելիս կօգտագործվի #armlocalvote հեշթեգը:

լուսանկարը` Անահիտ Հայրապետյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter