
Հովիկ Աբրահամյանը դարձավ շարքային պատգամավոր
Այսօր Հովիկ Աբրահամյանը կրկնեց իր հրաժարականի մասին դիմումը, ինչը նշանակում է, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնն արդեն թափուր է: ՀՀԿ-ական պատգամավորների շարքերում իրարանցում է, թե նրանցից ով է զբաղեցնելու ԱԺ նախագահի պաշտոնը:
Մեծ հավանականություն կա, որ այդ պաշտոնում կընտրվի ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Չի բացառվում նաև, որ մինչև խորհրդարանական ընտրություններն ընկած ժամանակահատվածում ԱԺ-ն նախագահ չունենա և բավարարվի միայն պաշտոնակատարով:
Սակայն վերջին օրերին ակտիվորեն շրջանառվում է այն տեղեկությունը, որ ԱԺ նախագահ է ընտրվելու Հերմինե Նաղդալյանը: Իսկ եթե ԱԺ նախագահ ընտրվի Ս. Նիկոյանը, ապա Հ. Նաղդալյանին կհասնի ԱԺ փոխնախագահի պաշտոնը:
ՀՀԿ մամուլի խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ն դեռ չի քննարկել ԱԺ նախագահի հավանական թեկնածուի հարցը:
«Հանրապետականը նման կարևորագույն հարցերին անդրադառնում է կուսակցության գործադիր մարմնի կամ խորհրդի նիստերի ժամանակ: Վերջին նիստին այդ թեմային չենք անդրադարձել, քանի որ կոռեկտ չենք համարել Հովիկ Աբրահամյանի նախագահ եղած ժամանակ այդ մասին խոսել: Այս պահին որևէ քննարկում չի եղել, և քննարկման օրն էլ հայտնի չէ»,- ասաց Է. Շարմազանովը:
Նշենք, որ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի հոդված 19-ի՝ «Եթե Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր է, ապա Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարում է Ազգային ժողովի նախագահի այն տեղակալը, որը պաշտոնում ընտրվելիս ստացել էր առավել շատ ձայներ»:
Էդուարդ Շարմազանովն ասաց, որ փոխնախագահներից Սամվել Նիկոյանն ավելի շատ ձայներ է ստացել, քան Սամվել Բալասանյանը, ուստի օրենքի ուժով այսօրվանից ԱԺ նախագահի պաշտոնակատարը Սամվել Նիկոյանն է:
Մեկնաբանել