HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գները բարձրացել են

Արմինե Ուդումյան

Մեր հավաստի տեղեկությունների համաձայն, առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ մի շարք կուսակցություններ, որոնք ազնիվ մրցապայքարում հաղթելու (այսինքն 5 տոկոսի արգելքը հաղթահարելու) ոչ մի շանս չունեն, աշխատում են «ավանդական եղանակով» ընտրվելու ուղղությամբ: Ցավոք, չենք կարող նշել հրապարակվող տեղեկությունները հայտնած իրավասու անձանց (աղբյուրների) ոչ անունները, ոչ էլ պաշտոնները, նրանց չվտանգելու համար:

Հիշյալ կուսակցությունները մտադիր են համապատասխան չափով ձայներ հավաքել ընտրակաշառքի միջոցով: Գրեթե բոլորին հայտնի այս տեղեկությունը «Hetq»-ին փոխանցելուց հետո նույն աղբյուրն ավելացրեց, որ վերջիններս «գործին» մոտենում են ամենայն լրջությամբ, կատարում են ստույգ հաշվարկներ: Այսպիսով, զրոյականին ձգտող վարկանիշով կուսակցություններց մեկը անհրաժեշտ ձայների քանակը հաշվարկել է հետեւյալ կերպ. ընտրություններին միջինը մասնակցում է 1 միլիոն 200 հազար մարդ: Սրա 5 տոկոսը կազմում է 60 հազարը: Որպես կանոն, միջինը 50 հազար ձայն անվավեր է ճանաչվում: Բայց ապահովության համար կուսակցությունը սա չի հանում «գնելիք» ձայների քանակից:

Հայտնի են նաեւ ընտրակաշառքի «սակագները». միջինը 5000 դրամ մեծամասնականի համար, համամասնականի համար՝ ավելի քիչ, որովհետեւ «մրցակցությունն» անահամեմատ փոքր է (այսինքն համամասնականի համար գումար առաջարկողները քիչ են): Սակայն կուսակցությունը հաշվել է. եթե նույնիսկ 5000 դրամով գնվեն ձայները, էլի ձեռնտու է: Քանի որ այս գործը բռնածներից խելացիներն ավելորդ փողեր չեն ծախսում նախընտրական հանդիպումների, մարզերում այցելությունների վրա, ուստի մի 500 հազար դոլար հաստատ կճարվի խորհրդարան մտնելու համար: Իսկ եթե հաշվի առնենք նաեւ այն, որ ոչ բwլոր ձայներն են, որ կանխիկ փողով են «գնվելու», ապա կուսակցությունն էժան կպրծնի:

Նմանատիպ մեկ այլ կուսակցություն նույնքան մանրակրկիտ չի «ուսումնասիրել» ձայների գնման տեխնոլոգիան, որպես ընտրազանգված ընտրելով էլեկտրաէներգիայի դիմաց խոշոր պարտք ունեցող ընտանիքներին, ինչի պատճառով յուրաքանչյուր մեկ ձայնն ավելի թանկ է նստել անփորձ այդ կուսակցության վրա: Կուսակցությունը մարել է 30 հազար դրամից ավելի պարտքերը: Իսկ մեկ ընտանիքը միջինը 2-4 ընտրող ունի: Հանրապետության գյուղերից մեկում ձայների աճուրդ է. մեծամասնական կարգով առաջադրված թեկնածուներից մեկը խոստացել է առնվազն 2-3 հազար դրամով ավելի վճարել յուրաքանչյուր ձայնի համար, քան իր հիմնական մրցակիցը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter