Անուշ Սեդրակյանը ՀՀԿ-ից արդար և թափանցիկ ընտրություններ է սպասում
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն ու ՀՀԿ անդամ, Աժ պատգամավոր Կարինե Աճեմյանն այսօր փորձեցին ամփոփել ներքաղաքական կյանքի աշունը: Չնայած աշնան ավարտին դեռ տասը օր կա, բայց երկու կուսակցականների գնահատմամբ, պաշտոնանկություններ այս աշնանն այլևս չեն լինի, իսկ ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի` պաշտոնից հեռացվելու լուրը, ինչպես ասում Է Անուշ Սեդրակյանը, սուտ է:
«Կադրային փոփոխությունները բացատրվում են նախընտրական շրջանի տրամաբանությամբ: Գաղափարախոսությունը շատ կարևոր է կուսակցության համար, բայց ավելի կարևոր են կազմակերպչական և գործնական աշխատանքները: Մենք, իհարկե, առաջատար ենք: Այս բարեփոխումները ևս միտված էին ընտրարշավը ճիշտ կազմակերպելուն»,- ասաց ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը:
Սակայն պաշտոնանկությունները Անուշ Սեդրակյանի մոտ բարեփոխման տպավորություն չեն թողել. պաշտոններից հեռացված քաղաքական գործիչները, նրա կարծիքով, հանրապետական կուսակցության վերջին ռեսուրսն էին` ցույց տալու համար, թե երկրում կատարվում են համակարգային փոփոխություններ, մինչդեռ անհատներին պաշտոններից զրկելով` համակարգը չի փոխվում:
Ա. Սեդրակյանի խոսքով` պաշտոնանկությունները եղել են բացահայտ, բայց ոչ թափանցիկ. քաղաքական գործիչները հասարակության աչքի առջև հեռացվել են պաշտոններից, բայց իշխանություններն «այդ քայլերին քաղաքական բացատրություններ չեն տվել»: «Ես էլի ձեզ հետ համաձայն չեմ, ես չեմ կարծում, որ մենք թաքնված բաներ ենք անում, ավելի թափանցիկ երբևէ չի եղել,-հակադարձեց Կարինե Աճեմյանը` ընդհատելով խոսքը (որովհետև լրագրողները ծիծաղեցին), ապա շարունակեց,-բայց, այո', մենք ենք առաջինը ամեն ինչի մասին բացահայտ խոսում»:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ներկայումս ունի 3 hազար գրանցված անդամ: Բանավեճի բնականությունը թույլ չտվեց պարզել, թե ինչքանով են ճիշտ մամուլում տարածված այն լուրերը, թե «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն իրականում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է ստեղծել, և որ դրա ընդդիմադիր կեցվածքը ձևական բնույթ է կրում: Հիշեցնենք, որ նման կարծիք վերջերս հայտնել էր «Սարդարապատ» շարժման համակարգող Ժիրայր Սեֆիլյանը` երիտասարդ կուսակցությունը համարելով նախագահի «պրոյեկտը»:
Հանդիպման ավարտին Անուշ Սեդրակյանն ավելացրեց, որ ինքն, այնուամենայնիվ, ՀՀԿ-ից սպասում է արդար և թափանցիկ ընտրություններ. «Քանի որ ՀԱԿ-ը հետևորդների հսկայական բազմություն ունի: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ևս իշխանություններից տարբերվում է իր հայացքներով: Եվ ստեղծված փակուղուց դուրս գալու և ժողովրդի վստահությունը շահելու միակ ելքը թափանցիկ ընտրություններն են»:
Մարինե Մադաթյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել