Հրաչյա Ռոստոմյան. «Փաշիկ Ալավերդյանն ավելի լավ գիտեր՝ ում ուղարկել Ռիո»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարուղար Հրաչյա Ռոստոմյանն ամփոփել է 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը, խոսել ձեռքբերումների, բացթողումների մասին և անդրադարձել ընդհանուր արդյունքներին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ կայքը:
Ռոստոմյանն ասել է, որ ՀԱՕԿ-ը գործկոմի նիստ կգումարի, որի ընթացքում ավելի մանրամասն կքննարկվեն բոլոր բացթողումները և կորոշվեն կոմիտեի հետագա անելիքները: «Այս օլիմպիական հավաքականում մեծ ապագա է խոստանում ծանրամարտի թիմը: Հենց ծանրորդներն են, որ արդեն 2020 թվականի խաղերին մեծ հույսեր են խոստանում»,-ասել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը:
Գոռ Ներկարարյանի, Վանիկ Ավետիսյանի և Աղասի Աղասյանի մասին.
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն երբեք չի խառնվում հավաքականի ներքին գործերին: Կլինի դա հավաք, մարզում, առավել ևս, կազմի ընտրություն: Փաշիկ Ալավերդյանն ավելի լավ գիտեր՝ ում ուղարկել Ռիո, ում դնել պահեստային: Մի բան հստակ է, եթե Տիգրան Մարտիրոսյանի հետ կապված դոպինգ սկանդալը չլիներ, և նա մեկներ Խաղերին, այս աղմուկը չէր բարձրանա, և մեզ էլ ազգի թշնամի չէիք դարձնի:
Ինչ վերաբերում է աթլետ Գոռ Ներկարարյանին՝ արդեն Ռիոյում պարոն Էմմիյանը մոտեցավ ինձ և ասաց, որ Գոռը վնասվածքով է ժամանել Ռիո: Եթե նա չգար մրցատեղի, մենք ստիպված կլինեինք տուգանք վճարել: Այս հարցին ավելի մանրամասն կարող է պատասխանել միայն պարոն Էմմիյանը:
Ըմբիշ Միհրան Հարությունյանի եզրափակիչ գոտեմարտը բողոքարկելու մասին.
Բոլորդ տեսաք Հարությունյանի եզրափակիչ գոտեմարտը: Տեսաք, թե ինչ անբարո և լկտի ձևով նրանից խլեցին հաղթանակը: ՀԱՕԿ-ը վարձել է միջազգային իրավաբաններ, որոնք աշխատանքներ են տանում մեր բողոքի հայեցակարգի վրա: Այստեղ նրբություն կա. մենք պետք է հստակ ներկայացնենք մեր բողոքարկման պատճառը: Չենք կարող միայն պասիվության համար դիմել դատարան, քանի որ դա ցանկացած մրցավար անհատապես է գնահատում: Հարցը պետք է խորն ուսումնասիրվի համապատասխան մարդկանց կողմից, և հետո նոր հայցադիմում ներկայացվի Լոզանի մարզական վճռաբեկ դատարան:
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի մասին.
Այդ մարզադպրոցը գտնվում է տեղական ինքնակառավարման մարմինների հսկողության տակ: Նրանք են որոշում և տնօրինում իրենց մարզադպրոցները:
Արգելված խթանիչների մասին.
Ցավոք սրտի, խթանիչները սպորտի մեծագույն չարիքն են, որի դեմ պայքարում ենք նաև մենք: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի պահանջով 2013 թվականից Հայաստանում գործում է հակադոպինգային կազմակերպություն: Այն մարզիկն, ում օրգանիզմում կհայտնաբերվեն արգելված խթանիչներ, պարզապես անելիք չի ունենա հայկական սպորտում:
Անդրանիկ Կարապետյանի վնասվածքի մասին.
ՀԱՕԿ-ի ֆինանսավորմամբ Անդրանիկ Կարապետյանը վիրահատվել է Մոսկվայում: Այժմ արդեն վերադարձել է, լավ է զգում իրեն: Աստծո կամոք, հունվար ամսին կվերսկսի մարզումները:
Պետական պարգևների մասին.
Պետական պարգևավճարների մասին ես իրավասու չեմ խոսել: Կասեմ այն, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի, մարզիկներին կպարգևատրի պետության տրամադրած գումարի կրկնակի չափով: Կլինեն նաև այլ անակնկալներ:
Մարզիկների մասին.
Արթուր Ալեքսանյանը բոլոր հնարավորություններն ունի լեգենդար մարզիկ դառնալու համար: Նա կարող է կանգնել այնպիսի մարզիկների կողքին, ինչպիսիք էն Կարելինը, Սայտիևը, Նազարյանը: Մաղթում եմ նրան, որ երբեք չկորցնի հաղթանակների նկատմամբ քաղցը և կարոտը:
Միհրանը այս խաղերին գերազանց էր պատրաստված: Նրա՝ օլիմպիական չեմպիոն դառնալու պահը հասունացել էր: Նման տեխնիկա ունեցող ըմբիշ գրեթե չկա:
Ցանկանում եմ խոսել նաև Արսեն Ջուլֆալակյանի մասին: Այո, Արսենը սայթաքեց, բայց պետք չէ մոռանալ, որ նա տարիներ շարունակ որևէ մրցաշարից առանց մեդալ չի վերադարձել: Նա բազմիցս ապացուցել է, որ բարձր մակարդակի ըմբիշ է:
Ակնկալիքներ կային նաև Բաչկովից, ով նույնպես շատ լավ բռնցքամարտիկ է: Հրաձիգ Հրաչիկ Բաբայանից, ով, լինելով ընդամենը 20 տարեկան, արդեն իր անունն ունի այս մարզաձևում: Նրան փորձի պակասը խանգարեց: Հարություն Մերդինյանը փայլուն հանդես եկավ որակավորման փուլում, լավ կատարեց նաև եզրափակչի ելույթը, սակայն վերջում սխալ թույլ տվեց: Մարմնամարզության հետ կապված՝ ցանկանում եմ ասել, որ ՀԱՕԿ-ը ծրագրում է մեծ ուշադրություն դարձնել մարմնամարզությանն, աջակցել ավելի շատ, որպեսզի Տոկիո-2020-ում մենք ունենանք ոչ թե մեկ կամ երկու մարզիկ, այլ թիմ: Նաև ցանկանում եմ շնորհավորել և շնորհակալություն հայտնել մարմնամարզության ֆեդերացիային՝ ի դեմս պարոն Ազարյանի, մարզիչներ Հակոբ Սերոբյանին և Սոս Սարգսյանին, կատարած աշխատանքի համար:
Հրաչյա Ռոստոմյանը լրագրողներին նաեւ հայտնել է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ Գյումրի քաղաքում կառուցում է մարզական կենտրոն:
«Գյումրիում այժմ կառուցվում է ժամանակակից մարզական կենտրոն (3000 քմ), որտեղ կլինեն ըմբշամարտի, բռնցքամարտի, ծանրամարտի, սամբոյի, ձյուդոյի մարզադահլիճներ, ինչպես նաև հյուրանոցային համալիր և ճաշարան: Այս ամենը ֆինանսավորվում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից: Կարծում եմ՝ մարզական կենտրոնը շահագործման կհանձնվի հաջորդ տարի»,-ասել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել