HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տավուշի աղքատության բնութագիրը

Օրերս ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի Հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) հանձնախումբը նախագահ Լիզ Գրանդեի գլխավորությամբ այցելեց Տավուշի մարզ: Իջեւանի մարզպետ Արմեն Ուլարյանը նրանց ծանոթացրեց մարզի այսօրվա խնդիրներին նշելով, որ մեր երկրում առկա բոլոր խնդիրներին Տավուշի մարզում գումարվում է եւս մեկը՝ նրա սահմանամերձ գոտի լինելու հանգամանքը (սահմանային ամենամեծ հատվածն է հարեւան Ադրբեջանի հետ), չմշակվող, հրետակոծված հողատարածքներ ու բնակելի տներ եվ այլն:

Տիկին Գրանդեն ներկայացրեց ՀԶՆ ութ նպատակները՝ աղքատության ու սովի վերացում, ընդհանուր տարրական կրթության ձեռքբերում, օժանդակություն սեռերի հավասարությանը եւ կանանց իրավունքների ընդլայնում, երեխաների մահացածության նվազեցում, մայրական առողջության բարելավում, պայքար ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի, մալարիայի ու այլ հիվանդությունների դեմ, շրջակա միջավայրի պահպանության ապահովում եւ զարգացման համար գլոբալ համագործակցության ստեղծում:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողն ուշադրության արժանացրեց այն հանգամանքը, որ ՄԱԿ-ի անդամ 190 երկրների հետ միասին Հայաստանը եւս ստորագրել է «Հազարամյակի հռչակագիրը», եւ այդպիսով պարտավորվածություն ստանձնել մինչեւ 2015թ. հասնել այդ նպատակների իրագործմանը: Անդրադառնալով հռչակագրի յուրաքանչյուր կետին նա առավել մասնավորեցրեց դրանք եւ պարզաբանեց ներկաների համար դրանց իրագործման կարեւորությունը: Քննարկումներ ծավալվեցին միայն Նոյեմբերյանում: Մասնակիցները ներկայացրին քաղաքի ու շրջակա գյուղերի աղջեւ ծառացած խնդիրները, որոնք վերը նշված ծրագրի համատեքստում էին: Տարածաշրջանի սոցիալական հիմնախնդիրները լուծելու եւ դրանց հաղթահարման համար նրանք կարեւորեցին մանր եւ միջին բիզնեսի զարգացումը, մսի արտադրությանը զարկ տալը, առողջապահության, գյուղատնտեսության բնագավառներում ներդրումներ կատարելը: Այստեղ, հատկապես կարեւորվում էր Նոյեմբերյանի հայտնի դեղձենիների այգիների վերականգնումը երկարաժամկետ վարկերի տրամադրման միջոցով (մինչեւ հինգ տարի ժամկետով), որը գյուղացուն հնարավորություն կտար նախ դրանք հասցնել բերքի եւ ապա ստացված շահույթից կամաց-կամաց մարել պարտքերը: Նոյեմբերյանի հիվանդանոցի տնօրեն, բժիշկ Հենրիկ Հարությունյանը վերջին տարիներին մարզում տիրող սոցիալական ու առողջապահական վիճակը խիստ մտահոգիչ համարեց: Կտրվածությունը քաղաքի ու գյուղերի միջեւ, ինչպես նաեւ՝ վերջիններիս եւ մարզկենտրոնի միջեւ՝ հնարավորություն չեն տալիս առողջապահական խնդիրների նպատակային եւ ժամանակին լուծմանը: Հղիներն անուշադրության են մատնված, ավելացել են հղիության պաթոլոգիաները. 2002թ.-ին Նոյեմբերյանում ծնվել է զանազան շեղումներ ունեցող 83 երեխա, 03թ.-ի կեսերին նրանց թիվը հասնում է 35-ի: Արատների, անհաս երեխաների թիվը 2002թ.-ին 19 է եղել, 03թ.-ի կեսերին հասել է 11-ի, կեսարյան հատումները 2002թ.-ին 36 է եղել, 03թ.-ին՝ 22: Վերջին մեկ եւ կես տարվա ընթացքում մեռելածնության 2 դեպք է գրանցվել: Ուրախացնող միակ փաստը ծնունդների աճն է՝ 2002թ. 390 երեխա, 03թ.-ին՝ 212 ծնունդ:

Մայրական ու մանկական առողջության պահպանման եւ դրա բարելավման համար նա նպատակահարմար համարեց նախ վերականգնել կապը կենտրոնի ու հարակից գյուղերի միջեւ եւ տարածաշրջանի հիվանդանոցին կից ստեղծել բրիգադներ, որոնք այցեր կկատարեն տեղամասեր: Պրն. Հարությունյանն ՄԱԿ-ի ներկայացուցիչներին առաջարկեց հնարավորության դեպքում իրենց ապահովել էխոյի շարժական, մանկական գաստրոսկոպիկ ապարատներով, լաբորատոր սարքավորումներով: Եվ քանի որ հղիության պաթոլոգիաները ֆինանսավորվում են 10%-ի չափով, իսկ պրակտիկորեն դա շատ քիչ է, հիվանդների սոցիալական անբավարար վիճակն էլ թույլ չի տալիս հոգալ իրենց դեղորայքի ու սննդի ծախսերը, կարելի է այդ բրիգադների հետ համատեղել նաեւ նմանօրինակ օգնության կազմակերպման աշխատանքները: Ըստ իրեն՝ դա կլիներ հարցի լուծման ամենաողջամիտ տարբերակը:

Ելնելով մարզի սահմանամերձ գոտի լինելու հանգամանքից քննարկվեց նաեւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հնարավոր առկայության եւ դրա հայտնաբերման համար ստուգումների անցկացման անհրաժեշտության խնդիրը: Ինչին իպատասխան պրն. Հարությունյանը նշեց, որ քիչ թվով ՄԻԱՎ վարակակիրներ կան, իսկ ինչ վերաբերում է դրանց հայտնաբերման համար անհրաժեշտ լաբորատորիաների առկայությանը, դրանք ուղղակի անհրաժեշտություն են: Սակայն, հստակեցրեց, որ մարզային կառույց ստեղծելն անարդյունավետ կլինի, լաբորատորիաներ պետք է լինեն յուրաքանչյուր հիվանդանոցում:

Խնդիրներ կային նաեւ կրթության, արտագաղթի, սոցիալապես խիստ անապահով ընտանիքների հետ կապված: Առաջին երկուսը դարձյալ սերտորեն շաղկապվում էին սոցիալականին: Այրումի համայնքապետը շեշտեց, որ միայն իրենց գյուղից դրա արդյունքում արտագաղթել է 800 բնակիչ, իսկ Ոսկեվան գյուղի համայնքապետը նշեց, որ չնայած բավական թվով բնակիչներ ստանում են Աղքատության ընտանեկան նպաստ (ԱԸՆ), բայց կան առավել չքավորները, որոնք դրանից էլ են զրկվում թղթատարական այս կամ այն նորմին չհամապատասխանելու պատճառով:

Այս բազմաբովանդակ ու դժվարին խնդիրներին նվազագույն լուծում տալու համար արդյո՞ք կան բավարար պայմաններ, ինչպես են պատկերացնում դրանց հասնելու ուղիները եւ որքա՞ն կկազմի աղքատի նվազագույն զամբյուղը 2015-ից հետո՝ ինչպես նախատեսվում է ՀԶՆ-ի ծրագրով: Այս հարցերն ուղղվեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին, որոնց Լիզ Գրանդեն պատասխանեց հետեւյալ կերպ: Նա կարծիք հայտնեց, որ աղքատության նվազեցման համար անհրաժեշտ են երկու առանցքային բաղադրիչներ՝ տնտեսական աճ եւ այդ աճի արտացոլումը յուրաքանչյուր ընտանիքում, այլ խոսքով, տնտեսական աճը պետք է զուգակցվի սոցիալական արդարությամբ ու հավասարությամբ:

«Ինչ վերաբերում է աղքատության մակարդակին 2015թ.-ից հետո, շատ դժվար է ասել, թե ինչպիսին կլինի այդ շեմը: Սակայն կարծում եմ, որ Հայաստանը վճռականորեն է ընթանում այդ ուղղությամբ եւ հույս ունեմ, որ կապահովի տնտեսական աճը: Իրականում, ամենակարեւոր խնդիրը նրանում է, որ ապահովենք յուրաքանչյուր քաղաքացու արժանապատիվ ապրելու հնարավորությունը, այլ ոչ թե՝ ինչ թիվ կլինի դրամական արտահայտությամբ»: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն ընդգծեց, որ արժանապատիվ կյանք ասվածը պետք է ընկալել այսպես. մարդը սոված չէ, կարողանում է երեխային ուղղարկել դպրոց, կարողանում է օգտվել առողջապահական ծառայություններից, կազմակերպել իր հանգիստը: «Անընդունելի է, երբ երկրում բնակչության մի մասն ունի այս հնարավորությունը, իսկ մյուսը՝ ոչ»,- ավելացրեց տիկին Գրանդեն:

Մետաքսե Պետրոսյան

լուս` Արա Օշականի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter