HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օտար երգիչները երգում են հայոց ցեղասպանության մասին

14 երկրների արվեստագետներ, այդ թվում նաեւ Թուրքիայի ներկայացուցիչը, ապրիլի 24-ին տարբեր լեզուներով երգելու են կոմպոզիտոր Արա Գեւորգյանի «Ադանա» երգը, որի բառերի հեղինակը ծագումով իսպանացի, ամերիկացի երգիչ Դանիել Դեքերն է: Երգի սկզբում երգիչ-երգչուհիներից յուրաքանչյուրը համառոտ պատմում է, թե ինչ է տեղի ունեցել Արեւմտյան Հայաստանում 1915 թվականին, որից հետո հնչում է երգը:

Ահա այդ երգիչ-երգչուհիների անունները.

 Դանիել Դեքեր - ԱՄՆ

 Ինկա - Ֆինլանդիա

 Կայ Աուհագեն - Գերմանիա

 Ալեսիա Պլեսկա - Իսպանիա

 Վիտալիե Դանի - Մոլդովա

 Տատո - Իտալիա

 Ցվետան Ցվետկով - Բուլղարիա

 Ռուդոլֆ Ռուիվենկամ - Հոլանդիա

 «Ռետրո» դուետ - Ռումինիա

 Վիտալի Մաչունսկի - Ռուսաստան

 Լուիզ Վեռներ - Շվեդիա

 Սվետլանա Խանին Էսթեր Լիվշից - Իսրաել

Թուրքիա (Թուրքիայի ներկայացուցչի անունը, հասկանալի պատճառներով, գաղտնի է պահվում):

 Կենտրոն համայնքի «Կիլիկիա» երգչախումբ (գեղարվեստական ղեկավար` Մարիկա Եդիգարյան) - Հայաստան (հայկական տարբերակի տեքստը կարդում է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը):

Երգը առայժմ հնչել է միայն Դանիել Դեքերի կատարմամբ: Այժմ աշխատանքներ են տարվում արաբերեն, պարսկերեն եւ ֆրանսերեն տարբերակների վրա: Նկարահանվել է երեք տեսահոլովակ ֆին երգչուհու, ամերիկացի եւ գերմանացի երգիչների կատարմամբ, որտեղ նրանք երգում են Ծիծեռնակաբերդի անմար կրակի կողքին կանգնած: Բոլոր երգիչները անվճար են աշխատել: Ձայնագրությունների մեծ մասը կատարվել է «Արա Գեւորգյան» ձայնագրման ստուդիայում, շվեդ ու հոլանդացի երգիչները ձայնագրվել են իրենց երկրներում, մոլդովացուն եւ ռումինացուն Արա Գեւորգյանը անձամբ ձայնագրել է հենց Մոլդովայում: Այս նախաձեռնության հեղինակը, ըստ Արա Գեւորգյանի, Երեւանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանն է, սակայն աջակցել են նաեւ տարբեր անհատ մարդիկ` Մոլդովայի հայկական համայնքի նախագահ Վեներա Գասպարյանը, Աիդա Կակոսյան-Դավիթ Խաչատրյան ընտանիքը եւ այլն:

Արա Գեւորգյանի խոսքերով՝ ներկայումս նա բանակցություններ է վարում ՀՀ վարչապետի հետ, որը Ցեղասպանության 90-ամյակի հանձնաժողովի նախագահն է, որպեսզի արտասահմանցի այս բոլոր երգիչները (բացառությամբ թուրքի) հրավիրվեն Հայաստան եւ մասնակցեն ապրիլի 24-ին կազմակերպվող միջոցառումներին: Երգիչներն արդեն պատրաստակամություն են հայտնել գալ Երեւան: Ըստ Արա Գեւորգյանի` արտասահմանցի երգիչները մեծ ռիսկի են դիմում այն առումով, որ բոլոր երկրներում էլ շատ թուրքեր կան, որոնք լսարանի բավական մեծ մասն են կազմում, ու նրանք, փաստորեն, կորցնում են իրենց թուրք երկրպագուներին, բացի այդ՝ վտանգվում է նաեւ նրանց կյանքը:

Արա Գեւորգյանը մտադիր է նաեւ ձայնասկավառակ թողարկել, որտեղ տեղադրվելու են տարբեր լեզուներով «Ադանա» երգի տարբերակները, այդ թվում նաեւ MIX տարբերակը (ամեն երգիչ իր լեզվով մի քանի տող է երգելու): Կա մի խնդիր` կապված թուրքերեն տարբերակի հետ. Արա Գեւորգյանի խոսքերով՝ ոչ բոլորին կարող է դուր գալ, որ «Ադանա» երգը հնչում է թուրքերեն: Նա որոշել է խորհրդակցել երկրի նախագահի եւ արտաքին գործերի նախարարի հետ, որպեսզի թուրքերեն տարբերակը թողարկելու դեպքում հանկարծ ազգամիջյան նոր կոնֆլիկտներ չառաջանան:

Արա Գեւորգյանը նաեւ նշեց, որ այս ստեղծագործությունը առեւտրային շահ չի հետապնդում. «Ձայնասկավառակների արտադրման համար հովանավոր ենք փնտրում: Իսկ վաճառքից ստացված ամբողջ հասույթը մտադիր ենք տրամադրել հայոց բանակին. պատճառը մեկն է՝ մենք թույլ ենք եղել, մեզ կոտորել են»:

Երգը հնչելու է ոչ միայն հայկական, այլեւ մյուս երկրների ռադիոհեռուստակայաններով: Կոմպոզիտորի կարծիքով՝ արձագանքը շատ սուր է լինելու:

Քրիստինե Վարդանյան
Անի Ստեփանյան

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրս

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter