
Գլխավոր դատախազի դրամական միջոցների պրոգրեսիան
Այսօր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է նորանշանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հայտարարագրից պարզ է դառնում, որ Դավթյանն իր նախկին պաշտոնում աշխատելու երեք տարիներին հասցրել է 10 միլիոն դրամով ավելացնել դրամական միջոցները: 2013 թվականի հոկտեմբերին ստանձնելով Երեւան քաղաքի դատախազի պաշտոնը` Արթուր Դավթյանը հայտարարագրել էր 8 միլիոն դրամի չափով դրամական միջոցներ: Այսօր նա հայտարարագրել է 18 միլիոն դրամ:
Անշարժ գույքի առումով՝ երկու հայտարարագրերի միջեւ որեւէ տարբերություն չկա. երեք հողամաս, 1 բնակարան, 1 անհատական բնակելու տուն: Արթուր Դավթյանը նախորդ տարիներին վաճառել է իր «VOLKSWAGEN TOUAREG 3.2» մակնիշի ավտոմեքենան եւ այժմ, ըստ նոր հայտարարագրի, ավտոմեքենա չունի:
Նշված չէ, թե ինչ նպատակով, բայց ՀՀ գլխավոր դատախազը 12,5 միլիոն դրամի չափով վարկեր է վերցրել: Հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվում Դավթյանի եկամուտները կազմել են 4,3 միլիոն դրամ, որը նրա ութ ամիսների աշխատավարձն է՝ ստացված երեք տարբեր աղբյուրներից:
Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը Ազգային ժողովի պատգամավորների կողմից ընտրվել է 97 կողմ, 3 անվավեր, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Մեկնաբանել