HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճոպանուղին` տրամվայների ճակատագրից հեռու

«Երեւանի ճոպանուղին, չնայած առկա դժվարություններին, չի արժանանա տրամվայների ճակատագրին»,- այս մասին մեզ տեղեկացրեց «Երեւանի ճոպանուղի» ԲԲԸ-ի տնօրեն Գրիգոր Ջանյանը: 

Ճոպանուղին աշխատում է1967 թ.-ից: Տնօրենի խոսքերով` 90-ականների մութ տարիներին այն չի աշխատել ընդամենը 6 ամիս: «Այդ տարիներին,- պատմում է տոմսավաճառ Մարտուն Խաչատրյանը,- հաճախ էր պատահում, երբ էլեկտրաէներգիայի ընդհատման պատճառով վագոնը մնում էր կես ճանապարհին, բայց մենք վագոնը տեղ էինք հասցնում` ճոպանները ձեռքով քաշելով: Այսօր էլ այդպիսի դեպքերը բացառված չեն,— մեկ-մեկ ստիպված ենք լինում հիշել այդ տարիները»: Տնօրեն Գ. Ջանյանն ասաց, որ օրական ճոպանուղուց օգտվում է մոտ 500 մարդ,որոնցից 20-22%-ը` անվճար հիմունքներով: Իսկ նրանց երթեւեկության համար պետությունը չի վճարում,— դրա հետեւանքով պետության պարտքն ընկերությանը հասնում է 7մլն դրամի: «Եթե վճարեր, մեր առաստաղն այսօր այսպիսի տեսք չէր ունենա»,- ասաց տնօրենը` մեր ուշադրությունը հրավիրելով աշխատասենյակի ճաքճքված պատերի եւ առաստաղի վրա: Իսկ ուղեւորներից մեկի` Լիպարիտ Համբարձումյանի խոսքերով` ճոպանուղու նախասրահի լուսամուտների ապակիները գոնե տարին մեկ անգամ լվանալը մեծ ֆինանսների հետ այնքան էլ կապ չունի: «Մենք սովոր ենք նման վիճակի, մենք հեչ, բայց այստեղով ամեն օր բազմաթիվ տուրիստներ են գնում-գալիս, հյուրասերի համբավ ունեցող մեր ազգի համար դա այնքան էլ պատվաբեր չէ»:

 Գ. Ջանյանի խոսքերով` ճոպանուղին ամեն տարի վերանորոգվում է: «Սա այն եզակի հիմնարկություններից է, ուր ժամանակին են վճարվում աշխատավարձերը»,- ասացին տոմսավաճառները:

Ուղեւորները հիմնականում ուսանողներ են, քանի որ ճոպանուղին մոտ է գտնվում բուհերին: Ուղեւորների համար Երեւանի ճոպանուղին ոչ միայն տրանսպորտի, այլեւ զվարճության յուրօրինակ միջոց է: «Հաճախ եմ ճոպանուղի նստում թոռնիկներիս հետ, մեզ հաճելի է քաղաքը բարձրից տեսնել»,- ասում է Բուրաստան Համբարձումյանը:

Արմենուհի Բրուտյան, Թամարա Գուրգենյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter