Արարատ Խանդոյանը դադարեցրել է հացադուլը
Սեպտեմբերի 6-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայր Արարատ Խանդոյանը երեկ կեսօրին դադարեցրել է հացադուլը։
Ինչպես «Հետք»-ին փոխանցեց փաստաբան Արա Կարգյոզյանը, Խանդոյանը հացադուլը դադարեցրել է կնոջ և իր հորդորներով, քանի որ այդ օրերին արյան ճնշման հետ կապված խնդիրներ և սուր գլխացավեր է ունեցել: «Արարատը Արցախյան պատերազմում 12 հրազենային վիրավորումներ է ստացել, հաստաղիքի կեսն է հեռացված, առողջական լուրջ խնդիրներ ունի, և նրան հակացուցված է հացադուլում գտնվելը։ Բացի այդ, հացադուլով որևէ արդյունքի չեն հասնում։ Ինչպես Անդրիաս Ղուկասյանի մեկամսյա հացադուլը արդյունք չտվեց, այնպես էլ այս դեպքում, որևէ փոփոխություն չէր լինելու»,-նշում է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Խանդոյանը հացադուլ էր հայտարարել հետևյալ ուղերձով. «Սույնով հայտարարում եմ, որ քրեաօլիգարխիկ համակարգը իմ նկատմամբ իրականացնում է քաղաքական հետապնդում։ Այդ պատճառով ես սեպտեմբերի 6-ից գտնվում եմ հացադուլի մեջ, քանի որ քրեաօլիգարխ համակարգը հաշվի չի առնում, որ ես հանդիսանում եմ արցախյան ազատամարտի մասնակից, որի ընթացքում 12 անգամ ստացել եմ բեկորային և հրազենային վիրավորումներ, հեռացվել է ձախ երիկամս, փայծաղս, հաստ աղիքիս որոշակի հատված և լյարդիս ձախ բիլթը։ Ռեժիմը սպառել է իրեն, քանի որ ինձ ապօրինի պահում են կալանքի մեջ: Այդ իսկ պատաճռով սկսել եմ հացադուլ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել