HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյան. «Մեզ համար առաջնահերթություն է Վրաստանի հետ երեք սահմանակետերի արդիականացումը»

Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստի ավարտից հետո Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Տիգրան Սարգսյանն ու Նիկա Գիլաուրին ստորագրել են hայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստի արդյունքների վերաբերյալ արձանագրությունը: Այնուհետև տեղի է ունեցել կառավարությունների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը, որի սղագրությունը ներկայացվում է ստորև:

Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրի - Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աշխատել են այս արձանագրության վրա: Փորձագետները թե Հայաստանի, թե Վրաստանի կողմից բավականին լավ աշխատեցին: Արձանագրության մեջ արծարծվում է սոցիալական, տնտեսական և այլ բնույթի 19 հարց:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան - Ես առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի վարչապետին ջերմ ընդունելության և ստեղծված հիասքանչ աշխատանքային պայմանների համար: Շնորհակալություն եմ հայտնում նաև աշխատանքային խմբերի մասնակիցներին, որոնք մեծածավալ աշխատանք կատարեցին: Այդ աշխատանքի արդյունքներն արձանագրվեցին այսօր մեր ստորագրություններով: Տասնյակ հարցեր քննարկվեցին, որոնք, մեր համոզմամբ, նպաստելու են հայ-վրացական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը:

Հարցս ուղղում եմ Վրաստանի վարչապետին: Ի՞նչ եք մտածում Երևան-Բաթում չվերթերի հաճախականացման և դրանց սակագների նվազեցման մասին: Եվ երկրորդ հարցս, կոնկրետ ի՞նչ ծրագրեր կան հայ-վրացական սահմանային անցակետերի արդիականացման վերաբերյալ:

Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրի - Երևան-Բաթում չվերթը շատ շահավետ է մասնավոր ընկերությունների համար: Ավիաընկերություններից ոչ մեկը պետական չէ, բոլորը մասնավոր են, և համապատասխանաբար նրանք որոշ չափով որոշում են՝ այս կամ այն չվերթը շահավե՞տ է, թե՞ ոչ: Ըստ իս, պետք է, որ շատ շահավետ լինի: Կոչ եմ անում և հայկական, և վրացական ավիաընկերություններին մտածել Երևան-Բաթում չվերթի մասին: Մենք կառավարությունների մակարդակով ձեռք ենք բերել համաձայնություն բաց երկնքի վերաբերյալ, համապատասխանաբար, ցանկացած ընկերություն կարող է իրականացնել չվերթներ: Դա նրանց համար ձեռնտու պետք է լինի, քանի որ իսկապես շատ մեծ է դրանց պահանջարկը:

Երկրորդ հարցի վերաբերյալ. հիմնականում ծրագիրը հետևյալն է՝ հայկական և վրացական անցակետերի աշխատանքը դարձնել միասնական: Այդպիսի միասնական վարման մեկ նախագիծ արդեն իրականացրել ենք վրաց-թուրքական սահմանին՝ Սարփիում, և համոզվել ենք, որ դա շատ արդյունավետ է: Կրկնակի կրճատվում է սահմանն անցնողների ժամանակի ծախսը: Երկու անգամ սահմանը հատելու փոխարեն կանցնեն մեկ անգամ: Նույն ծրագիրն ուզում ենք իրականացնել հայ-վրացական սահմանին, և հուսով եմ որքան հնարավոր է՝ շուտ:

Գործընկերս արդեն նշեց ավիաչվերթների վերաբերյալ, սակայն հայտնի է, որ հայ զբոսաշրջիկները հիմնականում Վրաստան են գալիս մեքենաներով: Հայտնի է, որ կա ծրագիր Երևան-Բաթում ճանապարհի կառուցման վերաբերյալ, որով կկրճատվի ժամանակը: Ի՞նչ փուլում են աշխատանքները, և ե՞րբ դրանք կավարտվեն:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան - Երկու շաբաթվա ընթացքում մենք պետք է ամփոփենք Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության մրցույթի արդյունքները: Այդ ծրագիրն իրականացնում ենք Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ: Առաջին անգամ Հայաստանն ունենալու է ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխանող ավտոճանապարհ, որի երթևեկության չափանիշներն այնպիսին են, որ մեծ արագությամբ մեքենաները կարող են հատել Հայաստան-Վրաստան սահմանը:

Մեր վրացի գործընկերները ևս նմանատիպ ծրագրեր իրականացնում են Ասիական զարգացման բանկի հետ: Այս մեծածավալ ծրագրի ավարտը հնարավորություն կտա, որ մեր քաղաքացիները հասնեն Բաթում ավելի որակյալ ճանապարհներով: Դա մի կողմից էապես կկրճատի ժամանակը, ճանապարհը կլինի հարմարավետ, և, բնականաբար, կխթանի զբոսաշրջիկների հոսքը դեպի Բաթում:

Հարցս ուղղում եմ երկու վարչապետերին: Ստորագրված արձանագրության մեջ որո՞նք են ձեր հիմանական առաջնահերթությունները:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան  - Մեզ համար առաջնահերթություն է այսօր երեք սահմանակետերի արդիականացումը: Եվրամիության ֆինանսական օժանդակությամբ մենք սկսելու ենք շինարարությունը 2012 թ.-ին, և երեք անցակետերը համապատասխանեցնելու ենք լավագույն միջազգային չափանիշներին: Ինչպես Վրաստանի վարչապետը նշեց, մենք ցանկանում ենք, որ մաքսազերծման նոր մեթոդաբանություն ներդրվի. մեր մաքսային կետերը դիտարկենք որպես միասնական, ինչը մեր քաղաքացիների և բիզնեսի համար հարմարավետ է դարձնում հայ-վրացական սահմանը հատելը:

Երկրորդ առաջնահերթությունը համատեղ զբոսաշրջային երթուղիներ մշակուելն է՝ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հովանու ներքո, ինչն արձանագրվել է նաև այսօր: Դա առաջին հերթին վերաբերում է եվրոպական զբոսաշրջությանը: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եվրոպացի զբոսաշրջիկները նախապատվություն են տալիս մեկ շաբաթվա ընթացքում երկու երկիր այցելելուն: Դա նշանակում է, որ մենք պետք է համատեղ զբոսաշրջային երթուղիներ մշակենք:

Մեր երրորդ առաջնահերությունը համատեղ ենթակառուցվածքներն են, մասնավորապես էներգետիկայի ոլորտում: Բարձրավոլտ էներգետիկային վերաբերող ենթակառուցվածքների շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են, և դրանք նույնպես համատեղ առաջնահերթություններ են մեզ համար:

Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրի - Ես կընդգծեի երկու կարևոր նախագիծ, որոնք իրականացվում են Հայաստանի և Վրաստանի միջև: Նախ, միասնական անցակետերը, ինչը կարևոր է առևտրի համար, եթե հատկապես հաշվի առնենք, որ այս տարի անցյալ տարվա համեմատ առևտրաշրջանառությունն աճել է 42 տոկոսով: Անցակատերի արդիականացումը կարևոր է նաև զբոսաշրջիկների համար, որպեսզի հեշտանա Հայաստանի քաղաքացիների մուտքը Վրաստան և հակառակը:

Երկրորդ կարևոր հարցը էներգետիկան է: Վրաստանից Հայաստան գնացող բարձրավոլտ էլեկտրահաղորդակցության լարերը կբարեկարգվեն, ինչը կապահովի երկու ժողովուրդների անվտանգությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter