HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամներին

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն դարձած Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամներին և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի ներկայացուցիչներին:

Նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ Ս.Սարգսյանը շնորհավորել է հանդիպման մասնակիցներին, ինչպես նաև մեր բոլոր հայրենակիցներին՝ հավաքականի փայլուն հաղթանակի կապակցությամբ, մաղթել հետագա նորանոր հաջողություններ: «Դուք ապացուցեցիք այն պարզ ճշմարտությունը, որ Հայաստանը մի երկիր է առանց սփյուռքի՝ առանց մեր քույրերի ու եղբայրների և մեկ այլ երկիր՝ սփյուռքով: Ակնհայտ է՝ միասնությունը բերում է այսպիսի հաղթանակների»,-ընդգծել է նա: 

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բասկետբոլի հավաքականի անդամներին և նրանց մարզիչներին՝ հրաշալի խաղի ու սպորտային գերազանցության հասնելու նպատակով ներդրած ջանքերի համար: Նա կարևորել է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ սպորտում փոքր երկրների ու ժողովուրդների տաղանդավոր ներկայացուցիչների հաջողությունները, որով նրանք աշխարհում նաև ավելի ճանաչելի են դարձնում իրենց ժողովուրդներին:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներից Սարգսյանը հետաքրքրվել է հավաքականի հետագա ծրագրերի և մեր երկրում բասկետբոլ մարզաձևի զարգացման հեռանկարի մասին: 

Ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը Ս.Սարգսյանին ներկայացրել է ֆեդերացիայի առաջիկա ծրագրերն ու հավաքականի հավակնությունները: Նա նաև շնորհակալություն է հայտնել նրան ջերմ ընդունելության ու ֆեդերացիային ցուցաբերած օժանդակության և ուշադրության համար, որը, նրա համոզմամբ, Հայաստանի հավաքականի հաղթանակի կարևոր խթաններից մեկն է:

Հանդիպման ավարտին Հայաստանի բասկետբոլի հավաքականի մարզիկները հաղթանակի կապակցությամբ Սերժ Սարգսյանին նվիրել են ոսկե մեդալ և թիմի բոլոր անդամների ստորագրություններով գնդակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter